loader
Մարտի 1. Էդիկ Հարությունյան. Իմ որդին մոր աչքի առաջ մահացավ (լուսանկար)

Մարտի 1. Էդիկ Հարությունյան. Իմ որդին մոր աչքի առաջ մահացավ (լուսանկար)

ԱԺ-ում «2008թ. մարտի 1- 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ՀԱԿ անդամ Առաքել Սեմիրջյանը, հարց ուղղելով ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության պետ տեղակալ Կարեն Բիշարյանին, ասաց.

«Կա՞ արդյոք որևէ ապացույց, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ զենք է կիրառել, կամ որևէ զինված քայլեր պլանավորե՞լ է։ Զոհերից որևէ մեկի մոտ զենք եղե՞լ է, թե ոչ, քանի որ դիպուկահարի առաջին խնդիրն է իր նշանառության տակ առնել զինված մարդուն։ Եթե զինված չեն եղել զոհերը, այդ դեպքում ինչի համար էր դիպուկահարը։ Բացի այդ, 5000 հոգուց ցուցմունք եք վերցրել ու նրանց մոտ որևէ արժեքավոր բան չի եղել սպանությունների մասին։ Ինձ թվում է` այստեղից պետք է սկսել։ 500 վիրավորը ի՞նչ են ասել` ցուցարարներն են իրենց վիրավորել: Զոհերի ծնողների նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ»։

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության պետի տեղակալը նախ հայտարարեց, որ հարցադրումը օրակարգի հարցին չի վերաբերում.

«Հրազեն օգտագործելու մասով նախաքննության փուլում է գործը։ Ապացույցների հավաքման գործընթացը դեռ չի ավարտվել, նախաքննության շահերից ելնելով որոշ տվյալներ չենք հրապարակում»։

Մարտի մեկի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, նրան հարց ուղղելով, հայտարարեց.

«Ամսի երկուսին իմ որդուն տեսնում եմ ձերբակալվածների մեջ։ Դեսպանատան պատի տակ վեց հոգու մեջ իմ որդին էլ կար։ Հիմա ես դա ապացուցող որևէ տեսանյութ չեմ կարողանում գտնել։ Փաստահավաք խումբը արդեն պետք է քններ` իմ որդին բութ գործիքո՞վ է սպանվել, թե՞ դիպուկահարի կրակոցի՝ լուծարվեց։ Իսկ դուք պարզե՞լ եք, թե ինչպես է զոհվել իմ որդին, իսկ ես ճիշտը գիտեմ` իմ որդին մոր աչքի առաջ հիվանդանոցում մահացավ»։

Կարեն Բիշարյանն ի պատասխան ասաց. «Եթե ճիշտը գիտեք, ապա նախաքննության մարմինը կարող է ձեզ հարցաքննել։ Դուք լուսանկար եք ներկայացրել, փորձաքննություն է այն անցել ու պարզվել, որ դա այլ մարդու պատկեր է, այլ ոչ թե ձեր որդին էր»:

«Ինձնից լավ ոչ մեկ չէր կարող ճանաչել իմ որդուն։ Որոշ մարդիկ վախեցան այդ տեսանյութը տալ ինձ։ Տեսանյութը հեռուստատեսությամբ եմ տեսել ու այդ 20 վայրկյանը այլևս չկա»,-հայտարարեց Էդիկ Հարությունյանը։

«Պարոն Հարությունյան, հարցում կանենք ոստիկանությանը` այդ տեսանյութը ձեռք բերելու համար»,- վստահեցրեց Կարեն Բիշարյանը։

Սամվել Հարությունյանի լուսանկարը

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս