loader
«Իմ քայլը» նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

«Իմ քայլը» նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները ԿԸՀ են ներկայացրել դաշինքի նախընտրական ցուցակը, որում ընդգրկված է 183 թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։ Վերջինս ասաց, որ «Քաղաքացիական պայմանագրից», «Առաքելություն» կուսակցությունից, ինչպես նաև լայն հասարակական ընդգրկվածություն ունեցող ցուցակ են ներկայացրել:

Նա նշեց, որ որպես հեղափոխական թիմ՝ ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցեն «Իմ քայլը» դաշինք ֆորմատով:

«Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, որը զբաղվել է կուսակցական հարցերով, կառավարության և ԱԺ անդամներն են»,- ներկայացրեց նա:

Կոստանյանի խոսքով՝ «ՔՊ»-ի ցուցակը հեղափոխական է իր ամբողջ բովանդակության մեջ։

«Մենք առաջնորդվել ենք նաև այն տրամաբանությամբ, որ ժամանակն է քանդել բարիկադները, հենց սրանով է պայմանավորված, որ ցուցակում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը»,- ասաց Վահան Կոստանյանը։

Նա պարզաբանեց, որ ցուցակը կազմելիս հաշվի են առել տվյալ մարդկանց պրոֆեսիոնալիզմն ու անցած ճանապարհը: Շատ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել ցուցակին: Կոստանյանը վստահեցրեց, որ ինչպես մերժել են ընտրակաշառքների ինստիտուտն, այնպես էլ շարունակելու են մերժել: Իսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել դրանով, «ՔՊ»-ի թիմում տեղ չունեն: 

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ցուցակում շատ են լրագրողները, Կոստանյանը նախ նկատեց, որ շատ չեն, հետո ավելացրեց. «Կան մի քանի լրագրողներ, օրինակ՝ Թագուհի Թովմասյանը, Սիսակ Գաբրիելյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը: Տրամաբանական է, որ մարդիկ երկար տարիներ զբաղվել են քաղաքականության լուսաբանմամբ, նաև հասկանում են քաղաքական պրոցեսները և ցանկություն ունեն մասնակցություն ունենալ քաղաքական պրոցեսներին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս