loader
Այս հայտարարությունները մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են. Նիկոլ Փաշինյան

Այս հայտարարությունները մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են. Նիկոլ Փաշինյան

Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա և դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դա լինելու է հանդիպո՞ւմ, թե՞ բանակցություն, ինչպես նաև Հայաստանն ինչքա՞ն է պատրաստ սպասել, և եթե Ադրբեջանը չհամաձայնի Արցախը վերադարձնել բանակցային սեղան, ի՞նչ է անելու ՀՀ-ն:

«Անկեղծ ասեմ՝ այն, ինչ որ հրապարակային ասվում է, նորություն չէ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների համար, ո՛չ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար: Այն, ինչ ասել ենք այս ընթացքում, բոլոր շփումներում, օրակարգը ես առաջադրել եմ: Դա նույն օրակարգն է, որը ձևավորվել է 2018-ի մայիսին, և այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք, և ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն՝ ես, ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարեցի, սա մեր կողմից ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը, համենայն դեպս, ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին և նույնը ակնկալում է նաև իրենցից: 

«Այնտեղ, որտեղ գործընկերները համարում են, որ դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա: Եվ ամենակարևորը, իհարկե, սա այն է, ինչ որ մենք սկսել ենք 2018-ի մայիսից, այս հայտարարությունը ես արել եմ 2018-ի մայիսին ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու, վարչապետ ընտրվելուց հետո հաջորդ օրը եղել եմ Ստեփանակերտում և նույն հայտարարությունն արել եմ անտեղ: Այս հայտարարությունները մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են, սրանք երկխոսության գործընթաց են, և այդ երկխոսությունը իրականում նոր չի սկսվել, սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, տեղի է ունեցել Դավոսում, այդ երկխոսությունը չգիտեմ՝ որտեղ տեղի կունենա, և մենք չենք պատկերացնի մի ռեժիմ, որ ասի՝ ես երկխոսությունից հրաժարվում եմ: Դա տրամաբանական մոտեցում չի լինի: Բնականաբար, մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի, և այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Եվ կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս