loader
Չգիտեմ՝ ինչ լիազորություններով օժտված գնամ ու մասնակցեմ  քննարկմանը. Վահրամ Բաղդասարյան

Չգիտեմ՝ ինչ լիազորություններով օժտված գնամ ու մասնակցեմ քննարկմանը. Վահրամ Բաղդասարյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին հանձնարարվել է «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված աշխատանքները: Իոաննիսյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի ՀՀԿ-ից: Իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ն մերժել մասնակցել քննարկումներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախ տարակուսեց, թե ով է ՀԿ-ին հանձնարարել այդ գործով զբաղվել:

«Ես չեմ կարծում, որ որևէ հասարակական կազմակերպություն պետք է քննարկում կազմակերպի: Մեզ այդ հասարարական կազմակերպությունից զանգել են, պատասխանել ենք, որ մենք հանձնախմբի աշխատանքներին ենք մասնակցելու: Չգիտեմ՝ ինչ լիազորություններով ես պետք է ՀԿ-ի հրավերով գնամ ու ինչ-որ քննարկման մասնակցեմ, երբ քաղաքական ուժերն են նախաձեռնում, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ լինեն: Մենք պետք է հրավիրենք, իսկ իրենք ցանկության դեպքում կարող են գալ և մասնակցել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց նա:

Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ վարչապետի հետ պայմանավորվել են ԱԺ-ում հանձնախումբ ստեղծել. 4 խմբակցությունները պատրաստ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ՝ 3-ական ներկայացուցչի ձևաչափով:

«Քննարկումները պետք է սկսենք Ազգային ժողովում, որովհետև Ընտրական օրենսգիրքը մշակում և ընդունում է ԱԺ-ն: Նույն ֆորմատով հանձնաժողով պետք է ստեղծվի նաև կառավարությունում: Մենք պետք է աշխատենք նաև կառավարության հետ, որից հետո պետք է կազմենք ճանապարհային քարտեզ: Հետո քննարկումներ կլինեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, հասարակական կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչների, միջազգային կառույցների, որից հետո քաղաքական կոնսեսուսի կգանք, դրանից հետո Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներ կտարվեն: Կոնսեսուսի դեպքում նոր կբերենք ԱԺ»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը պնդեց, որ իրենք որևէ քննարկումից չեն հրաժարվում: Կլսեն նաև հասարակական կազմակերպությունների կարծիքները:

«Մենք պայմանավորվածությունը չենք խախտում: Առաջինը մենք ենք լծվել հանձնախումբ ստեղծելու գործին»,- նշեց Բաղդասարյանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս