loader
 Հայաստանը  պահեստ  չէր,  որ հանձնում-ընդունում  լիներ

Հայաստանը պահեստ չէր, որ հանձնում-ընդունում լիներ

Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիք հեռուստաընկերությանը և  անդրադարձել է իրեն հուզող գրեթե բոլոր հարցերին:

Մեղադրյալ Քոչարյանը նշել է, որ նոր իշխանություններն իրենց քայլերով արեցին ամեն ինչ, որպեսզի ինքը վերադառնա քաղաքականություն, Վարչապետն  ուղղակի պատասխանատվություն է կրում մարտի մեկի անկարգությունների համար, նաև շատ կարևոր է համարել իրեն հետապնդելու համար Արցախի հանգամանքը, որ իր անցյալն  ու տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով: Այնուհետև մեղադրյալ Քոչարյանը ակնհայտ սուտ է ասել.

«Ես ընդունել եմ Հայաստանը մի վիճակում, երբ Երևանում կար ընդամենը 3 լուսավորված փողոց։ Ամբողջ Երևանում աշխատում էր երկու ռեստորան։ Մեկը ոնց որ այսօր եմ հիշում, մեկի անունը «Մոսկվա ռեստորան» էր, Կինո Մոսկվայի շենքում էր։ Եվ Պռոշյանի վրա մեկ ռեստորան կար և երկու խորովածանոց։ Չկար այլևս ոչինչ։ Բենզինը վաճառում էին կանիստրերով, փողոցներում։ Կարծում եմ՝ մարդիկ սա լավ են հիշում»:

Էլի լիքը բաներ է ասել, բայց մենք ընթերցողի  համբերությունը չչարաշահելու համար կանգ ենք առնում: Եվ փորձում հասկանալ մեղադրյալին: Սկսենք վերջից:Նախ Հայաստանը պահեստ չէր,որ հանձնում –ընդունում լիներ: 

Ինքը նախագահի պաշտոնն է զբաղեցրել, իսկ  նախագահի պաշտոնը ստանձնում են համաժողովրդական ընտրությունների միջոցով:Կամ էլ կարող է, որ իր ընտրությունները միշտ կասկածելի են եղել, դրա համար է ասել ընդունեցի: Սա ի միջի այլոց: Սկսենք վերջից: Նկատենք և նույնիսկ շեշտենք, որ Էներգետիկ ճգնաժամը Հայաստանում արդեն 1995-ին հաղթահարված էր,կանիստրերով բենզին վաճառելը վաղուց արդեն հիշողություն էր դարձել: 

Ռեստորաններ կային ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում այլև մատույցներում: Ամենայն հավանականությամբ, ինքը,որ նոր էր եկել Երևան,  Կինո Մոսկվայի տեղն է իմացել, դե Պռոշյան փողոցն էլ իր բնակության վայրին մոտ էր: Իսկ ինքը նախագահի աթոռը զբաղեցրել է 1998թ: Բնական է,որ ինչ ասում է իրականության հետ աղերս չունի: Հաստատ մեղադրյալի հիշողության հետ ինչ-որ բան այն չէ:

Այնուհետև մեղադրյալ Քոչարյանը շատ կարևոր է համարել իրեն հետապնդելու համար Արցախի հանգամանքը, որ իր անցյալն  ու տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով: Դիմենք ժամանակակից բառապաշարին:

Տեղ հասանք: Դե լավ է, որ կա Արցախի հարց: Իշխանության եկավ Արցախի հարցը շահարկելով, հիմա էլ արդարադատությունից է ուզում խուսափել և էլի Արցախի հարցի հայանպաստ լուծող է իրեն հորջորջում: Արցախի հարցի հայանպաստ լուծման հարցում  շատ ավելի շահեկան վիճակում կլիներ եթե մեղադրյալը լռեր, ինչպես տեսնում ենք չի լռում և ոչ միայն չի լռում այլև իր ձախողումների սլաքը ուղղում է այլոց կողմը:

Մենք էլ չենք լռում  և դարձյալ հիշեցնում ենք մեղադյալ Քոչարյանին: Այն ո՞վ էր, որ Ստամբուլում ստորագրեց խարտիան, որին 1996թ. Լիսաբոնում վետո էր դրել Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ Ստամբուլի խարտիան ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  Ղարաբաղի հակամարտությունը՝որպես Ադրբեջանի ներքին գործ: Այն ո՞վ էր, որ Ղարբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից: Իհարկե, այս հարցերի պատասխանը մեղադրյալը հրաշալի գիտի, բայց, դե Արցախի հարցը շահարկելը  փորձված է, և մի անգամ արդեն հաջողություն ունեցել է՝ 1998թ-ին: Բայց  արդեն 2019թ-ն է: Էս բոլորից հետո բարձրաձայնում է Արցախի հարցի հայանպաստ լուծումից և երբ իրեն առաջադրված է ծանրագույն մեղադրանք, և այդ ծանրագույն մեղադրանքը կապում է Արցախի հարցի հայանպաստ լուծման հետ, դա այլ բառով անհնար է բնութագրել քան դեմագոգիան է: Շատ պրիմիտիվ է:

Մարտի մեկի արյունահեղությանն էլ անկարգություն է ասում, և պատասխանատվությունն էլ թողնում է Նիկոլ Փաշինյանին: Կարելի է մտածել, թե 2008թ մարտի մեկին Նիկոլ Փաշինյանն էր զորքերի գլխավոր հրամանատարը և ինքն էր  հրաման տվել կրակել խաղաղ ցուցարարների վրա: Մեղադրյալ Քոչարյանը ասել է, որ իշխանություններն ամեն ինչ արել են,որ ինքը քաղաքականություն վերադառնա:  Մարդ վերադառնում է մի տեղ, որտեղից հեռացել է: Ախր մեղադրյալ Քոչարյանը քաղաքականության մեջ չի էլ եղել, որ վերադառնա:  

Հիշու՞մ եք, երբ չարաբաստիկ 1998թ-ին հայտարարում էր,  թե իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է անհեթեթությունը: Մի տարի է հայտարարում է, թե վերադառնում եմ, բայց դարձյալ կուսակցություն չի ստեղծում կամ էլ չի անդամագրվում որևէ կուսակցության: Երբ խոսք է լինում արդարադատության առջև պատասխան տալուն մեղադրյալը քաղաքականության վերադարձի մասին է խոսում: Մի տարի է ընդդիմադիր ուժերի առանցք  է ձևավորում: Բա ու՞ր է էդ առանցքը: Ամբողջ հարցազրույցն ինքնաարդարացման անհաջող փորձ էր:

Շատ ավելի արժանապատիվ կլինի,որ  ոչ մի հարցազրույց էլ չտա, իր հզոր փաստաբանական խմբով դատարանում ապացուցի իր անմեղությունը: Իսկ հարցազրույցներով ավելորդ անգամ հիշեցնում է իր ղեկավարման տարիներ ավերածություններն ու մղձավանջը: Հասարակության հիշողությունն այդքան կարճ չէ , ինչքան որ  ինքն է պատկերացնում:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս