loader
Բոլորին մի արշինով մի չափեք. Հայկազ Բաղմանյան

Բոլորին մի արշինով մի չափեք. Հայկազ Բաղմանյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներից հետո հասարակությունն իրավապահ մարմիններից պահանջում է խուզարկություններ իրականացնել նաև բարձրաստիճան մյուս զինվորականների տներում:

Քաղաքացիների մի զգալի հատված հատկապես պահանջում է ուշադրություն սևեռել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղրամյանի ունեցվածքին և հորդորում ստուգումներ իրականացնել: Տարիներ շարունակ Բաղմանյանի անունը կապվում է բանակի հաշվին հարստացողների հետ: Հայկազ Բաղմանյանը նախ ասաց, որ առանձնատուն չունի, այն պարզապես տուն է, իսկ ԱԱԾ-ն ցանկացած պահի կարող է գալ և խուզարկություն կատարել:

Հարցին՝ ուժայինների՝ իր տուն այցելության դեպքում կրկի՞ն հասարակությունը սենսիացիոն բացահայտման ականատես կլինի, բացասական պատասխան տվեց:

«Միանշանակ՝ ոչ: 100 տոկոս ես թաքցնելու բան չունեմ»,- Հայաստան 24-ի հետ զրույցում վստահեցրեց նա:

Հայաստանից դուրս պարտականությունները կատարող գեներալն ուժայիններին երևանյան  իր տուն է հրավիրում:

«Երեկ կարային գնային: Այսօր, վաղը կարող են գնալ: Տարբեր տարիներին մի քանի անգամ ստուգումներ կատարել են»,- ասաց նա:

Հարցին՝ ԱԱԾ-ն իր տուն այցելության ժամանակ զենք, «տուշոնկա» կգտնի՞, պատասխանելուց առաջ Հայկազ Բաղմանյանը երկար բարձրաձայն ծիծաղեց. «Լա՜վ էլի, հո դու բան չե՞ս... դե, լա՜վ, էտի արդեն...»:

Վերջինս հերքում է, թե ինքը թանկարժեք ավտոմեքենաներն ու բիզնեսները բանակի հաշվին է ձեռք բերել: Նրա խոսքով՝ իր ունեցվածքը կուտակել է 1996-1997 թվականներին: Այդ ժամանակ իր տունն արդեն կառուցված է եղել: Պնդեց, թե բանակից ոչինչ չի թալանել:

«Ես այն պաշտոններին չեմ եղել, որ կարելի էր հարստանալ: Բրիգադի, կորպուսի հրամանատար եմ եղել, այդ պաշտոններում ես չէի կարող հարստանալ: Գլխավոր շտաբի պետի տեղակալ եղած ժամանակ պատասխանատու եմ եղել առաջնագծի համար, այդտեղ հնարավոր չէր ոչ մի բան: Չի կարելի սաղին մի արշինով չափել: Ում ոնց ձեռք է տալիս, ասում է»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակը թալանողները միշտ էլ պատժվել են:

Հիշեցրեց, որ շատ գեներալներ, վարչության պետեր, զորամասի հրամանատարներ են պաշտոնանկ արվել:

Անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտումներին՝ նկատեց, որ իրավապահ մարմինները քաջատեղյակ են, թե ում մոտ ինչ կա: Նրա խոսքով, եթե ԱԱԾ-ն տվյալներ ունենար, որ իր տանն էլ զինվորի բաժին կա թաքցրած, հիմա առաջին իրեն էին այցելել:

Նա նույնպես զարմացած է, թե ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանը զինվորին հասցեագրված սնունդ ու այլ իրեր իր առանձնատանը պահեստավորել, բայց նաև ավելացրեց. «Գրիգորյանը 2009 թվականից արդեն պահեստազորում է: Նա բանակի հետ երկար ժամանակ է՝ կապ չունի, ինչի՞ մասին է խոսքը: ԵԿՄ նախագահն է նաև: Խոսքը հիմա պատգամավորի մասին է»:

Բարձրաստիճան զինվորականը նաև սրտնեղում է այս օրերին բանակի գեներալների հասցեին հնչող հայտարարություններից:

«Կարո՞ղ է այս գեներալներն ազգի թշնամի են: Վերջ ի վերջո, եթե հասել են գեներալի պաշտոնի, ուրեմն՝ ինչ-որ մի ծառայություն են մատուցել երկրին: Եթե մեկը մի բան արել է, չի կարելի դա վերագրել բոլորին ու բոլորի հասցեին վիրավորանքներ հասցնել»,- եզրափակեց Հայկազ Բաղմանյանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս