loader
Այդ որոշումն անակնկալ էր մեզ համար. Մարուքյան

Այդ որոշումն անակնկալ էր մեզ համար. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին, ասաց, որ դա կուսակցության դիրքորոշումը չի եղել։

«Դա եղել է տիկին Թանդիլյանի անձնական որոշումը` պայմանավորված որոշակի հանգամանքներով, որի վերաբերյալ նա երեկ արտահայտվել է ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Այդ որոշումն անակնկալ էր մեզ համար, միևնույն ժամանակ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Թանդիլյանի որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցը, նա կայացրել է անձնական որոշում: «Դ!եմ եմ» շարժման առաջնորդներից է եղել նա, և բնականաբար, պարտադիր կուտակային համակարգը և դրա նեդրման հետ կապված խնդիրները նրա համար կարևոր նշանակություն ունեն, նշված իրավիճակից ելնելով` նա այդ քայլին է գնացել»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը շեշտեց, որ վարչապետը դեռևս չի ընդունել տիկին Թանդիլյանի հրաժարականի դիմումը, ու երբ ընդունի, իրենք կանդրադառնան հարցին, թե արդյո՞ք ԼՀԿ-ից այլ մեկին կառաջադրեն այդ պաշտոնի համար, թե՝ ոչ: Նա նկատեց, որ այս պահին այլ մարդու չեն քննարկում, որովհետև Թանդիլյանի դիմումը դեռևս ընդունված չէ:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի` կուսակցությունից դուրս գալու որոշմանը, Մարուքյանն ընդգծեց՝ կուսակցությունից դուրս գալու հարցը նույնպես անձնական դաշտում է:

«Որքանով որ մեկնաբանել է տիկին Թանդիլյանը, դա պայմանավորված է նրանով, որ չխոչընդոտի կառավարությանն աջակցելու կուսակցության գործունեությանը: Չնայած ես ձեզ պետք է ասեմ, որ նման խնդիր չկա, Թանդիլյանը կարող էր հրաժարական ներկայացնել, դուրս գալ կառավարության կազմից, բայց կուսակցությունում շարունակեր իր դիրքորոշումը պահպանել»,- հստակեցրեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ Թանդիլյանի՝ կուսակցության անդամակցության դադարեցումը բավականին ցավոտ է իրենց համար, քանի որ վերջինս ԼՀԿ-ի փոխնախագահն է, բայց դա մարդու անձնական որոշումն է, ու իրենք բռնանալ չեն կարող:

Հարցին, թե կուսակցությանն անդամակցումը դադարեցնելն արդյո՞ք չի նշանակում, որ Թանդիլյանը չի ստացել կուսակցության աջակցությունը, Մարուքյանն արձագանքեց. «Թանդիլյանը կուսակցության կողմից ներկայացված նախարար էր և, բնականաբար, ուներ կուսակցության աջակցությունն այդ պաշտոնում: Միևնույն ժամանակ որևէ նախարարություն առանձին չի կարող դիտարկվել կառավարության ընդհանուր գործունեության տրամաբանաությունից, և տիկին Թանդիլյանի նախաձեռնությունն առ այն, որ առաջարկել էր հետաձգել համակարգը, դա նաև մեր կուսակցության դիրքորուշումն է եղել: Բայց միևնույն ժամանակ Կառավարությունը քննարկումների արդյունքում որոշել է այն, ինչ որոշվեց Կառավարության նիստում»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս