loader
Ինչո՞ւ Վալերիյ Օսիպյանը և Դավիթ Անանյանը պահպանեցին իրենց պաշտոնները

Ինչո՞ւ Վալերիյ Օսիպյանը և Դավիթ Անանյանը պահպանեցին իրենց պաշտոնները

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Կարելի է չկասկածել, որ այն կընդունվի: Շատերին այս օրերին հետաքրքրում էր, թե նոր կառավարությունում արդյո՞ք կադրային փոփոխություններ կլինեն:

Կառավարության անդամների մեծ մասը, որոնք այդ պաշտոնները ստանձնել էին 2018թ. մայիսին՝ հեղափոխությունից հետո, պահպանեցին իրենց տեղերը, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկա տարիներին նույն թիմով է աշխատելու:

Ամենաշատը, հատկապես՝ հունվարի սկզբներից, քննարկվում էր երկու կառույցների ղեկավարների հարցը. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանի:

Վալերիյ Օսիպյանին շատ էին քննադատում, որ վերջինիս օրոք հանցագործությունների թիվը զգալիորեն աճել է, հատկապես՝ բնակարանային գողությունների, ճանապարհա-տրանսպորտային պատահարներն են շատացել, որ ՃՈ տեսուչներին շատ հաճախ դժվար է լինում սանձել «վայ-վարորդներին», որ կարգազանց վարորդների թիվը մեծ է:

Սակայն Վալերիյ Օսիպյանը չփոխվեց: Թերևս՝ երկու պատճառով. առաջին՝ նրան համարժեք փոխարինող Նիկոլ Փաշիյանը չունի, ինչը մասամբ պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունը կառավարությանն առընթեր կառույց է, և նրա ղեկավարը չի կարող քաղաքացիական անձ լինել, իսկ ոստիկանական պաշտոնյաների թվում Վալերիյ Օսիպյանը ոչ մեկից վատը չէ, պարտաճանաչորեն կատարում է իր պարտականությունները, աչքի չի ընկել տհաճ պատմություններով, գերազանց է իրեն դրսևորել Երևանի ավագանիի և Ազգային Ժողովի ընտրություններում՝ քրեական աշխարհին հեռու պահելով դրանց միջամտելու անգամ ամենաաննշան փորձերից:

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ապա վերջին մեկ ամսում քննադատությունների մի իսկական հեղեղ տեղաց նրա վրա: Հատկապես մեծ հնչեղություն ունեցավ պարգևատրումների թեման: Բազմաթիվ մանր-մունր կայքեր, ֆեյքեր ամեն օր նրա հետ կապված ինչ որ զարհուրելի պատմություններ էին տարածում, նրան վերագրում աշխարհի բոլոր մեղքերը: Ակնհայտ էր, որ նրա դեմ ուղղորդված, լավ կազմակերպված հակաքարոզչություն էր իրականացվում, գործի էին դրվել բոլոր սահմաններն անցնող մեթոդներ: Սա հասկանալի բացատրություն ունի. ՊԵԿ-ը Հայաստանը ամենաազդեցիկ ու կարևոր պետական կառույցներից մեկն է, որտեղ հսկայական գումարներ են շրջանառվում, որոնք Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք կոռուպցիայի ամենամեծ օջախն էր. բավական է ասել, որ Դ. Անանյանից առաջ կառույցը ղեկավարողները իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել էին դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից, կուտակել էին հսկայական կապիտալ, ունեին սեփական բիզնեսները, հյուրանոցները, առևտրի կենտրոններ և այլն: Նույնպիսի մեծահարուստներ էին նաև կառույցի մնացած բարձրաստիճան պաշտոնյաները:

Կոռուպցիոն մի կծիկ էր, որը Դավիթ Անանյանին մասամբ հաջողվեց քանդել, կառույցից հեռացնել առավել «օդիոզ» և սեփական գրպանը հարստացնող դեմքերին, վերացվեցին հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ հարաբերություններում «մուծվելու» արատավոր երևույթները, շատերը միայն դրա համար զրկվեցին աշխատանքից: Արդյունքում հարկային մուտքերը 2018թ. զգալիորեն աճեցին: Մասնավորապես, 2018թ. հարկային և մաքսային մուտքերի ծավալը 2017թ. համեմատ աճեց 14,5 տոկոսով: Սա մաքուր ցուցանիշ է, նախորդ տարիների պես չէ, երբ պլանը կատարելու համար գալիք մի քանի ամսվա հարկեր էին կլպում տնտեսվարողներից: Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ-ի հենց այս ցուցանիշներն ու Դավիթ Անանյանի արդյունավետ աշխատանքն է հետաքրքրել, ոչ թե նրա դեմ կատաղի հակաքարոզչությունը: Այսինքն, գոհ է ՊԵԿ նախագահի աշխատանքից և ՊԵԿ-ի նախագահի պաշտոնի համար աչք ունեցող շատ դեմքեր ստիպված են եղունգները կրծել և հաշտվել այն մտքի հետ, որ այդ կառույցը դեռ երկար ժամանակ իրենց անհասանելի է լինելու, այսինքն՝ անհասանելի է լինելու կառույցի միջոցով հարստանալու տարբերակը:

Եվ այսօր վարչապետը այդ մասին նշեց խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Նաև պարգևավճարների թեմային անդրադարձավ՝ ընդգծելով, որ եթե ցանկանում ենք պրոֆեսիոնալ մասնագետներին պահել կառույցում, ապա նրանք պետք է բարձր վարձատրվեն: Օրինակ էլ բերեց, որ հենց Կառավարության աշխատակազմի 4 աշխատակից ազատվելու դիմումներ են գրել, քանի որ աշխատավարձը ցածր են համարել՝ ամսեկան 400 հազար դրամ: Եվ եթե Դավիթ Անանյանը հաջող է աշխատում, լավ կառավարիչ է, պարտաճանաչ կատարում է ի առջև դրված խնդիրները, իր դեմ ճնշումներին տեղիք չի տալիս, կոռուպցիայի դեմ պայքարում անդրդվելի դիրքերի վրա է կանգնած, ուրեմն՝ նման պաշտոնյային պետք է պահել և բարձր վարձատրել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս