loader
Freedom House. Հայաստանի  թուլությունների թվում են ոչ ազատ ընտրությունները

Freedom House. Հայաստանի թուլությունների թվում են ոչ ազատ ընտրությունները

Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային մակարդակով ժողովրդավարության անկման 12-րդ տարին: Անկում է նկատվում ինչպես զարգացող, այդպես էլ՝ զարգացած ժողովրդավար երկրներում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Freedom House-ի Եվրասիական ծրագրերի ղեկավարը.

«Մենք անկում ենք գրանցում ինչպես ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այդպես էլ օրինակ Եվրասիայի տարածաշրջանում»:

Համաշխարհային մակարդակով վատագույն իրավիճակն է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիտրեայում և Հյուսիսային Կորեայում: Վերջին տասնամյակում խոշորագույն անկումը ժողովրդավարության զարգացման առումով գրանցել է Թուրքիան, որը 34 միավոր է կորցրել՝ մասնակի ազատից դառնալով անազատ: Բացասական վարկանիշով առաջատարներն են նաև հարևան Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ գրանցվել են մարդու իրավունքների խոշորագույն խախտումներ, լրագրողների սպանություններ, մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ:

Freedom House-ի մասնագետի խոսքով, անազատ երկրներում իշխանությունները փորձում են սեփական ժողովրդի մեջ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ անվստահություն սերմանել.

«Նման ցինիկ մոտեցումը թուլացնում է ամբողջ ժողովրդավարական գործընթացը, այդ թվում և ընտրությունները: Ավելին՝ մարդիկ սկսում են չհավատալ, որ որևէ դրական բան հնարավոր է։ Նրանք դառնում են ցինիկ և հրաժարվում մասնակցել դեմոկրատական գործընթացներին»:

Հայաստանի հիմնական թուլությունների թվում են ոչ ազատ ընտրությունները, որոնք, իրավապաշտպանների կարծիքով, պատեհ չեն ժողովրդավար ուղին բռնած երկրին: Հայաստանի առավելություններից է ամուր և կենսունակ քաղաքացիական հասարակությունը.

«Հայաստանն ունի հզոր քաղաքացիական հասարակություն և մեծ ներուժ՝ մարդու իրավունքները հասարակական մակարդակով պաշտպանելու համար՝ Հայաստանում կան մեծ թվով մարդիկ, ում համար այս խնդիրները կարևոր են, և դա է Հայաստանի լուրջ առավելությունը»:

Իր զեկույցում Freedom House-ը դիմում է նաև Ամերիկայի և Եվրոպայի զարգացած ժողովրդավար երկրներին՝ կոչ անելով ակտիվորեն զբաղվել ժողովրդավարության տարածմամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ ոչ միայն սեփական երկրներում այլև՝ աշխարհով մեկ:

Ամերիկայի Ձայն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս