loader
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը անհայրենիք է անվանել արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը անհայրենիք է անվանել արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չափազանց տհաճ վիճակի մեջ է հայտնվել: Վերջինս հանկարծ ու որոշել էր, որ ով արցախյան հակամարտության կարգավորման հարցում խոսում է փոխզիջումներից, ուրեմն անհայրենիք կերպար է:

Այդպես էր նա մասնավորապես որակել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, որն ընդամենը ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների: Ու Սոֆյա Հովսեփյանը այնքան գոհ է իր որակումներից, միանգամից օրվա հերոս է հռչակվել, լիքը լայքեր է հավաքել, բազմաթիվ օգտատերեր գրել են՝ հալալ է, աղջիկ ջան, ապրես, կեցցես, էս ի՜նչ հայրենասեր ես դու, քո նմանները մեր հայրնենիքի նվիրյալներն են ու այսպես շարունակ: Էլ ավելի գոհ է, որ այդպիսով «ՓՈԽԶԻՋՄԱՆ գաղափարի ակտիվ պրոպագանդմանը հազարավոր զիջող բացահայտեց»: Սա ինքն է գրել:

Իսկ տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել, քանի որ նա ոչ թե Լևոն Զուրաբյանին է անհայրենիք կերպար անվանել, այլ... ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին:

Այո, ՀՀ ներկայիս արտգործնախարարը բազմիցս խոսել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ մասին:

Բերենք օրինակներ, որ հետո չասեն, թե օդում կախված լուրեր ենք տարածում:

Մասնավորապես, 2018թ. մայիսին 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ Զոհրապ Մնացականյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ասել է. «Բոլորիս հույսն է, որ կարգավորումը կլինի շատ շուտով, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները: Բնական է, մենք խոսում ենք ՓՈԽԶԻՋՄԱՆ մասին...»: Սա իր բառերն են, կարող եք սա կարդալ ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում: Հղումն էլ տալիս ենք՝ հատուկ Սոֆյա Հովսեփյանի համար, որ ավելորդ նեղություն չքաշի:

Մյուս մեջբերումը ավելի վատ վիճակի մեջ է դնելու այս նորելուկ «հայրենասերին»: Ընդամենը 2 ամիս առաջ՝ 2018թ. դեկտեմբերի 12-ին, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զ.Մնացականյանն ասել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ հիման վրա: Սա էլ՝ հղումը:

Մեր, իսկ եթե ավելի բծախնդիր լինենք՝ Սոֆյա Հովսեփյանի արտգործնախարարը հերիք չէ, խոսել է ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ հիման վրա հակամարտության կարգավորման մասին, մի հատ էլ գիտե՞ք, թե ում հետ զրույցում է դա ասել. չեք պատկերացնի՝ թուրք լրագրողների: Սա հատուկ ենք շեշտում, քանի որ Լևոն Զուրաբյանին մի հատ առանձին ծանր մեղադրանք են ներկայացրել, թե ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել, մեր թշնամուն փոխզիջումների մասին է ասել, դավաճանություն է, վառել է պետք, դատել, գյուլլել:

Հիմա ի՞նչ ստացվեց. վատ բան՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը իր իսկ կառավարության անդամին անվանել է անհայրենիք կերպար, դավաճան, «թափելու ապրանք»:

Մեզ թվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի թեթև պետք է խելք սովորեցնի «Իմ քայլի» նման պատգամավորներին, որոնք հայրենասերի պատմուճան հագնելով, իրենց անխոհեմ վարքագծով իրականում հենց իշխանություններին են հարվածի տակ դնում, ու հետագայում էլ արտաքին քաղաքական թատերաբեմում Հայաստանին են բազմիցս անհարմար վիճակի մեջ դնելու: Թող խոսեն միայն նրանից, ինչից հասկանում են, տեղեկացված են, հակառակ դեպքում ահա այսպիսի աբսուրդ իրավիճակներ են լինելու, երբ պատգամավորը իր իսկ նախարարին անհայրենիք կերպար է որակում:

Հ.Գ. Մի փոքր խնայում ենք «Իմ քայլի» պատգամավորին. բա որ հանկարծ պարզվի, որ երկրի ղեկավարն էլ է խոսել ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ մասին, չգիտենք, խեղճը ոնց է տակից դուրս գալու:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս