loader
Ապատեղեկատվություններ և բռնության արդարացում Արմենիա TV-ի եթերում

Ապատեղեկատվություններ և բռնության արդարացում Արմենիա TV-ի եթերում

Փետրվարի 18-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև ակումբ» հաղորդաշարի 16-րդ թողարկմանը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում ավագանու Երկիր Ծիրանի և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Հաղորդմանը հրավիրվել էին Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը և Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Դանիելյանը։ Հաղորդման ընթացքում հեռուստաընկերության եթերում մի շարք իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արվել, գրում է Sut.am -ը։

Բռնության արդարացում

Հաղորդման հյուր Արթուր Դանիելյանը Երկիր Ծիրանի խմբակցության անդամների նկատմամբ կիրառված բռնությունն անվանել է «ինքնապաշտպանություն»։ Սկսված քաշքշուկից հետո ավագանու անդամ Մարինե Խաչատրյանը թեև առաջինն է ապտակ հասցրել ավագանու հանրապետական անդամ Էդմոն Կիրակոսյանին՝ ստանալով պատասխան ապտակ, սակայն դրան հաջորդած բռնությունը չի կարող դիտարկվել իբրև ինքնապաշտպանողական քայլ։ Դրա վառ ապացույցն են կադրերը, ուր կարատեիստ Գոռ Վարդանյանը հետևից մոտենում և բռնության գործադրմամբ նիստերի դահլիճից դուրս է շպրտում ավագանու այլ անդամների հետ լեզվակռվի բռնված Մարինե Խաչատրյանին:

Ավելին, հայտնի է, որ ոստիկանությունը, իրականացված հետաքննության արդյուքներով, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին և 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով գործ է հարուցել։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ խուլիգանությունը չի կարող լինել անհրաժեշտ պաշտպանության (ինքնապաշտպանության) միջոց:

«Կանխամտածված ակցիա»

Դանիելյանը նաև պնդել է, որ ծեծկռտուքից հետո կազմակերպված ակցիան եղել է նախապես պլանավորված:

«Իրենց ակցիայից րոպեներ անց քաղաքապետարանի մուտքի առջև արդեն պատրաստի պաստառենրով մեր Ֆեմենի տարբերակը կար, սեռական փոքրամասնությունների  իրավուքնների պաշտպանությամբ զբաղվով ՀԿ-ն կար․․․ րոպեներ անց․․․ այսինքն սա կանխամտածված օպերացիա էր», – հայտարարել է Դանիելյանը, որպես եզրահանգում շարունակելով, որ «երկրում կան դոնորներ, որոնք ստեղծում են այդ լարվածության խմբակներին», իսկ որոշ մարդիկ գրանտ են ստանում ցույց անելու համար:

Այնինչ եթերում հնչած այս «տրամաբանական շղթայի» հիմքում սուտ է: Քաղաքապետարանում ծեծկռտուքը տեղի է ունեցել 11:45-ի շրջակայքում, մինչդեռ դրա դիմաց ցուցարարները հավաքվել են 17։15-ից։ Այսինքն, այն, ինչ ներկայացվում է որպես «րոպեներ անց», իրականում եղել է մոտ 5 ու կես ժամ անց:

Չփորձելով մանրամասն անդրադառնալ ի սկզբանե սուտ տեղեկությամբ սկսված տրամաբանական շղթայի եզրահանգումներին՝ հավելենք, որ տեսանյութերում նաև երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները տեղում պատրաստում իրենց պաստառները։ Որևէ հիմնավորում չունեն նաև պիկետի կազմակերպման համար որոշ կազմակերպությունների կողմից դրամաշնորհի տրամադրման կամ ստացման վերաբերյալ պնդումները։

«Արտաքին գործակալներ»

Որպես Երևանի ավագանիում (և ոչ միայն) լարվածության նվազեցման ճանապարհ բանախոսն առաջարկում է, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվի, որ «ԱՄՆ-ի օրենսդրությունը քոփի-փեյսթ ենք անում, կրկնօրինակում ենք Հայաստաում… ու բոլոր այն կառույցները, որոնք դրսից են ֆինանսավորվում, պետք ա պաշտոնապես իրենց անվան մեջ նշեն, որ իրանք արտաքին գործակալ են»:

Սակայն ԱՄՆ-ում գործող «Արտերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքը ենթադրում է, որ Արդարադատության նախարարությունում որպես «արտերկրյա գործակալ» պետք է գրանցվեն միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց տնտեսական կամ քաղաքական գործունեությունը սպասարկում է արտերկրյա շահեր: Իսկ Դանիելյանի առաջարկած իրավակարգավորումը գործում է Ռուսաստանում և ժողովրդավարության ցածր ցուցանիշներով այլ երկրներում: Հայաստանում նմանօրինակ օրենսդրության ընդունման առաջարկ հնչեցրել էր Երևանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Ավելին, Հայաստանում ամենաշատ արտերկրյա դրամաշնորհեր ստացող կառույցը Կառավարությունն է, որը վեջին 10 տարում ավելի քան կես միլիարդ դոլար է ստացել ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ դոնորներից: Արտերկրյա դրամաշնորհների խոշորագույն շահառուներն են Պաշտպանության, Արդարադատության, Բնապահպանության նախարարությունները և ոստիկանությունը:

Վերջում արձանագրենք նաև, որ ակնհայտ սուտ այս պնդումներից և որևէ մեկը կասկածի տակ չվերցվեց հաղորդումը վարող Արտակ Ալեքսանյանի կողմից, ով առնվազն քաղաքապետարանում տեղի ունեցած բռնության և դրան հաջորդած ցույցի մասին պետք է ծանոթացած լիներ հաղորդմանը նախապատրաստվելիս, եզրափակում է Sut.am -ը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս