loader
Գեբելսի կապիկների իրարանցման մասին. Լևոն Բարսեղյան

Գեբելսի կապիկների իրարանցման մասին. Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի ղեկավա Լևոն Բարսեղյանն իր էջում գրել է

Այն, որ մի ահագին ժամանակահատված մինչեւ հեղափոխությունը իշխանական շրջանակներից սնուցվում էր հատուկ եւ նպատակային պրոպագանդա դրամաշնորհներով աշխատող այն հասարակական կազմակերպությունների դեմ, որոնք ոչ մի կերպ չէին հաշտվում պետության զավթված լինելու հանգամանքի ու զավթարարների հետ, գիտեինք: Դրամաշնորհառուներին «գրանտակեր» կոչելով հատուկ կազմակերպված պրոպագանդիստական թաքուն ու բացահայտ խմբերը մեկ տասնամյակից ավելի թույն ու ատելություն են սերմանել այդ կազմակերպությունների եւ դրանց աշխատակիցների ու փորձագետների նկատմամբ:

Ենթատեքստն այն է եղել, թե սրանք, այդ այլանդակները, որ դրամաշնորհներով են աշխատում, ուտում են այդ փողերը, կողոպտում են այս կամ այն հիմնադրամին մի կողմից, եւ նույն այդ հիմնադրամների ծածուկ ու դավադիր պատվերներով վնասում են երկրին մյուս կողմից: Այդ կաղկանձի կազմակերպիչները գիտեին, բայց հավանաբար իրենց բլբուլներին չէին տեղեկացրել, թե ԱՄՆՄԶԳ ահռելի օգնությունը պատերազմի եւ ետպատերազմյան առաջին տարիներ «Տաք ձմեռ» ծրագրով, երբ անթիվ նավթավառներ ու կանիստրներով նավթ էին բաժանում, նույնպես դրամաշնորհ էր, որպեսզի մարդիկ ողջ մնային, սննդւ, հագուստի եւ այլ կարիքներ թեթեւացնեին: Ամենահին օրինակներից հիշեցի: Մի քիչ էլ, որ ետ գնամ կհիշեմ երկրաշարժի ժամանակ ավելի քան 110 երկրների կառավարություններից ու կազմակերպություններից Հայաստանին հասցված իսկապես անչափելի նյութական օգնությունը (հագուստ, կոշիկ, սնունդ, դեղորայք, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հսկայական թաղամասեր, տպարաններ, մեքենաներ, արտադրամասեր եւ այլն), առանց որի դժվար է ասել, թե էլ ինչքան էր տուժելու երկիրը:

Դրամաշնորհների դեմ մելոման եւ մոլեռանդ քարոզիչների համար նյութական դրամաշնորհները, ջրատարների, կոյուղատարների, դպրոցների, գրադարանների, եւ այլ կառուցների նորոգումների համար տրվող փողերը լավ բան էին հավանաբար, այդ փողերը կարծիք չունեին, չէին խոսում եւ, մանավանդ, իշխանությանը չեն քննադատում, ավելին, այդ փողերը զորացնում էին իշխանությունը եւ իշխանավորներին: Այդ փողերը սուրբ էին, դրանցով կարելի էր ատկատներ լացացնել՝ երեք դպրոց նորոգելու փոխարեն մեկը նորոգել:

Դրամաշնորհներից ահաբեկվածները երբեք չեն հասունանալու այնքան, որ կարողանան նվերը դրամաշնորհից զանազանել: Կար ժամանակ, երբ ես չէի ալարում ամեն արժող-չարժողի բացատրում էի այդ տարբերությունը: Վերջին անգամ պատմեմ. դրամաշնորհը կոնկրետ ծրագրի համար հատկացվող դրամն է կամ նյութական օգնությունը, իսկ նվերը նման նախապայման չունի, տալիս են՝ ինչ ուզում ես արա: Այս համատեքստում հայաստանյան հասարակական կազմակերպությունները ոչ հայաստանյան, ոչ էլ օտարերկրյա հիմնադրամներից կամ նվերներ չեն ստանում կամ, երբ ստանում են՝ էլի նպատակային է լինում՝ գույք, շինություն, ծախսանյութեր եւ այլն:

«Դրամաշնորհ» հասկացությունը որպես ամենայն հայոց չարիք ընկալող եւ ներկայացնողները իբր անտեղյակ են, որ Հայաստանում հիմնական դրամաշնորհառուն մշտապես պետությունն է եղել ու մնում ի դեմս պետական իշխանության, կառավարության եւ դրա բաղադրիչների, ապա՝ տեղական ինքնակառավարման մարմինները, ապա՝ մնացածը: Պետական բյուջեից համայնքներին հատկացվող փողերը ըստ էության դրամաշնորհներ են, ինչ անուն էլ դրանք ունենան՝ դոտացիա լինի, թե սուբվենցիա: Առաջինը փող է գործի համար, երկրորդը՝ փող ծրագրի համար: Դրամաշնորհավախ ձեւացող սորտը տարիներ շարունակ կամ ալարել է բացել պետական ծրագրերը, բյուջեն՝ տեսնել, թե պետությունը ինչքան նվեր փող (բյուջետային օգնություն) է ստացել Եվրամիությունից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից կամ միջազգային կազմակերպություններից, եւ որքան դրամաշնորհ է ստացել այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար, կամ էլ շատ լավ իմացել ու ծպտուն չի հանել: Թվերն առասպելական են համեմատած հասարակական կազմակերպությունների ստացած թվերի հանրագումարի հետ:

Բայց պարզվում է այդ փողերը սրբազան են, դրանց վրա խոսել չի կարելի, դրանք ուտելու կամ իրենց պապաների հինարկներ գնացած փողերն են եղել, դրանք լուռումունջ փողեր են, ո՞նց կարելի է դրանց վրա հաչել: Այ, եթե հասարակական մի կազմակերպություն, որ համարձակվել է քննադատել կառավարությունները, նախարարությունները, քրեակատարողական հիմնարկները, Նուբարաշեն դժոխքը, բանակում՝ սպանության կամ ինքնասպանության դեպքերը, կաշառակերության հրավառությունը, դպրոցի դասագիրքը, կրթական համակարգի քաղաքականացումը, կրոնականացումը, հանքերի թալանը, ուրեմն հաստատ տակը մի բան կա՝ դրանք, ուրեմն, էս չուգունգլուխների կարծիքով, ուզում են քանդել երկիրը:

Այ դրանց պիտի մեղադրել ամենայն մեղքերի մեջ, անձնական վիրավորանքների ու զրպարտչական վարկաբեկումներով հարկ է ջանալ հանրային կարծիք ստեղծել, որ հեղինակությունները բեկվեն, լսարանները եւ այդ մարդկանց վստահողների քանակը կրճատվի, ազդեցությունները նվազեցվի եւ այլն: Այդ պրոպագանդիզմը ավելի բեթար կոյուղի է հիշեցնում, քան այն, ինչ հոսում է նույն Նուբարաշենի կողքով: Գեբելսի արեւով երդվող այս պրոպագանդձյակները իսկապես համոզված են, որ, եթե շարունակ ու հետզհետե լրջացող դեմքով պնդեն, թե երկիրը լավաշ է, որ փռված է եռյակ փղերի մեջքին, որ կանգնած է կրիայի վրա, անպայման բավարար քանակությամբ հումանոիդներ կընկնեն իրենց խելքին եւ կպնդեն նույնը: Այնինչ՝ Գեբելսը, մեղմ ասած, սատկել է:

Օղորմածիկ Հոքինգը մի փառահեղ միտք ունի, թե, եթե մի խումբ կապիկներ շարունակեն խաղալ գրամեքենայով, կա որոշ հավանականություն, որ Շեքսպիրի սոնետներից մեկն ստացվի ինչ-որ մի պահի: Եւ ինչու պիտի պրոպագանդայի կապիկների մոտ չստացվի, ասացեք խնդրեմ, ինչու պիտի այդ հույսը ոչնչացնել, մանավանդ, պրոպագանդայի պատվերն ունեն հատկապես նրանցից, ովքեր ահռելի իշխանություն են կորցրել: Առանց իսկական կապիկների մասին վատ բան մտածելու, ընդամենը օգտվելով Հոքինգի այլաբանությունից կոչենք նրանց «Գեբելսի կապիկներ»: Սրանք առնվազն երեք խումբ են: Ա. նրանք, որ երբեք չեն երեւում, ուղղակի պատվիրում են, բզում եւ հուշում, թե որ ուղղությամբ հաչել, հասարակական կազմակերպություններից ու գործիչներից ում արժե քարկոծել, վարկաբեկել, ում՝ դեռ ոչ:

Բ. երկրորդը՝ բրիգադիրների խումբն է, որ առաջնային կապալառուն է առաջին խմբից, սրանք են պատվերը հստակ ձեւակերպում, աշխատանքային հանձնարարություններ տալիս իրենց ենթականերին կամ գործընկերների հետ պրոպագանդայի այսպես կոչված գաղափարական հենքը կառուցում, փորփրում են բաց աղբյուրներ ու գյուտարարի պաթոսով բոթը հասցնում հազարներին, թե տեսեք-տեսեք, թե ոնց են էդ զզվելիները քանդում մեր երկիրը, ինչ դրամաշնորհ է ստացել այս կամ այն կազմակերպությունը, եզը հանում՝ տակը հորթ են ման գալիս, ծծում են, մատները ի նկատի ունեմ, ու ապոկալիպտիկ սցենարներ սարքում այս կամ այն ծրագրի ստորակետից: Այս բրիգադիրների խմբում քիչ չեն նրանք, որ ժամանակին այս կամ այն պայծառ մտքի համար դրամաշնորհ են որոնել, հայցել ու մերժվել, եւ հիմա կոմս Մոնտե Քրիստոն է արթնացել իրենց նուրբ հոգիներում:

Կան նաեւ այնպիսիք, որ դրամաշնորհներով աշխատել են, տուն են պահել, յոլա են գնացել, բայց հետո բեզարել են աշխատելուց եւ սկսել են հանգրվանել մեր հանրային կյանքի տաքուկ անկյուններում, որոնք «մեռնեմ հայրենիքիս ջանին», «մենք սուրբ ազգ ենք», «հայուգենը ամենազորավորն է աշխարհում», «զարկենք թուրքերին՝ աչքերը հանենք» թեմատիկ խորագրերն ունեն: Եւ երրորդը, որ կարող եմ մածուծիկ խառնիճաղանջ կոչել՝ Գ. նրանք, որ ձվից նոր ելած ճտերի պես, ինչ տեսնում են՝ կտցում են, համտեսում են ու քանի որ այլ բան չեն տեսել կյանքում, առաջին լսած երգը համարում են ե՛ւ հիմն, ե՛ւ օրորոցային, ե՛ւ հարսանիքի, ե՛ւ հուղարկավորության մուղամ, աշխարհն այս խմբի համար մի հասարակ ձու է, որ կարելի է ձվածեղ անել կամ չանել, որեւէ ավելորդ հարց կամ միտք սրանց ուղեղում չի տեղավորվում, սրանք ակամա անմեղսունակ քարոզիչներն են, ինչ ինֆո նստեցնես չիպերի վրա, տանելու են հետները եւ շաղ են տալու աջուձախ՝ վիրուսակիր առնետի պես: Սրանց, որ հասարակ հարց ես տալիս, ուշադիր լինելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես է ականջներից մարմանդ ծուխ ելնում:

Ռեժիմին չենթարկված կամ ծնկի չբերված հասարակական կազմակերպությունների եւ գործիչների դեմ տասնամյակից ավելի տեւող այս հաչը, վիրավորանքից եւ զրպարտությունից զատ մի շարք գործիքներ էլ ունի: Դրանցից մեկը շատ հայտնի մանիպուլյացիան է: Այդ մասին բազմիցս գրել եմ. ճշմարտության եւ կեղծիքի արանքում: Տարածված օրինակներից է կազմակերպության ստացած դրամաշնորհը կազմակերպության ղեկավարին կամ ծրագրի ղեկավարին վերագրելը, ասելով, թե կոնկրետ Լեւոնը Բարսեղյան, անձամբ իր հաշվեհամարին ստացել է 60.000 դոլար, իսկ 10 տարում՝ 600.000 դոլար, քսան տարում՝ 1,2 մլն բնականաբար:

Ես մի քանի անգամ, խնդրեցի փողերս բերել՝ կիսվենք, նույնիսկ 90 տոկոսը տամ իրենց, չեկան սրիկաները: Ագիտացիոն կապիկների ուղեղում հաստատապես ինչ-որ բան խարաբ է եղել: Էս կապիկները յուր գեբելսներին չեն համարձակվում հարցնել, թե.-Ձյաձ իմ վեհապանծ, իսկ որ Արթուր Սաքունցը երկիրը քանդելու համար 1 մլն դոլար է ստացել, մենք կագեբու, կամ կենտրոնական բանկ, կամ հակահետախուզություն չենք ունեցե՞լ: Հեչ չենք ունեցե՞լ: Բոլորն ե՞ն զբաղված եղել քաղբանտարկյալների գրպանը տոնածառ կամ ավտոյի մեջ ատոմային սուզանավ խցկելու ազգանվեր գործով, մի ազատ քննիչ չի եղե՞լ, որ գնա հարցնի էդ ո՞ր քաջագործության համար ես ստացել էդ փողերը:

Էս կապիկների տգիտությունը թույլ չի տալիս մտածել, որ երբ ԱԱԾ պետ են գաղտնալսում, հասարակական գործիչ գաղտնալսելը, նրա մահճակալների, հեռախոսների ու տռուսիկների մեջ գաղտնալսիչ սարքեր տեղադրելը, նույնիսկ մուրացկաններին տված փողերը հսկելը պետություն զավթած ռեժիմի համար մի բաժակ լիմոնադ կոնծելու պես բան պիտի լիներ: Եւ թե գտնեին որեւէ չնչին մի փաստարկ, թե դրամաշնորհի ծվենն օգտագործվել է անօրինական կերպով, վաղուց թաղել էին կազմակերպությունն էլ, մարդկանց էլ, հարազատներին էլ: Այնինչ սրանց ճարածը իմ գրպանի ծալովի դանակն է եղել երկու տասնամյակի ընթացքում, մեր հրկիզած եւ ջարդուխուրդ արված գրասենյակները ու ավտոները, կրպակներում մեր թերթերի վաճառքի արհեստական արգելափակումները, եւ մի քանի դեպքում՝ ողնաշարից թույլ դոնորների ականջին փսփսալը, թե էսինչ կազմակերպությունը հեչ լավը, չէ, դրանք երկիր են քանդում, դրանց մրցույթի կարճ ցուցակ մի մտցրեք:

Ես մոտավորապես 15 պատմություն գիտեմ, երբ իշխանությունը եւ իշխանության մարդը միջազգային, թվում է, թե անկախ դոնորի մրցութային հանձնաժողովին ետ է պահել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին եւ այլ կազմակերպությունների մրցույթում հաղթող ճանաչելու շատ «անընդունելի» եւ «սխալ» որոշումից: Ու մենք ստացել ենք այսպիսի պատասխաններ.«...դրամական միջոցների սակավության պատճառով ձեր հայտը չի շահել մրցույթում: Հետագա համագործացկության ակնակալիքով՝ էսինչ ալամեզոն»: Եւ երբ հետո իմացել ենք, թե ինչ մրցակիցներ են ստացել այդ դրամաշնորհները, հասկացել ենք նորովի, որ պետությունը նույնիսկ այդտեղ է զավթված: Այդուհանդերձ, հնարավոր չի եղել ոչնչացնել էդ մեկ-երկու տասնյակ կազմակերպությունները, ֆինանսական հնարավոր աջակցությունները կարեցել են կտրել, նվազեցնել, բայց ոչնչացնել չի ստացվել: Ուրի՞շ ինչ էր մնում անել: Քֆուր: 8 տարի առաջ, երբ ես ու Արթուրը մասնակցում էինք նախագահական պալատի դեմ բողոքի ցույցերից մեկին, Հ1-ը իր Ֆելինիի բերանով մի դարակազմիկ քֆուր հեռարձակեց լուրերով, որտեղ ասացին, թե ես ու Արթուրը հայրենիք չունեցող մարդիկ ենք:

Մեկը չմոտեցավ, թե՝ մարդ եք, Վովան քրֆել է ձեզ, պատասխան ունե՞ք ասելու: Հայրենիք չունեցողին ի՞նչ պատասխանի իրավունք: Խոսքի ազատություն էր, երեւի: Սուտը, կեղծիքը, զրպարտությունը, տեղեկատվական ձեռնածությունը, վարկաբեկման մոլուցքը, հալբաթ դոնորների վրա կազդի: Հարց կա հիմա. որ սերժիկների ժամանակ չկարեցաք փակել տալ ՀԿ-ներն ու հիմնադրամները, հիմա կկարենա՞ք, պապան ի՞նչ է ասում:

Ես առանց զլանալու տարիներով պնդել եմ բազմակարծության անբեկանելի արժեքը, միշտ համոզմունք եմ ունեցել, որ ազատ խոսքը, ինչպիսին էլ լինի, ավելի արժեքավոր է, քան խոսքի սահմանափակումը, գիտեմ, որ անհնար է սուտը կերցնել երկար ժամանակ, համոզված եմ, որ պրոպագանդան երկարաժամկետ ազդեցություն ունի միայն այն դեպքում, երբ հակառակ խոսք չկա: Այլապես դրա ազդեցություը կարճաժամկետ է եւ միաժամանակ այդ նկատում եմ, որ պրոպագանդայի կապիկների գործը գերագնահատվում է, հատկապես այդ գործին անպատրաստ մարդկանց շրջանում:

Պրոպգազանանոցի կյանքում ակնհայտ փոփոխություններ են տեղի ունենում հատկապես մեր հեղափոխությունից հետո: Եթե նախկինում անհնազանդ ՀԿ-ների եւ հասարակական գործիչների հասցեին քֆուրը եւ մանիպուլյատիվ ինֆոն հիմնականում հայաստանյան ծագում ունեին, հեղափոխությունից հետո հիմնական ներշնչանքի աղբյուրը ռուսաստանյան սնուցիչները դարձան:

Ամիսներ առաջ ինձ մոտ եկավ Դարյա Ասլանովա զվարթ ծիտը Ռուսիայից՝ տեւական ժամանակ հարցազրույց խնդրելուց հետո: Դե ես արդեն այն տարիքում չէի, որ ուշքս անցներ մոսկովյան ծտի հետ զրուցելու համար, մտածեցի, որ միջմշակութային շփումները օգտակար կլինեն ինձ օր ծերության: Եկավ երեք ժամ «հարցազրույց վարեց», չնկատեց, որ առանց մեծ ջանքի ինքն անցավ ինձ հարցազրույց տալու, ինքն ասում, ինքը պատասխանում էր, ինձ բացատրում էր, որ Կրեմլը Հայաստանի բարեկամն է, էդ մենք չենք հասկանում էդ ամենը, այն հույսով, որ ես չեմ պատմելու իր խոսքերը, այլ ինքն է պատմելու այնպես՝ ինչպես կկամենա, ամենայն ճշտությամբ կռահեցի, թե ինչ եւ ինչպես է գրելու հետո: Ուզում էր հասկանալ, չեմ մասնակցելու՞ խորհրդարանական արտահերթին, չեմ կամենու՞մ արդյոք տեղ գրավել կառավարությունում, բա Նիկոլը գործ չի առաջարկու՞մ, բա ո՞նց կլնի...: Ասացի այն, ինչ միշտ էի ասում, գնաց գրեց, թե տաքուկ տեղավորվել եմ դրամաշնորհների արանքում: Հետո երեկոյանում էր, ասացի՝ մնա գոզալ, մեր տանը լիքը տեղ կա, հանգիստ կքնես, հետո կգնաս կանուխ:

Ասաց, չէ ընկերներիս առանց էդ էլ սպասեցնել եմ տալիս, ինձ չեն ների, որ այսքան երկար նստեցի Ձեզ հետ, գիտեն, որ Ձեզ հետ էի հանդիպելու, Երեւանում ինձ են սպասում: Հարցրի՝ ո՞վ են ընկերներդ գոզալ, թե բա չեմ ուզում ասել, հետո ասաց, բնականաբար, թե բա՝ Բաբուխանյանը, ..., ...., համ էլ ԱԺ փոխխոսնակի ավտոն ինձ է սպասում, անհարմար է: Հարցրի՝ ի՞նչ փոխխոսնակ, ասաց՝ բարեկամիս՝ Շարմազանովի, ծառայողական մեքենան: Ճանապարհելիս սեղմեցի վարորդի ձեռքը, համարները նայեցի, համոզվեցի, որ ծիտը չէր ստում: Մտաբերեցի այս պատմությունը այն մասով, որ հեղափոխությոնից հետո մեզ վրա սեւեռվեց հատկապես կրեմլաբարո մամուլը իր դավադրամոլությամբ, թե բա «գունավոր հեղափոխություն», իմացար, ծիպա՝ էդ ո՞նց տարաք երկիրը մեր Սերժիկի տակից, էդքան պլոտնի նստած էր, դուք թախտից գցեցիք, էդ ի՞նչ խելք ունեիք ու էդ ո՞ր կենտրոններից են ձեզ կառավարում, որ չենք կարողանում ապացուցած ունենալ:

Հեղափոխությունից հետո պրոպկապիկների բանակը համալրեց նաեւ նախկին ինչ-ինչ բարձրաստիճան արարածների մեղադրյալի կարգավիճակ ստանալուց սաստիկ մտահոգ բալիկների եւ գրագրիչների զորքը՝ մասամբ ֆեյք, եւ՝ նորածիլ համացանցային կայքերը, որ իրենց զանգվածային լրատվամիջոցի կինոյի տղու տեղն են դրել, ասենք gavnonews.am, xlinq.am, chatibek.com եւ այլն: Դե ը-ն @ գրող, նոր-նոր ինտերնետ էքսպլորներով ադնագլազնիկներից գաղթած` ֆացեբօօկ մտնող մատղաշի համար լավ էլ ԶԼՄ են, ինչ է պատահել: Հեղափոխության շնորհիվ շատերն իմացան, որ կարելի է ասել այն ամենը, ինչ կկամենան, մանկուց պահած քֆուրները, որ վախեցել են արտաբերել գեթ մեկ անգամ, իրենց ընտանիքի բազմացման պատմությունները, եւ, այ քեզ հրաշք, դրա համար որեւէ մեկից թույլտվություն պետք չէր ստանալ:

Էդ ցեխը շատերին հունից հանեց, շատ կիրթ մարդիկ սկսեցին խոսել «մամուլը կարգավորելու» կարիքի մասին, հետո հիմնականում հասկացան, որ Քրիստոսի պես տղին էին քարերով տփում ու քֆրտում, էդ ե՞րբ է հնարավոր լինելու ե՛ւ բազմակարծություն, ե՛ւ արտահայտման ազատություն ունենալ եւ, որ բոլորը գոհ լինեն դրանից: Այսինքն, միշտ լինելու է երկար ճանապարհ, միշտ այդ ճանապարհին լինելու են ոտի տակ ընկնողներ, եւ միշտ հարկավոր է լինելու ավելի շատ առաջ նայել, քան թե ոտների տակ: Հակառակի դեպքում ռիսկը մեծ է, որ ոտների տակ նայելով կարող ես տեղապտույտ տալ բլոճ սատկացնելով ու տեղ չհասնել: Կյանքը, լայն ասած, այսով էլ է ընտրություն:

Հասարակական կազմակերպությունների եւ նրանց ֆինանսավորող հիմնադրամների համապատկերում վերջին ամիսներին առանձնահատուկ կերպով առանձնանում է սորոսաֆոբիան: Այն արդեն մեզ է ներկայանում որպես համախտանիշ: Այս մասով պրոպկապիկների հիստերիզմը արդեն այնպիսի մասշտաբներ է ընդունել, որ չի խանգարի համաճարակ արձանագրել, ախտորոշման ընթացակարգ սահմանել եւ դիմել առողջապահության նախարարին՝ ճար անի: Սակայն որեւէ ստանդարտ բուժման կուրս չկա եւ հազիվ էլ մշակվի, սորոսաֆոբիան ցմահ է, երեւի շաքարախտի պես, պիտի ապրել դրանով եւ պաշտպանվել դրանից տարբեր գործիքներով:

Եթե օտար մեկը փորձի գլուխ հանել սորոսաֆոբիայի այս համաճարակից, ուսումնասիրելով մեղադրանքները եւ երկրի վերջին 25 տարվա խնդիրները, մոտավորապես կսկսի մտածել, որ հենց Սորոսն է եղել ընտրությունների կեղծիքների հիմնադիրը Հայաստանում, այդ իր միջոցով են տեղամասերում լույսերը մարել, քվեատուփերը գողացել, քվեաթերթիկները փոխել, իր տված փողերով են կաշառել ընտրողներին տասնամյակներ շարունակ, ծեծել հազարավոր դիտորդների եւ ընտրողների, այդ Սորոսի մանկապարտեզի ընկերուհին էր, որ Քոչարյանին Հայաստանի վերջին տասը տարվա մշտական բնակիչ լինելու եւ քաղաքացի լինելու տեղեկանք տվեց 1998-ին եւ 2003-ին, Սորոսի աշակերտներն են հոկտեմբերի 27-ին ներխուժել Ազգային Ժողովի դահլիճ ու գնդակահարել պատգամավորներին եւ կառավարության անդամներին, հենց Սորոսի ընկեր Ամալյանն ու ընկերուհի Շամոն էին, որ 2002 թվի ապրիլի 2-ին եթերազրկեցին «Ա1+»-ն ու «Նոյյան Տապան»-ը, Սորոսի ղեկավարած ԴԱՀԿ-ն էր, որ մեկ առ մեկ մտնելով Հյուսիսային պողոտայի մարդկանց տները, քֆրտելով ու ծեծելով լարեց նրանց իրենց պապական տներից, որպեսզի ախպերությունը պալատներ շինի այնտեղ, իսկ տնանկները հետո ՄԻԵԴ-ում դատերը շահեն Հայաստանի դեմ, այս Սորոսն էր, որ 1 մլրդ դոլարի գույք տվեց Կրեմլին 100 մլն դոլար պարտքի դիմաց, նա ինքն էր, որ անձամբ ստորագրեց Թեղուտի եւ Ամուլսարի թալանի ծրագրերը, որ այդ պղինձը, մոլիբդենն ու ոսկին տանի իր տուն, դե իհարկե Սորոսն էր, որ Մարտի մեկին զորքերը սահմանից բերեց ցուցարարների վրա ու գնդակահարել հրամայեց, Սորոսի ասելով էր, որ Սերժիկը խոստացավ այլեւս չառաջադրվել ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոնի համար ու հենց ինքն էր, որ ապրիլին էնքան հարբեցրեց խեղճ Սերժիկին, որ սա ինքզինքը կորցրած գնաց ու առաջադրվեց, հետո բնականաբար, էսքան բանը սարքելուց հետո նույն Սորոսին այլ բան չէր մնում անելու, քան՝ հեղափոխություն, գունավոր, ինչպես ասում են: Հետո, հասկանալի կերպով Սորոսն այնպես արեց, որ սերժաբարոները հազիվ 4,7 տոկոս ստանան, իսկ դրանց նախկին եղբայրությունը Ազգային Ժողով չանցնի: Նախկինում այնպես էր անում, որ անցնեին խորհրդարան, հիմա այնպես արեց, որ չանցնեն, բայց ինչ նենգն է չէ՞:

Այս քյարթաբարո ալգորիթմը պրոպագանդիստական կապիկների ականջները իրար կապող լարն է դարձել, հենց հարց ես տալիս, լարը կտրվում է, ականջները թափվում են ուսերին ու այլեւս լսողությոնից զրկվում են, միայն ղժժում են, էսպիսի զուլում կլինի՞: Հասկանալի է, որ Սորոսը, որին շատերը երրորդ խմբի կապիկներից դեռ Սոռես են ասում, ինքնուրույն չպիտի աներ այս ամենը: Չէր կարող, որովհետեւ ամբողջ աշխարհում լիքը երկրներ կան, որոնք պիտի քանդեր եւ իսկապես ժամանակ չուներ անձամբ Հայաստանը քանդելով զբաղվելու, դա պիտի աներ տեղական գործակալների միջոցով: Հիմա բերեք հասկանանք տեղական գործակալներն ովքեր էին, նրանք, որոնք իշխանություն ունեի՞ն, թե՞ նրանք, որոնք իշխանություն չունեին:

Ո՞ւմ էր ավելի հեշտ ընտրությունները կեղծելու կարգադրություններ տալ՝ Ռոբիկի՞ն, Հովիկ Արգամիչի՞ն, Սերժիկի՞ն, Ազարյանի՞ն, Մուկուչյանի՞ն, թե՞ ինձ կամ Դանիելին Իոանիսյանին: Ասենք՝ կոռուպցիան ծաղկեցնելու համար Սորոսն ո՞ւմ պիտի հարմար համարեր հանձնարարականներ տալ՝ վարչապետների՞ն, Տամոժնյան Գագոյի՞ն, թե՞ Թրանսփարենսի Ինթերնեյշնլի Վարուժանին Հոկտանյան կամ Սոնային Այվազյան: Ո՞ւմ միջոցով կարելի էր քաղաքական բանտարկյալներին բանտերը լցնել տալ եւ ցուցարարներին ծեծել տալ՝ Վովայի՞, Օսիպյանի՞, Բազազի՞, թե՞ Ավետիք Իշխանյանի, Սաքունց Արթուրի կամ Միքայել Դանիելյանի: Կարող է՞ էդ Սորոսն ավելի խորամանկ է, քան կասկածում են պրոպկապիկները: Դիտմամբ հիմնական կոռուպցիոներներին գործ չի տվել Հայաստանի իշխանական օղակներում, որ թշնամին գլխի չընկնի, եւ Ռոբիկ-Սերժիկ-Հովիկ-Գագո-Վովա-Մանվել-Երանոսյանների պես սուրբ մարդկանց էր դրել էդ պաշտոններին, որ իրենց քֆրտեին ժողովուրդը, այդպիսով իսկական հանցագործներին թողել է ստվերում: Ահա տպավորություն կա, որ պրոպկապիկների գործը այս ստվերը բացահայտելն է: Այն է. Սորոսի ֆինանսական օժանդակությամբ Հայաստանում գործող Բաց հասարակության հիմնադրամների կայքից դնել արտագրել, թվերը գումարել իրար, ու հայ ժողովրդի պարապ եւ ուսումնատենչ հատվածին տեղեկացնել, թե հենց այս հասարակական գործիչներն ու կազմակերպություններն են իրականում եղել մեր երկրի գլխին թափված կրակների մեղավորները: Հարցերն այսով չեն սպառվում, ասացեք խնդրեմ, Մանազկերտի ճակատարամարտում ինչո՞ւ պարտվեցինք 1071 թվին, իսկ էն կաթողիկոսն ինչո՞ւ նաղդեց Անի մայրաքաղաքը, իսկ Կարսի թնդանոթները ի՞նչ պատճառով չկրակեցին 1920-ին, կամ Սարգիս Կասյանն ինչո՞ւ էր շնորհակալական հեռագիր հղում Իլյիչին Լենին:

Ով, եթե ոչ Սորոսն է կառավարել այդ խայտառակ դրվագները: Տարակույս չունենաք, որ Հայաստանում կան մարդիկ, որ կհավատան, եթե պրոպկապիկներն ազդարարեն, թե հենց Սորոսն է հին հայկական գրերը վերացրել Մաշտոցից առաջ: Հավանաբար Սորոս ասելիս հենց Ջորջ Սորոսին ի նկատի չունեն, հավանաբար Սորոս ասելիս պրոպկապիկները ի նկատի ունեն, որ կա հայակործան դավադրություն, մի հակայակական եւ հավերժական չարիք, որի հավաքական անունը պիտի որ Սորոս լիներ, դրա գործակալները՝ սորոսական: Ուրիշ էլ ի՞նչ: Արդեն կարելի է արձանագրել, որ հակաազատական պրոպագանդան հասել է մի այնպիսի մակարդակի, երբ առանց հակասորոսականության գործազուրկ կդառնա բնակչության եւս 15 տոկոսը, իսկ դրա համար հարկավոր է տաք պահել սորոսաֆոբիան:

Սորոսաֆոբիայի համախտանիշի վերջին մուտացիաներից է նոր իշխանության՝ խորհրդարանում, եւ գործադիրում հասարակական մի շարք գործիչների առկայությունը, որոնք ժամանակին այս կամ այն կերպ առնչություն են ունեցել հասարակական գործունեության, հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների եւ հատկապես Բաց հասարակության հիմնադրամի հետ: Մոտավոր հաշվարկներով մոտ 50 հոգի են այդ մարդիկ, կեսը հիմա պատգամավոր են, մյուս կեսը՝ գործադիրում են: Այս նոր պոռթկման առիթ եղավ Սորոսի այն հայտարարությունը, թե «Ուժեղ աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսական է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»: Ինչ զզվելի բան է ասել, չէ՞: Դատելով կապիկների արձագանքից, սա գույժ է պրոպագանդայի երեւանյան եւ եւ կրեմլյան կենտրոններին համար: Տեսնես ինչ է մտքերով անցել, որ վրա-վրա սկսել են «վելուծական» հոդվածներ թխել, թարգմանել ու արտատպել, բազմաթիվ ստերով ու մանիպուլյացիաներով լեցուն:

Ուրեմն էս համաճարակի շրջանակներում պրոպկապիկները հոնքերը կիտած հայտնագործել են, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Բաց հասարակության հիմնադրամների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի եղբայրն է: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ դավադրություն է կազմակերպվել պետության դեմ, վրեքս խաբար չկա: Բայց մեկը չկա՝ փորձի իմանալ, թե Սասուն Խաչատրյանը երբվանից է այդ համակարգում, քանի տասնյակ տարի է եղել Դատախազության բարձրաստիճան պաշտոնյա, ու երբվանից է Դավիթ Խաչատրյանը հիմնադրամում: Հովհաննես Հովհաննիսյանը որպես կրթության ոլորտի փորձագետ տարիներ շարունակ հասարակական կազմակերպության մեջ լինելով կրթության ոլորտի հետազոտություններ է իրականացրել, ու ոլորտին քաջածանոթ լինելով, հեղափոխությունից հետո դարձել էր փոխնախարար, հիմա էլ ընտրվել է պատգամավոր: Եւ այդ կազմակերպությունը առանց ամոթի դրամաշնորհներ է ստացել, դու մի ասա, այդ թվում ԲՀՀ-Հայաստանից: Թե բա՝ Լենա Նազարյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեյշնլի աշխատող ու, հոպլյա, դառել է ԱԺ փոխխոսնակ, ասես անտեղյակ են, որ Լենան քաղաքականություն է անցել չորս տարի առաջ եւ ոչ թե հեղափոխությունից 5 պակաս, թե բա՝ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը աշխատել ԲՀ հիմնադրամում, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատել են Թրանսփարենսի Ինթերնեյշնլում:

Պատկերացնու՞մ եք, ինչպիսի անդաստիարակություն, բայց չեն ասում, թե որտեղ պիտի հատկապես աշխատած լինեն պատգամավորության թեկնածուները, որ չհամարվեին երկիրը քանդողներ, ժողովրդի թշնամիներ կամ հայրենիքի դավաճաններ: Պարտադիր է՞ր Սերժիկի կամ Ռոբիկի կաբինետում աշխատած լինել, Աշոտյան կամ Շարմազանով լինել, թե՞ պիտի անպայման ցեխավիկ ու բանկատեր լինել իշխանության կազմում լինելու համար, ոլորտի մասնագետ լինելը շատ է անբավարար: Համաճարակից է նաեւ կապիկների երկվության երեւակման աշխատնիշը. դժվար է հասկանալ, հմի ուրախ ե՞ն, որ քաղաքացիական հասարակությունից շատերը կառավարություն կամ խորհրդարան չեն գնացել, թե՞ անհուսալի դժբախտ:

Հավանաբար մտորումներիս այս ծավալը չէի զետեղի, եթե ակնհայտ ապացույց չտեսնեի, որ սորոսասարսափի համաճարակը հասել է «Հայկական ժամանակ» թերթին: Այն, որ դեղին մամուլն ու ջրալի պապուլը շահախնդիր կամ անմեղսունակ, բայց սահուն ձեւով զոհվել էին համաճարակի անիվների տակ ու ինտեգրվել էին պրոպագանդային, ինձ նորություն չէր, որքան էլ չնկատեմ, ուրիշներից շատ ու շուտ եմ նկատում՝ գործի բերումով: Մեկ էլ, բարեւ ձեզ, թե բա՝ մենք արդեն հասել ենք ոչ ջրալի մամուլին ու ոչ դեղին պապուլին, մենք արդեն «Հայկական Ժամանակի» էջերից ենք թշնամիներ որոնում:

Վլադիմիր Մարտիրոսյանի «Ինչու է արթանցել Սորոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ» հոդվածը պարոն Մարտիրոսյանի ավանդական թեմատիկայից մի քիչ դուրս է: Հիմնականում ՀՀ արտաքին հարաբերությունների մասին գրող հեղինակը, հազվադեպ է անդրադառնում քաղաքացիական հասարակությանը, բայց մի հոդված ունի, որում պնդում է, որ «Հայաստանում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն...» (20.4.2018, ՀԺ): Իսկ հիմա, երբ սորոսոֆոբիայի համաճարակը հասավ կամ բացահայտվեց «Հայկական Ժամանակում», արդեն մտահոգություն ունի. «...Սորոսի տարատեսակ հիմնադրամներն աշխարհում հայտնի են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման եւ անցկացման մեջ մասնակցությամբ: Ընդ որում խոսքը ոչ թե դասական, այլ արտաքին քաղաքական օրակարգ պարունակող «գունավոր հեղափոխությունների» մասին է:»:

Մի կողմ թողնելով, որ այս միտքը իր ընդհանրականության մեջ նույնպես մանիպուլիացիա եւ կարծրատիպ է սղղացնում, փաստորեն, պարոն Մարտիրոսյանը, համարում է, որ այնուհանդերձ Սորոսը այնքան հացուպանիր կերել է, որ կարողացել է կազմակերպել գունավոր հեղափոխություն Հայաստանում: Սա շատ ծանր վիրավորանք է մեզ, բոլորիս հասցեին, եթե ոչ պրոպագանդիստական հնարք, կամ թյուրիմացություն: Ամեն դեպքում ներողությունը չէր խանգարի, թեկուզ «դուք ինձ լավ չեք հասկացել» կրկներգով: Թե ինչ է նշանակում «գունավոր հեղափոխություն», կամ «դասական գունավոր հեղափոխություն», բացի վիկիպեդիայի պատմությունները եւ այն, որ կեղծ հասկացություններ են՝ մեյդան բերված էլի նույն պրոպագանդիստական նպատակներով, ահագին լուրջ քննարկելիք է, կթողնենք հաջորդ կենացին:

Իսկ որ բոլոր հեղափոխություններին կարելի է հատկանշանական անուն տալ (վարդերի, նարնջագույն, կակաչների եւ այլն), ու պրոպագանդիստական նկատառումներով կոչել «գունավոր», հոդվածագիրը չէր կարող չիմանալ բավականաչափ կիրթ լինելու բերումով, ինձ ակնհայտ է:

Խոսքի ազատություն է անշուշտ, եւ լավ է, որ այդպես է, այլապես չէինք իմանա, թե արդեն ինչ են մտածում Հայաստանի առաջավոր թերթերից մեկում այստեղ օրինական գործող հիմնադրամի եւ դրա զարհուրելի նպատակների մասին: Զարմանալի է, թե ինչու ապրիլին՝ գունավոր հեղափոխության մասին հոդված գրելիս «Հայկական Ժամանակը» մտահոգություն չէր հայտնում այն մասին, որ ցուցարարների մեջ եւ Նիկոլի կողքին բազմաթիվ կասկածելի տպեր կան, որոնք կարող է ավիրեն Հայաստանը իշխանության մեջ հայտնվելով:

Այս համատեքստում շատ տրամաբանական եւ հետեւողական կլիներ, որ հոդվածագիրը կամ հենց «Հայկական Ժամանակ» թերթը Ազգային Ժողովին առաջարկի օրենք ընդունել բոլոր հիմնադրամների գործունեությունը Հայաստանում արգելելու մասին, հավելվածում էլ թող ցուցակը կցեն, որի սկզբից ու վերջից, մեջն էլ երկու տեղ թող գրեն «Բաց հասարակության կամ Սորոսի հիմնադրամ»:

Չեն կարծու՞մ «Հայկական Ժամանակում», որ այդպիսով Հայաստանը վերջապես ազատ կնչի այլեւս, ոչ հանքահենություն լինի, ոչ ցուցարար գնդակահարեն, ոչ ընտրակեղծիք կլինի, ոչ էլ հեղափոխություն: Ու լավ կլինի, որ այդ օրենքի նախագիծը մշակեն բոլոր այն պատգամավորները, որոնք այս կամ այն կերպ առնչութուն են ունեցել հիմնադրամների հետ, կամ բարեւել են հիմնադրամների աշխատողներին, եւ հիմա լուռ հետեւում են համաճարակի տարածմանը: Կարիք չկա նեղվելու այն մտքից, որ նման նախագծի գաղափարը կհամընկնի պրոպագանդիստների սրտից, հոգուց ու կճղակներից բխած ֆերամոնների սիմֆոնիային: Կարելի է մխիթարվել այնով, որ ամեն համընկում չէ, որ դիտավորություն է:

Պիտի որ հասկանալի լինի, որ ոչ ԱՄՆ ՄԶԳ-ն, ոչ ԱՄՆ կոնգրեսը, ոչ Եվրամիությունն ու դրա բազմաթիվ ստորաբաժանումները, ոչ էլ ԲՀՀ-Հայաստանը իմ աջակցության կամ պաշտպանության կարիքը չունի: Իրենց եւ այլ դոնորների օժանդակած ծրագրերի մասին բազմաթիվ բաց տեղեկություններ կան իրենց եւ դրամաշնորհառուների կայքերում: Ես չեմ էլ պատրաստվում պատմել, թե քանի աշխատատեղ է բացվել այս եւ այլ դոնորների դրամաշնորհներով իրականացրած ծրագրերի շրջանակներում, քանի կապալառու է եկամուտ ունեցել, որքան դրամ է այս կազմակերպությունների միջոցով հոսել ՀՀ տնտեսություն (Արցախը մտքներս), քանի հազար արժեքավոր հետազոտություն է իրականացվել հայաստանյան խնդիրների եւ կառավարման պրոբլեմների մասին, քանի օրենք ու ենթաօրենսդրական ակտ է փոխվել, լրացվել կամ ընդունվել, քանի հազար հոգի է խորհուրդ, օգուտ, իրավաբանական եւ այլ խորհրդատվություն ստացել, քանի հազար հոգու հոգս է թեթեւացվել, եւ քանի հոգի է թույնը սրտում, աղոթելով նահատակվել, որ հիմնադրամները փակվեն վերջապես: Իմացողը գիտե, ամեն ինչ չէ, որ պիտի բացատրվի, հետո ինչ, որ խոսքի ազատություն է:

Ամփոփելով այս հասունացած կենացը, պիտի տեղեկացնեմ, որ առաջընթացի կասեցման երազողները չեն կարծում, թե առաջընթացի կասեցման երազ է իրենց ուզածը, իրենք համոզված են, որ իրենք են առաջընթացը բերում: Սերժիկն էլ էր համոզված, Գալուստն էլ, Ֆրանկոն, Քադդաֆին, Պինոչետը, Հիտլերը, կապիկների տեր Գեբելսը եւ հարանման մյուս կերպարները: Նրանք, որքան էլ արյուն պղտորեն, պիտի գոյություն ունենան, որովհետեւ աշխարհը արդարությամբ է արժեքավոր: Պիտի լինեն եւ իմանան, որ ամեն անգամ, երբ ոտի տակ կընկնեն, կարող է չտեսնենք իրենց, որքան էլ ջանան: Պրոպկապիկներին միշտ թվալու է, որ իրենց բառապաշարը իմ բառապաշարից հարուստ է, իրենց հեծյալներին միշտ թվալու է, որ իրենց կապիկները մեզ վերադարձնելու են ջունգլիներ, որտեղ իրենք մեզ կհաղթեն: Մեղմ ասած՝ կերել են մեր գազի տրուբեն, թե կհաղթեն: Թող գնան ու երբ իրենցը կպատմեն պապաներին, էս էլ պատմեն, ասեն՝ Լեւոնը մեզ քրֆեց գեշ, ու խլինքները կուլ տան ...

Ձեր Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ
Լեւոն Բարսեղյան

Լուսանկարում՝ Սոռեսի նվեր տված գունավոր հեղափոխության գալստուկով ինքնանկար, կտավ, յուղաներկ. 60 սմ x 43 սմ: Տրետյակովյան հալերեա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս