loader
Արցախում չբնակվող Արկադի Ղուկասյանի գրասենյակի համար 54 միլիոն դրամ

Արցախում չբնակվող Արկադի Ղուկասյանի գրասենյակի համար 54 միլիոն դրամ

Մայիսի 16-ին կայացած ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումից հետո ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող մի շարք հարցեր:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հարցերը տարբեր ոլորտներից էին:

ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը ողջունել է 2017 թվականին արձանագրված եկամուտների աճը՝ մատնանշելով սակայն մասնակի ֆինանսավորված մի քանի ոլորտ՝ քաղաքացիական պաշտպանություն՝ 74.3 տոկոս, արտակարգ իրավիճակների վարչություն՝ 61.2 տոկոս, գյուղատնտեսական միջոցառումների իրականացման  ծրագրեր՝ 91.2 տոկոս, ջրամատակարարում՝ 88.2 տոկոս:

«Ինչով է պայմանավորված այս ոլորտների մասնակի ֆինանսավորումը» հարցին ի պատասխան՝ Գ.Մարտիրոսյանը նշել է, որ որևէ ոլորտի գծով էական պարտավորություններ չեն կուտակել, իրականացված աշխատանքները ֆինանսավորվել են:

«Եթե առանձին-առանձին դիտարկենք, ապա նշեմ, որ ջրային ոլորտի կատարողականը մասնակի է ֆինանսավորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ոլորտի ընկերությունները կարողացել են ապահովել իրենց տարեկան աշխատանքները, այդ թվում՝ սեփական եկամուտների հաշվին: Ասեմ նաև, որ գյուղատնտեսության նախարարությունը մասնակի սուբսիդավորել է մեխանիկական եղանակով ջրամատակարարումը և այլն,- ասել է Գ.Մարտիրոսյանը և ընդգծել,- սուբսիդավորման ծավալները 100 տոկոսով չեն իրականացվել, քանի որ այդ ֆինանսավորումը ինքնանպատակ չէ և հետապնդում է տվյալ կազմակերպությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակ: Համանման հանգամանքներով է պայմանավորված նշված ոլորտներում ծախսերի 90 տոկոսից ցածր կատարողականը»:

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց 2017 թվականի ընթացիկ ծախսերի գծով ծառայությունների և ապրանքների ձեռքբերման հոդվածով տրամադրված միջոցների աճի վերաբերյալ: 2016-ի համեմատ՝ տվյալ ոլորտի աճը կազմել է 9.9 տոկոս կամ 887.349.0 հազար ՀՀ դրամ:

ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պատգամավորի հարցին ի պատասխան նշել է, որ տվյալ հոդվածով տրամադրվող միջոցների աճը համահունչ է ընդհանուր պետական բյուջեի ծախսերի աճին: «Այստեղ որևէ արտառոց բան չի արձանագրվել: Պետական մարմիների տարբեր ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման գծով ավելացումները պետական բյուջեի ծախսերի շրջանակներում էր: Որևէ քաղաքականության փոփոխություն կամ դասակարգման փոփոխություն այստեղ չենք արձանագրել»,- իր խոսքում նշել է ֆինանսների նախարարը:

Ա.Գաբրիելյանի երկրորդ հարցը 2017 թվականին պետական բյուջեով նախատեսված՝ կառավարության պահուստային ֆոնդից պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակի համար գույք ձեռք բերելու նպատակով 53.760.000 հազար ՀՀ դրամ տրամադրելու վերաբերյալ էր:

«Մեր բյուջեի հաշվին այս շքեղությունը տարակուսանք է պատճառում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պաշտոնաթող նախագահը չի բնակվում Ղարաբաղում»,- ձևակերպել է պատգամավորը: Գ.Մարտիրոսյանը հարցին նշել է, որ հարցին կպատասխանի քննարկումների ժամանակ՝ մանրամասները ճշտելուց հետո:

Աղբյուրը՝ ԱՊԱՌԱԺ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս