loader
Հովիկ Հարությունյան. Կարծում եմ, ԱԱԾ-ն պետք է խուզարկեր ոչ միայն Մանվել Գրիգորյանի տները

Հովիկ Հարությունյան. Կարծում եմ, ԱԱԾ-ն պետք է խուզարկեր ոչ միայն Մանվել Գրիգորյանի տները

Վերջին օրերի գլխավոր, միակ և ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, նրա տան խուզարկությունը, հայտնաբերվածի հրապարակումը: Այսօր էլ Ազգային Ժողովը անձեռմխելությունից զրկեց Մ. Գրիգորյանին:  

Այս թեմաների շուրջ էլ զրուցեցինք «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ, «Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Հարությունյանի հետ:

- Պրն. Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Մանվել Գրիգորյանի ձերբակալումը, նրա վերաբերյալ հրապարակած փաստերը: Ձեր համար անսպասելի՞ էր այս ամենը:

- ԱԱԾ-ն միշտ կարող է որևէ առիթով ցանկացած կասկածելի մարդու տուն խուզարկել: Իհարկե՝ օրենքի շրջանակներում: Այս գործողությունները շատ վաղուց պետք է անեին: Ես կարծում եմ, որ այն, ինչ մեզ ներկայացվեց ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում, դա զենքերի առումով մի չնչին մասն է: Հիմա սա շատ վաղուց կարելի էր անել, ու բոլորի տները: Սկսած պատգամավորներից: Որ գնան, նրանց տները խուզարկեն, այլ բաներ չե՞ն գտնելու: Գտնելու են:

- Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո այժմ շատ է խոսվում Երկրապահ Կամավորների Միությունը փակելու, նրա գործունեությունը դադարեցնելու նպատակահարմարության մասին: Որպես ԵԿՄ-ի ստեղծման ակունքներում կանգնած մարդ, որքանո՞վ եք ճիշտ համարում նման տեսակետը:

- Գտնում եմ, որ ԵԿՄ-ն լավ կառույց է, ունի իր գործառույթները, որոնք պետք է իրականացնի: Վազգեն Սարգսյանի օրոք նորմալ էր, ամեն ինչ ընթանում էր ճիշտ հունով՝ իր բոլոր բացասական կողմերով հանդերձ: Բայց հարկավոր կառույց է, անհրաժեշտ, վերջապես՝ ոգևորող կառույց է եկող սերնդի համար: Կան մասնակիցներ, հերոսներ, պատմություն: Եթե ԵԿՄ-ն ճիշտ աշխատի, ինքը հրաշալի, շատ լավ կառույց կդառնա:

Ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ մարդու ձեռքը ատոմային էներգիա ես տալիս. եթե տնտեսության մեջ է օգտագործում, հրաշալի է, եթե զենքի մեջ է օգտագործում, մահաբեր է:

Նույնը Երկապահն է: Եթե այն օգտագործես ի շահ պետության, հասարակության, ապա հրաշալի է, բայց եթե օգտագործես որպես իշխանության զենք, և այն էլ՝ հլու-հնազանդ զենք, ապա այն վտանգավոր է:

Մանվելը բազմաթիվ հանցանքներ է գործել, և հենց դա էլ հաշվի առնելով, նրան սանձած էին պահում. որ խելոք մնա, քեզ ինչ ասում ենք, դա էլ արա: Ու Մանվելը այդպես էլ անում էր: Նա այլ տարբերակ չուներ: Ուներ տարբերակ, բայց դա շատ մարդկային տարբերակ է, իսկ դա նրա մոտ բացակայել է: Երևի՝ ի ծնե:

Մանվելը մարդու գռփող տեսակն է: Ամեն ինչի գռփողի. քյասիբից, ունևորից, չունևորից: Բայց ԵԿՄ-ն կարևոր կառույց է:

- Այսինքն, այժմ ինչպե՞ս եք տեսնում ԵԿՄ-ի հետագա գործունեությունը:

- Այսպես եմ մտածում. պետք է հրավիրվի արտահերթ համագումար: Օրենքով պետք է արվի: Այսօր վարչապետը իր օրինակով ցույց է տվել, որ երկրում գոյություն ունի օրենք, որը կարելի է օգտագործել և հրաշալի արդյունք ստանալ:

Այսինքն, օրենքով համագումար պետք է լինի: Մեր «Ազատամարտիկների դաշինքը» կոնկրետ լավ առաջարկ է անում: ԵԿՄ առաջին վարչության անդամները, որոնք եղել են, նրանք ԵԿՄ-ի, այսպես ասած՝ սերուցքն էր: Մաքուր տղաներ էին, որոնք, ոնց Վազգենը կասեր՝ «սրսուռ տղերք» էին: Մեծամասամբ ազնվագույն տղաներ էին. պետք է հավաքվի այդ խումբը և՝ որպես այլևս նախաձեռնող խումբ, կազմակերպի արտահերթ համագումար և ընտրություններ, նորմալ վարչություն ընտրվի:

ԵԿՄ-ում շատ բան կա, որ պետք է փոխվի: Ես նույնիսկ կողմ չեմ այդ պիոներիային, որը կարող էին ունենալ գերմանացիները, Իտալիան՝ միլիտարիստական նկրտումներով: Դա շատ վատ բան է: Առաջին հայացքից՝ լավ բան է, բայց ատոմային էներգիայի այդ օրինակն արդեն բերել եմ, ընկնում է մեկի ձեռքը, որը կարող է ի չարս օգտագործել:

 Արդեն այդ համագումարում ԵԿՄ-ի կանոնադրությունը պետք է փոխվի, արդիականացվի, համահունչ լինի ժամանակի պահանջներին: Եվ ԵԿՄ-ն չլինի իշխանամետ, ընդդիմադիր, նա պետք է ինչ որ առումով հասարակության տարբեր օղակների միջև հաշտեցնողի, միավորողի դեր տանի: Այսպես ասած՝ բալանսավորող լինի:

Կարող է հարց առաջանալ. իսկ ո՞ր իրավունքով ԵԿՄ-ն պետք է հաշտեցնողի դեր ունենա: Պատասխանը միակն է. այն իրավունքով, որը ազատամարտիկը վաստակել է:

- Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց:

-Դա Մանվելի «շնորհքն» էր: Նա այնպես արեց, որ լինելով բավական թույլ մարդ, իր շրջապատում չունենա խարիզմատիկ, վառ, ուժեղ անհատականություններ: Դա իրեն պետք չէր: Նա այն ժամանակ շրջապատված էր լուրջ դեմքերով, զինվորականներով: Ինքը իր բոլոր մարտական ընկերներին վանեց դուրս, ստեղծեց պայմաններ, որ մարդիկ զզվեն, թքեն ու  հեռանան: Այդպես էլ եղավ:

Ու տրոհվեց: Հետո հեռացողները սկսեցին ամեն մեկը մի կառույց ստեղծել: Մինչդեռ ՀԱԲ-ի լուծարումից հետո ես Վազգեն Սարգսյանին առաջարկեցի նրանց ԵԿՄ բերել՝ Ռազմիկ Վասիլյանին, «Ճայ Մայիսին», Ասլանին... բոլորին: Հրավիրեցինք, խորհրդի անդամ ընտրեցինք: Այսինքն, այդպես արեցինք, որ այդ մարդիկ դուրս չմնան,  իրենց գիտելիքները, փորձը օգտագործվեն, բացի այդ՝ վերահսկելի լինեն: Շատ արդյունավետ ու ճիշտ ստացվեց:

Իսկ Մանվելը բոլորին վանեց: Դրա համար կտոր-կտոր եղանք, իսկ այդ կտորներին միշտ տեր է լինում: Միշտ հայտնվում է մեկը. կուսակցություն, օլիգարխ, մի քաղաքական կառույց, որը սկսում է այդ կտորը իր շահերին ծառայեցնել:

Մանվելին պետք էր, որ իր կողքը լինեին հլու-հնազանդ կատարողներ: Մեր օրոք նման բան չկար, որ իրեն այդքան տեղ տայինք, մեծարեինք, ինչ որ «զորավար» ասեինք: Նման որակում մենք նրան չենք տվել: Որևէ մեկը իրեն թույլ չի տվել նրան «զորավար» ասի:

Բայց մեր հեռանալուց հետո, մարդիկ քաղաքականություն էին մշակել, որ ով որտեղ նստի, անպայման Մանվելի անունը տալուց ասի «զորավար» Մանվել Գրիգորյան: Իմիջայլոց, ասեմ, որ Վազգեն Սարգսյանը շատ վատ էր զգում, երբ նրան Սպարապետ էին ասում: Իր կենդանության օրոք: Նույնիսկ մարդկանց վիրավորում էր. «Սպարապետը դու ես»:

Իսկ այս մարդը դրանից հաճույք էր ստանում: Որ իրեն «զորավար» էին ասում: Ու այդպես եկավ, տարածվեց մինչև Ազգային Ժողով: Այդպիսի զորավարներ Հայաստանում լիքը կան, բոլորն էլ զորավարներ են, իրենից ավելի լավ: Երբեք Ժիրայր Սեֆիլյանին չենք ասել զորավար, որի մասին՝ ի դեպ, երբ Մանվելին հարցնում էին, ասում էր՝ չեմ ճանաչում:

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս