loader
Հեղափոխությունը դիրքային պայքարի փուլում է

Հեղափոխությունը դիրքային պայքարի փուլում է

ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Եվ այսպես, թավշյա հեղափոխության ամենադժվար փուլը սկսված է։ Կառավարությունը ձևավորված է, ոլորտային պատասխանատուները հայտնի են, ու մարդիկ ամենատարբեր պահանջներով բողոքի ցույցեր են անում և անպայման պահանջում հանդիպում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալելով իրենց խնդիրների այսրոպեական լուծում։ Հոգու խորքում նրանք, իհարկե, գիտեն, որ դա անհնար է, բայց հեղափոխության իներցիան իր տրամաբանությունն ունի։

Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող մի քանի օրում լուծել այն պրոբլեմները, որոնք կուտակվել են տարիների ու նույնիսկ տասնամյակների ընթացքում։ Ավելին՝ խնդիրը ոչ այնքան ժամանակի սղությունն է, որքան լծակների բացակայությունը։ Առայժմ նույնիսկ խաղաղ ցուցարարների վրա հարձակված բանդիտներին պատասխանատվության ենթարկել չի ստացվում. գլխավոր դատախազը «խուլիգանության հանցակազմ չի տեսնում», և վերջ։ Իսկ գլխավոր դատախազ կարելի է նշանակել միայն խորհրդարանի ձայների երկու երրորդով, ու այդքան ձայն Նիկոլ Փաշինյանը չունի։ Հենց դրա համար էր Սերժ Սարգսյանը «կուռ պահում» կուսակցության շարքերը։ Ու հիմա այդ «կուռ թիմով» գտնվում է ստվերում՝ խուսափելով հրապարակային ելույթներից ու մարդկանց աչքին երևալուց։ Միաժամանակ թաքուն հրճվանքով հետևելով բողոքի ակցիաներին (իսկ որոշ իրազեկ մարդկանց տեղեկությունների համաձայն՝ «տակից» հրահրելով դրանք)։ Տրամաբանությունը հասկանալի է. «դե տեսնենք էդ մեծ-մեծ խոսողները ոնց են լուծում խնդիրները»։

Ի՞նչ պիտի անի այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը.

1. Պիտի հնարավորինս արագ լուծի բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել առկա լծակներով։

2. Պիտի ստեղծի աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն առաջնահերթ խնդիրների լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ցանկը։

3. Պիտի ժողովրդի տարբեր սոցիալական խմբերին բացատրի (ԶԼՄ-ների միջոցով կամ անմիջական հանդիպումների ընթացքում), թե ինչու է ձգձգվում այս կամ այն խնդրի լուծումը, ովքեր են խոչընդոտում, և ինչ քայլեր են պետք՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար։

4. Պիտի հնարավորինս արագ կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ (թեկուզ՝ գործող ընտրական օրենսգրքով), որպեսզի խորհրդարանում ձևավորվի կայուն մեծամասնություն, և հաջորդ կառավարությունը լիարժեք լծակներ ունենա։

Իրականում սա բավականին բարդ է, որովհետև խանգարողները շատ են լինելու։

Գրիգոր Ոսկանյան

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս