loader
Հրաժարական տալու պատճառ չեմ տեսնում. Մեծամորի քաղաքապետ

Հրաժարական տալու պատճառ չեմ տեսնում. Մեծամորի քաղաքապետ

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին վերականգնել համայնքի բյուջեն: Վերջինս խնդրել է գումարը վերադարձնելու հնարավորություն տալ, իսկ մարզպետը պնդել է մինչև տարեվերջ պակասորդը վերականգնելու պահանջը:

Քաղաքապետը, Հայաստան 24-ի հետ զրույցում, սակայն հերքում է և պնդում, որ նորանշանակ մարզպետից նման հանձնարարական չի ստացել: Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպել են միայն մարզխորհրդի նիստին և այդպիսի խոսակցություն չեն ունեցել:

Ռոբերտ Գրիգորյանի խոսքով՝ մարզում միակ համայնքապետն է, որը կարողանում է բարձր կատարողական ապահովել:

«Այս պահի դրությամբ սեփական եկամուտների կատարողականն ապահովել եմ 106 տոկոսով: Երբեք այդ գործում չեմ թերացել»,- նշեց նա:

Մեծամորի քաղաքապետը ժխտում է, որ ունի հյութերի գործարան և խուսափում է հարկերը վճարել:

«Ես ոչ մի արտադրամաս էլ չունեմ: Մեր քաղաքը փոքր է, կարող եք քաղաքացիներից ճշտել՝ գործարան ունե՞մ, թե՝ ոչ»,- ասաց Ռոբերտ Գրիգորյանը:

Մեծամորի քաղաքապետն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Հարցին, եթե քաղաքացիները մերժեն իրեն և հրաժարական պահանջեն, դարձյա՞լ չի թողնի 9 տարվա քաղաքապետի պաշտոնը, Գրիգորյանը պատասխանեց. «Ես հրաժարականի պատճառը չեմ տեսնում, դա ինձ չի վերաբերում: Մեր քաղաքի բնակիչներն ինձ շատ հարգում, սիրում են, եթե նման բան լինելու լիներ, կարծում եմ՝ մինչև այսօր արդեն եղած կլիներ: Իմ և իմ բնակիչների մեջ փոխադարձ շատ մեծ հարգանք ու վստահություն կա, որն այս պահին ամենակարևորն է»:

Հիշեցրեցինք, որ շաբաթներ առաջ մեծամորցիները դուրս էին եկել փողոց և իր հրաժարականն էին պահանջում: Պարզվեց, որ Գրիգորյանի հիշողությունը կարճ է՝ նման բան չի մտաբերում:

Ռոբերտ Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, նա էլ շատերի պես ուրացավ հարազատ կուսակցությունն ու անդամատոմսից հրաժարվեց: Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն լքելու պատճառը պաշտոնավարելը շարունակելն է, ասաց. «Այդպես էր իր ինձ պետք: Դա իմ անձնական իրավունքն ու որոշումն է»:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս