loader
Գյումրու ավագանին քննարկեց քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը

Գյումրու ավագանին քննարկեց քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը

Գյումրի համայնքի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գյումրիից, մինչ նիստի մեկնարկը, քաղաքապետարանի դահլիճի մուտքի մոտ հավաքվել էին քաղաքապետի համախոհները, ովքեր աջակցություն են հայտնում գործող քաղաքապետին:

Մայիսի 14-ին Գյումրու քաղաքապետարանն ավագանու 13 անդամներից ընդունել է  քաղաքապետին անվստահություն հայտնելու դիմում: Ի դեպ, նրանցից 10-ը հենց «Բալասանյան» դաշինքից են: Նրանց միացել է մեկ թեկնածու ՕԵԿ-ից, երկուսը՝ ԲՀԿ-ից:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության խումբը ներկայացրել էր նաև իրենց թեկնածուին՝ ավագանու անդամ գործարար Տիգրան Հովհաննիսյանին, ով արդեն վեց տարի է ավագանու անդամ է:

Նիստի մեկնարկին «ԳԱԼԱ» խմբակցության անդամները նշեցին, որ սա կեղծ օրակարգ է, քանի որ նախաձեռնող խումբը հատուկ է Բալասանյանին անվստահություն հայտնում, որպեսզի նման կերպ կարողանա երկարացնել նրա գործունեությունը ևս մեկ տարով: «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից:

Թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս ընթացքում ինքն ընդհանրապես որևէ գործունեություն չի ծավալել, նշեց, որ ավագանու անդամ լինելու 6 տարվա ընթացքում ստացել է 700 գրավոր և նույնքան էլ բանավոր դիմումներ քաղաքացիներից:

«Վստահ եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում»,-նշեց թեկնածուն՝ հավելելով, սակայն, որ չնայած ինքը ևս ստորագրել է անվստահություն հայտնելու դիմումի տակ, այնուամենայնիվ, կողմ է Բալասանյանին: Թեկնածուն հրաժարվեց պատասխանել նիստում հնչեցրած որևէ հարցի:

Ավագանու նիստին բացակա էին ԲՀԿ 6 անդամ, ևս մեկը՝ «Բալասանյան» դաշինքից:  ՕԵԿ 2 ավագանիներ հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը:

Քվեարկությունը կայացավ: Բալասանյանը շարունակում է մնալ Գյումրու քաղաքապետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս