loader
Դժվար է պատկերացնել՝ ռազմաբազայի ղեկավարությունն առանց Մոսկվայի համաձայնության նման քայլի դիմեր. քաղաքագետ

Դժվար է պատկերացնել՝ ռազմաբազայի ղեկավարությունն առանց Մոսկվայի համաձայնության նման քայլի դիմեր. քաղաքագետ

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն ուսումնական վարժանք են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ համայնքում՝ փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։ Բնակիչների խոսքով՝ զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միջադեպին` շեշտելով, որ կատարվածը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին և Հայաստանի ինքնիշխանությանը: Վարչապետը խոստացավ, որ մեղավորները կպատժվեն:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմի արձագանքը սպասվածից էլ կոշտ էր:

«Անսպասելի էր Փաշինյանի կողմից հնչեցված արձագանքը՝ սպասելիից կոշտ էր: Հայաստանի իշխանությունները պետք է հստակ կերպով ներկայացնեն այն բոլոր կարգավորումները, որոնք կապված են այդ ռազմաբազայի գործունեությանը՝ ի՞նչ իրավունք ունեն անելու, ինչ՝ ոչ: Հարցը պետք է ամենաբարձր մակարդակով բարձրացվի և ակնկալվի հնարավոր օբյեկտիվ պատասխան»,- նման տեսակետ հայտնեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Փանիկում տեղի ունեցածն անփութության հետևանք չէր:

«Նման տեսակի զորավարժությունները չեն կարող իրականացվել ստորին կամ միջին մակարդակներում: Նման զորավարժությունների անցկացումը պետք է, որ համաձայնեցված լիներ ռազմաբազայի ամենաբարձր ղեկավարության հետ: Եթե ամենաբարձր մակարդակով դա համաձայնեցված լիներ, պետք է բարձրաստիճան զինվորականները տեղյակ լինեին, իսկ անփութությունն այս դեպքում բացառվում է: Այս վարկածը կարող է գոյություն ունենալ միայն այս պարագայում, եթե այն ռազմաբազայի ստորին մակարդակի մարդկանց որոշելիքը լինի, ինչը խիստ կասկածելի է»,- շեշտեց Վարդանյանը:

Նրա խոսքով, եթե ռուսական կողմի բարձրաստիճան զինվորականների կայացրած որոշմամբ է պրովոկացիոն քայլ եղել, ուրեմն՝ այստեղ մասնակցության դեր ունի Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը, քանի որ դժվար է պատկերացնել, թե Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունն առանց պաշտոնական Մոսկվայի հետ համաձայնեցնելու նման գործողություն կատարեր:

«Եթե սա հարված էր հայ-ռուսական հարաբերություններին, ստացվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունն է ցանկացել: Կամ պետք է սա դիտարկենք որպես պրովոկացիա ինչ-որ ուժերի կողմից, որոնք կապ ունեն Կրեմլի հետ՝ մերձկրեմլյան ուժերի կողմից է կատարվել. այս դեպքում, սա նշանակում է, որ ռուսական ռազմական ոլորտում քաոս է տիրում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը գտնում է, որ այս միջադեպը բազմաթիվ խնդրահարույց հարցեր կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում:

«Նախկինում էլ հարցեր կային: Նոր իշխանությունները խոսում էին, որ դրանցից չեն խուսանավելու և պետք է քննարկեն: Այդ հարցին ավելացավ նաև սա, որին պետք է շուտափույթ լուծում տրվի: Խնդիրը պետք է արագ կարգավորվի: Նորից պետք է ներողություն խնդրեն և այնպիսի պատասխան տան, որը կգոհացնի հայկական կողմին: Այս դեպքում հարաբերությունների վերանայման հարց չի առաջանա, հակառակ դեպքում նման իրավիճակում ռազմական հարաբերությունների մասին խոսել չի կարելի»,- ընդգծեց Էդգար Վարդանյանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս