loader
Հարյուր օրվա շոուն. ռետրո

Հարյուր օրվա շոուն. ռետրո

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը փաստորեն չեղած տեղից կարգին շոուի վերածվեց: Նույնիսկ ֆիլմ էր նկարահանվել. հաղորդավարը խրոխտ ձայնով թվարկում էր Սերժ Սարգսյանի կատարած քայլերը, լրատվամիջոցների ղեկավարներն էլ ասում էին, թե ինչ են մտածում այդ ամենի մասին: Լավ ֆիլմ էր: 

Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը: Անգլիայի դպրոցներից մեկում աշակերտներին հանձնարարվում է շարադրություն գրել, որտեղ կլինի մի քիչ խորհրդավորություն, մի քիչ սեքս, և անպայման կհիշատակվի թագավորական ընտանիքը: Եվ ահա աշակերտներից մեկն ընդամենը մի նախադասություն է գրում. «Աստված իմ, գոչեց թագուհին, ես դարձյալ հղի եմ, և դարձյալ հայտնի չէ, թե ումից...»: Ճիշտ այդպես էլ Սերժ Սարգսյանի 100 օրերի մասին ֆիլմն էր. մի քիչ խորհրդավորություն կար (սև ու սպիտակ կադրեր, պայքար երևակայական կոռուպցիայի դեմ), մի քիչ հետապնդում (ոստիկաններն ընկել էին ինչ-որ «Նիվայի» հետևից) և այլն: Ափսոոս` «մարտի 1-ի ոճրագործության, քաղբանտարկյալների ու ընդդիմության հանրահավաքների մասին ոչ մի բառ չկար, բայց դրանք մանրուքներ են: Կարևորը` որ «գոլդ» համարով ավտոմեքենաներն էլ են տանում տուգանային հրապարակ: 

Իրականում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է, և պատահական չէ, որ նման փորձեր անողները «իհարկե, 100 օրը չափազանց կարճ ժամանակահատված է...» կամ «արդեն իսկ կատարած քայլերը նախանշում են...» բառերով սկսվող նախադասություններից հետո, անկախ իրենցից, միանգամից ամենակարևոր հարցին են անդրադառնում. այն է` արդյո՞ք հասարակությունը հավատում է այդ քայլերին: Հետաքրքիր է, չէ՞: Մարդը հարյուր օր անընդհատ հեռուստաէկրաններից երդվում է, որ ինքն անկեղծ է, ու նրան, միևնույն է, չեն հավատում: Գիտե՞ք թե ինչու: Որովհետև համոզված են, որ իրենց առջև սուտասան է: Ու բոլոր հիմքերն ունեն այդպես կարծելու համար: 

Բայց խնդիրը միայն սա չէ: Որպեսզի մարդիկ հավատան նախագահի խոսքին, նախ պիտի հավատան, որ նա նախագահ է: Այսինքն, պիտի հավատան, որ նա ընտրություններում իսկապես 52 տոկոս ձայն է ստացել: Դա ոչ ԿԸՀ որոշումով է լինում, ոչ էլ Սահմանադրական դատարանի վճռով, մարդիկ իրե՛նք պիտի հավատան: Հարց է ծագում` Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է հավատում, որ Սերժ Սարգսյանն իսկապես արդար պայքարում է նախագահ դարձել: Նույնիսկ նրա կողմնակիցները գիտեն, որ նա կեղծիքներով է նախագահ «ընտրվել»: Հետևաբար, երբ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս որպես Հայաստանի նախագահ, այլևս որևէ նշանակություն չունի, թե ինչ է ասում, որովհետև ի սկզբանե այդ ամենի հիմքում սուտն է: Այսինքն, ստի վրա է հիմնված նաև «նախագահի 100 օրը» բառակապակցությունը, և համանուն ֆիլմում ելույթ ունեցող լրագրողները երևի ճիշտ կանեին, եթե գոնե իրենք իրենց համար պարզեին` իրենք հավատո՞ւմ են, որ Սերժ Սարգսյանն իսկապես 52 տոկոս է ստացել: Խնդիրն այն չէ` ճի՞շտ քայլեր է անում, թե՞ սխալ: Խնդիրն այն է` ունի՞ այդ քայլերը կատարելու իրավունք, թե ոչ: Որովհետև եթե դու համակերպվում ես ապօրինի իշխանության հետ` պատճառաբանելով, թե «բայց ոնց որ լավ բաներ է ուզում անել», դրանով իսկ նրան իրավունք ես տալիս վաղն էլ «վատ բաներ անել»: 

Ի դեպ, «լավ բաների» մասին: Պատկերացնո՞ւմ եք, Երևանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը Երվանդ Զախարյանն է, օրինականության հիմնական «երաշխավորը» Աղվան Հովսեփյանն է, ժողովրդավարական ազատությունների վերականգնումով Հովիկ Աբրահամյանն է զբաղվում, պաշտոնյաների ազնվության համար պայքարող թիվ մեկ գործիչը Արմեն Գևորգյանն է, և այդպես շարունակ: Այս մարդկա՞նց պիտի հավատա հասարակությունը: Եթե այս մարդկանց ոտքերից բռնես ու մի լավ թափ տաս, գրպաններից Հայաստանի բյուջեի չափ փող կթափվի, իսկ եթե «գործընթացում» ներգրավես նաև Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, «արդյունքը» կգերազանցի նաև Ադրբեջանի բյուջեն: Ու հիմա, սրանց կարծիքով, հասարակությունը մտածում է` հավատա՞ իրենց, թե ոչ: Հասարակությունն իր համար այդ հարցի պատասխանը վաղուց է գտել:

«Չորրորդ իշխանություն», հուլիսի 19, 2008թ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս