loader
 «Երկիր ծիրանի». Մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ

«Երկիր ծիրանի». Մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ

 Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարություն է տարածել.

«Եվ որքան էլ որոշ կոստյումավոր մարդիկ պնդեն, որ իրենք բանակ են կառուցել, մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ տարիներ շարունակ մեր պաշտպանական համակարգը թալանվել է, բանակում տեղի են ունեցել սպանություններ, որոնք մինչ այժմ բացահայտված չեն։ Պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, ով իր ժամանակին ամեն գնով խուսափել է ծառայությունից եւ վստահաբար, այնքան համարձակություն չի ունենա, որպեսզի առաջնորդի մեր զորքը։

Իհարկե, մեր օրերում դժվար է ոստիկանական համակարգը համարել պաշպանական համակարգ, քանզի այս մարմինը գործում է բացառապես իշխանազավթիչների ու նրանց քավոր-սանիկների անձնական շահերի պաշտպանության նպատակով, միաժամանակ, վարձատրվելով հանրային միջոցներից։ Ոստիկաններին չի մտահոգում նույնիսկ այն փաստը, որ թմրամոլ-խաղամոլների սրերն արդեն ուղղվել են իրենց ուղղությամբ։

Կրթությունն օրըստօրե հեռու է մղվում մեր հասարակությունից։ Շատերը ստիպված են օրվա ապրուստի միջոց վաստակել՝ հետին պլան մղելով կրթություն ստանալու հնարավորությունը։ Մյուսները հնարավորություն չունեն վճարել ուսման համար։ Երրորդները, գիտելիք ստանալով, թողնում են Հայաստանը՝ այստեղ ապագա չտեսնելով։ Իսկ փողին փող չասող, հղփացած ու դիպլոմ գնած թափթփուկներին կրթությունն ու գիտությունը բացարձակապես չի  հետաքրքրում։

Մեր ժողովրդի առողջությունը գրոշի արժեք չունի ներկայիս իշխանավորների համար։ Նույնիսկ առողջապահության նախարար ներկայացող անձիք չեն օգտվում Հայաստանում գործող բժշկական համակարգից՝ իրենց ու իրենց հարազատների բուժումը կազմակերպելով արտերկրում։

Զավեշտալի է նաեւ այն փաստը, որ իրեն պաշտպանության նախարար կոչող, բայց զինվորական ծառայությունից փախած անձն անգամ վիրավոր զինծառայողներին է հորդորում բուժման նպատակով մեկնել արտերկիր։

Օրեցօր վատթարացող առողջապահական խնդիրները որեւիցե պատասխանատու պաշտոնյայի չեն անհանգստացնում։ Վստահ եմ, որ բոլորդ առերեսվել եք ինչպես մասնագետների բացակայության, այնպես էլ սարքավորումների պակասի, դեղորայքի շուկայի խայտառակ վիճակի ու վճարման անհասկանալի եւ անարդար մեխանիզմների հետ։

Հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը  եւ այլք, այսօր կանգնել են էթիկայի ու  մշակույթի հետ բացարձակապես կապ չունեցող, բայց իրենք իրենց կենսագրություն  ունեցող համարող մարդիկ, ում անունները հայտնի են բոլորին։

Այդ մարդկանց հիշեցնում ենք, որ ճվճվ Ավոյի տղաներն էլ հարուստ կենսագրություն ունեն, իրենց կենսագրությունից ոչ պակաս «հետաքրքիր» ու հանցավոր։

Սրանք են մեր մշակույթն ու ազգային արժեքները վաճառողներն ու արժեզրկողները։

Եթե Հայաստանում գործեին արդարադատությունն ու օրենքը, թերեւս հնարավոր կլիներ մեր հայրենիքը ոչ միայն հետ պահել անդունդի եզրից, այլ նաեւ այն դարձնել հզոր եւ ծաղկուն երկիր։ Սակայն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օրենքն ընտրովի է գործում, քանի դեռ բանտերը լցված են քաղաքական  հալածյալներով, քանի դեռ բազմաթիվ հանցագործներ ազատ շրջում են երկրում, կամ իրենց ցոփ ու շվայտ կյանքն են վայելում հոգեբուժական կլինիկաների ու բանտերի պատերից ներս կառուցված շքեղ առանձնասենյակներում ու դուրս են գալիս այնտեղից միայն հերթական պատվերը կատարելու համար, մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ։

Թերեւս սոցիալական անմխիթար վիճակն ու սոցիալական անարդարությունն անթաքույց շրջում են Հայաստանում։ Մի կողմից՝ շուրջ 1 միլիոն աղքատ բնակչություն, միջին խավի գրեթե բացակայություն, բազմաթիվ անտուն մնացած մարդիկ, նկուղներում պատսպարված բազմազավակ ընտանիքներ, ծերացող բնակչություն։ Մյուս կողմից՝ իրար կողքի շարվող անճաշակ դղյակներ, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով ու խաղամոլությամբ տառապող, անմարդկային բնազդներով, մարդկային կաշին իրենց վրա քաշած արարածներ, ովքեր նույնիսկ զբաղեցնում են բարձրաստճան պաշտոններ եւ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ նպատակով են լույս աշխարհ եկել։ Այս սարսափելի ու լույսի ոչ մի նշույլ չպարունակող պատկերը, որը հիշեցնում է «Դժողքի երաժշտություն», ուրվականի պես շրջում է մեր հայրենիքի բոլոր անկյուններում։

Շատ երկրներում բնապահպանական միջոցառումների ճիշտ կազմակերպման համար եւ էկոլոգիական աղետների վերացման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Սակայն, այս պնդումը Հայաստանի համար չէ։ Մեզ մոտ անխղճորեն վերացվում են կանաչ տարածքները, վաճառվում ու անխնա շահագործվում են հանքերը, արհեստական խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծվում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։

Հայկական սփյուռքը շուրջ 9 անգամ գերազանցում է Հայաստանաբնակ հայերին։ Մեր հայրենակիցները առաջատար մասնագետներ են աշխարհի տարբեր երկրներում։ Նրանք մեզ հետ հավասար սիրում են մեր հայրենիքը ու փափագում ունենալ ազատ, հզոր ու հարուստ հայրենիք։ Սակայն, զրկված լինելով ընտրելու ու ընտրվելու իրավունքից, չեն կարողանում լիարժեք կերպով մասնակցել Հայաստանի քաղաքական, նաեւ տնտեսական կյանքին։ Նրանք վաղուց են գիտակցել շուրջ քառորդ դար Հայաստանը կեղեքող ու թալանող իշխանությունների հանցավոր բնույթը եւ պահանջում են իրենց սահմանադրական իրավունքի վերականգնում՝  հանուն Հայաստան աշխարհի փրկության եւ զարգացման։

Խնդիրները բազմաշերտ ու բազմաբնույթ են։ Դրանք առկա են մեր կյանքի բոլոր ոլորտներում անխտիր։

Մենք՝ որպես հայ ազգ, պարտավոր ենք ոտքի կանգնել, պայքար մղել այս հանցավոր համակարգի դեմ։ Մենք պարտավոր ենք մտածել մեր զավակների ապագայի մասին։ Մենք իրավունք չունենք կորցնելու մեր հազարամյակներ մեզ պահպանող  չքնաղ Հայաստանը։

Ոտքի կանգնի՛ր, համայն հայ ժողովուրդ։ Ընդվզի՛ր ապօրինության, թալանի, փոքրոգության դեմ, ընդվզի՛ր թմրամոլների, խաղամոլների ու անառակների դեմ, ովքեր մեր ազգի բարձր բարոյական արժեքներն ուզում են հողին հավասարեցնել՝ բոլորին փորձելով համոզել, որ մենք՝ որպես ազգ, գոյություն ունենալու իրավունք չունենք։

Ոտքի՛ հայ ժողովուրդ։ Դու ուժեղ ու իմաստուն ես եղել դարեր շարունակ, ու մի քանի անսիրտ, անխելք ու տմարդի քեզ չեն կարող ստրկացնել»

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս