loader
Հանրությունը Մանվել Գրիգորյանին կոչումից զրկելու պահանջ է դնում Արցախի նախագահի առջև. Հայկ Խանումյան

Հանրությունը Մանվել Գրիգորյանին կոչումից զրկելու պահանջ է դնում Արցախի նախագահի առջև. Հայկ Խանումյան

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը բացահայտումներ կատարելուց հետո հասարակությունն այսօր խոսում է նրան Արցախի հերոսի կոչումից զրկելու մասին: Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը Հայաստան 24-ի հետ զրույցում նախ ասաց, որ Մանվել Գրիգորյանի կատարած թալանն իր համար նորություն չէ: Արցախյան ազատամարտի թեժ տարիներին էլ նա նույն գործով էր զբաղված:

«Մանվել Գրիգորյանին Արցախի հերոս շնորհելուց առաջ այդ մասին պետք է մտածեին, որովհետև նա Արցախում հայտնի է եղել ոչ միայն որպես գումարտակի հրամանատար, այլև մարդ, ով պատերազմի ժամանակ ամենաանտեղի զոհերն է տվել: Միևնույն ժամանակ Գրիգորյանը թե՛ Հադրութում, թե՛ Մարտակերտում զբաղվել է ենթակառուցվածքների թալանով, ուստի՝ նրան հերոսի կոչում տվողն այդ մասին պետք է մտածած լիներ»,- ասաց պատգամավորը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Գրիգորյանին կոչումից զրկելու մասին խոսակցություններն, ասել էր, որ վաղաժամ է այդ մասին խոսելը: Նա նշել է, որ բավական կոշտ և ծանր կասկածներ կան, բայց պետք է սպասել մեղադրանք առաջադրվելուն, լինի դատավարություն՝ ազատ, թափանցիկ, այնուհետև կխոսեն տարբեր հարցերի մասին: Ըստ Դավիթ Բաբայանի՝ ներկա դրությամբ պետք է ամեն ինչ անել, որ նախևառաջ կայունություն, խաղաղություն պահպանվի, եթե հարցը գնաց դատարան, ազատ, թափանցիկ դատավարությունից հետո կտեսնեն՝ ինչ է, ոնց է:

Անդրադառնալով այս տեսակետին՝ Խանումյանն արձագանքեց. «Իհարկե, պետք է նաև սպասել դատարանի որոշմանը, բայց միևնույն ժամանակ ողջունելի է, որ հանրությունը Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու պահանջ դնի Արցախի նախագահի առաջ: Հանրությունն արդեն նման պահանջ դնում է»,- ասաց նա:

Սենսացիոն տեսանյութի տարածումից հետո Հայկ Խանումյանը տասնյակ զանգեր ու հաղորդագրություններ է ստանում՝ մարդիկ պահանջում են ԵԿՄ վարչության նախագահի՝ Արցախի հերոսի կոչումից զրկելու նախաձեռնություն սկսել:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ բացահայտումների, Մանվել Գրիգորյանի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման: Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք: Հայտնաբերվել է նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Գեներալն ուներ նաև սեփական կենդանաբանական այգի:

 Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս