loader
Առաջին երեք մեսիջները

Առաջին երեք մեսիջները

Ժամեր առաջ ավարտվեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Դեռ կունենանք հնարավորություն ավելի մանրամասն հասկանալու և վերլուծելու Փաշինյանի ու Սահակյանի ելույթները, ինչպես նաև ընդունված համատեղ հայտարարությունը: Ամեն դեպքում մեկ բան ակներև է՝ հայկական դիվանագիտությունը դադարում է լինել միայն արձանագրող և արձագանքող: Առայժմ երեք մեսիջ, որոնք գտնվում են հայտարարության մակերեսին:

1. Հայաստանը հայտարարեց, որ կշարունակի բանակցություններն Ադրբեջանի հետ՝ անկախ այն հանգամանքից, որ թե՛ Ադրբեջանը, և թե՛ միջազգային հանրությունը դեռևս համաձայն չեն Արցախին վերադարձնելու բանակցային սեղան: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ Արցախի մասնակցության հարցը դուրս է գալիս հայկական դիվանագիտության օրակարգից: Այս հատվածը շատ հիմնավոր հնչեց և ամենակարևորը՝ միջազգային հանրության համար ընկալելի փաստարկներով և բառամթերքով:

2. Հայկական դիվանագիտությունը գտնում է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջազգային հանրության հորդորն ունի շատ ավելի լայն շերտեր և կողմերն ունեն գործելու ավելի մեծ դաշտ՝ ընդհուպ հակառակորդի դաշտում: Բազմազգ Ադրբեջանի համար սա ավելի լուրջ խնդիրներ կառաջացնի, քան մոնոլիտ Հայաստանի և Արցախի համար:

3. Երեք սկզբունքները և 6 տարրերը պարզաբանելու վերաբերյալ: Հայկական դիվանագիտության այս մանյովրի նպատակն է, որպեսզի նախ ժամանակ շահի: Ապա ստիպի, որ միջազգային հանրությունն էլ ավելի բացի խաղաքարտերը: Իսկ դրանք բացելու դեպքում հույս կա, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիրներ կունենա սեփական հասարակության հետ: Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի հասարակությանը պատրաստել են միանգամից ամբողջին տիրելու հեռանկարին:

Երեք սկզբունքները և 6 մոտեցումներն ավելի բացելու դեպքում ադրբեջանական հասարակությունը կհասկանա, որ ամեն ինչ այնքան վարդագույն չէ, ինչպես փորձում է այն ներկայացնել Ալիևի ռեժիմի պրոպագանդան:

Արիս Վաղարշակյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս