loader
ՀՀԿ-Ի համար գաղջն ու կայունությունը հոմանիշներ են

ՀՀԿ-Ի համար գաղջն ու կայունությունը հոմանիշներ են

ԳԱՂՋԻ ԼԱԶԱԹԸ

Հայաստանում և Ադրբեջանում բառացիորեն նույն գործընթացներն են տեղի ունենում։ Նույն օրը, գրեթե նույն ժամին պաշտոնապես հայտարարվեց, որ Իլհամ Ալիևը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Ադրբեջանի նախագահ (86 տոկոս ձայներով), Հայաստանի իշխող կուսակցությունն էլ երրորդ անգամ անընդմեջ պետության ղեկավարի պաշտոնը Սերժ Սարգսյանին վստահելու որոշում է ընդունել (միաձայն)։

Զավեշտն այն է, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե կուսակցության Գործադիր մարմնի անդամներից որևէ մեկի մտքով անգամ չի անցել այլ թեկնածություն, իսկ ահա Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե «ՀՀԿ-ում վարչապետի թեկնածության քննարկումները թեժ են եղել»։ Այսինքն՝ Շարմազանովի պարզունակ ուղեղն ի զորու չի եղել ընկալել այն պարզ իրողությունը, որ եթե անգամ կուսակցությունում որևէ մեկն իրավունք չունի առանց շեֆի թույլատրության քորել ծոծրակը, չի կարելի հրապարակել այդ փաստը, որովհետև դա պատիվ չի բերում երկրին։ Իսկ Դավիթ Հարությունյանն այդքանը հասկացել է, դրա համար էլ ձևացնում է, թե քննարկում այնուամենայնիվ եղել է, այն էլ՝ թեժ։ Իսկ որ իրականում ոչ մի քննարկում էլ չի եղել՝ հասկանալի է։ Ինչի՞ շուրջ պիտի թեժ քննարկում ծավալեին։ Պիտի վիճեին, թե ի՞նչ տիտղոսով մեծարեն անփոխարինելի առաջնորդին, թե՞ պիտի որոշեին՝ առաջնորդին ոսկեզօծ կառքո՞վ տանեն ԱԺ հանդիսավոր նիստին, թե՞ ձեռքերի վրա։

Ամեն դեպքում փաստը մնում է փաստ՝ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ նույն անձի՝ երրորդ անգամ անընդմեջ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը վատ բան է և շատ բացասաբար է անդրադառնալու երկրի միջազգային հեղինակության վրա։ Բնականաբար՝ Սերժ Սարգսյանը նույնպես գիտակցում է դա (ղարաբաղյան պատերազմին ինչ-որ մասնակցություն այնուամենայնիվ ունեցել է և գիտի, որ մեր հաջողություններին մեծապես նպաստել է նաև Հայաստանի՝ «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ» հռչակվելու հանգամանքը)։ Իսկ եթե գիտի ու միաժամանակ գնում է երրորդ ժամկետի, նշանակում է՝ իր անձնական իշխանությունը պետության միջազգային հեղինակությունից բարձր է գնահատում։ Եթե որևէ մեկն այլ բացատրություն ունի՝ ուշադիր կլսենք։

Մի խոսքով՝ ժողովրդավարության առումով Հայաստանն իջավ Ադրբեջանի մակարդակին։ Տեղի ունեցավ այն, ինչին այնքան երկար ժամանակ սպասում էին Ադրբեջանում, որովհետև դրանով Հայաստանը զրկվեց իր կարևորագույն հաղթաթղթերից մեկից։ Սա, ի դեպ, վերաբերում է նաև Արցախին...

Գրիգոր Ոսկանյան

Ամբողջական՝  «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս