loader
Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում:

Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը, նշենք, որ օրենքի նախագծի նախավերջին տարբերակը edraft.am-ում դրվել է 2017թ. դեկտեմբերի 1-ին, իսկ առաջարկությունների ներկայացման համար ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբերի 21-ը: Նախագծի վերաբերյալ 41 առաջարկություն է ներկայացվել, որոնցից 25-ը հեղինակել է միայն Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի մասնաճյուղը, 15-ը` «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը և միայն մեկ առաջարկ արվել է այլ անձի կողմից:

Սակայն խորհրդարանական լսումներին ոչ Բաց հասարակության հիմնադրամները և ոչ էլ «Դիսըբիլիթի ինֆո»-ն չեն հրավիրվել: «Դիսըբիլիթի ինֆո»-ն, ըստ էության, պատահաբար է իմացել լսումների մասին և ԱԺ «Ելք» խմբակցության միջնորդությամբ մասնակցել դրանց, իսկ Բաց հասարակության հիմնադրամներում անգամ չեն էլ իմացել լսումների անցկացման մասին:

Սա առավել զավեշտալի (կամ անհասկանալի) է այն լույսի ներքո, որ հունվարի 29-ին հիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամների կողմից կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել էր  նաև ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը և նույն հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանը: Հանդիպման ընթացքում Հիմնադրամի ներկայացուցիչների կողմից հատուկ շեշտվել էր, որ խորհրդարանական քննարկման շրջանակներում իրենց արտահայտվելու հնարավորություն տրվի:

Անգամ ավելին, Բաց հասարակության հիմնադրամներից լսումներ կազմակերպելու կոչեր են ուղարկվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ու բոլոր խմբակցությունների ղեկավարներին: Սակայն, այդուհանդերձ, օրենքի նախագծի մասին ներկայացված առաջարկությունների 60 տոկոսի հեղինակ հիմնադրամի փոխարեն լսումներին հրավիրել են այլ կազմակերպությունների, որոնց զգալի մասի առնչությունը բարձրագույն կրթության ոլորտին անհասկանալի է, փոխանցում է sut.am-ը:

Սակայն սա այս օրենքի նախագծի հետ կապված միակ անակնկալը չէր: Ինչպես հայտնի դարձավ այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթից, կառավարության հաստատած նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք edraft.am-ում հրապարակված նախագծում երբեք չեն եղել:

Մասնավորապես, համաձայն նոր երևան եկած փոփոխությունների (18-րդ հոդվածի 3-րդ մասի)՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմը այսուհետ Կրթության և գիտության նախարարության առաջարկով հաստատվելու է վարչապետի կողմից: Սա նշանակում է, որ բոլոր բուհերի ղեկավար մարմինները կախման մեջ են լինելու վարչապետից ու գործադիր իշխանության այլ ճյուղերից: Այնինչ, այժմ ոչ կառավարությունը, ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը բուհերի կառավարման խորհուրդների անդամներին հաստատելու գործառույթ չունեն:

Բուհերի՝ գործադիր իշխանությունից կախվածության հարցին (անկախության պատրանքին) կանդրադառնանք առաջիկայում, եզրափակում է sut.am-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս