loader
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը չկայացավ

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադարձավ նիստերի դահլիճ և հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում, հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում, նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց Կամո Արեյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում ընտրում էր քաղաքապետ: Առաջադրված միակ թեկնածուն Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ, այդ թվում՝ «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները: 

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին սահմանված կարգով պետք է նոր քաղաքապետ ընտրի, սակայն ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ ավագանու արտահերթ ընտրություններին ո՛չ թեկնածու են առաջադրելու, և ո՛չ էլ մասնակցելու են նիստին։

Նշենք, որ եթե առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա ավագանին կցրվի: Երևանի մասին օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն չի բացառվում նաև, որ ոչ թե նոր քաղաքապետն ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի:

Համաձայն օրենքի՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

 Հիշեցնենք նաև, որ հուլիսի 9-ին ՀՀԿ-ական  Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս