loader
Իոաննիսյան. «ՍԱՍ»-ի ձայնագրությանը պետք է հետևեր քաղաքական պատասխանատվություն

Իոաննիսյան. «ՍԱՍ»-ի ձայնագրությանը պետք է հետևեր քաղաքական պատասխանատվություն

«Բավարար ապացույցներ չեն եղել», - դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ աղմկահարույց մի քանի գործերը չբացահայտվեցին, որևէ մեկը պատիժ չկրեց, ինչպես «ՍԱՍ»-ի դեպքը, երբ Hayastan24.com-ի տարածած ձայնագրության համաձայն աշխատակիցներին հորդորում էին ձայն տալ ՀՀԿ-ի օգտին: 

«Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որևէ պատճառ այստեղ չի եղել: 

Ձայնագրությունները կարևոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված՝ ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել»: 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով  Hayastan24.com-ի «Նախընտրական ժողով «ՍԱՍ» գրուպում» աղմկահարույց ձայնագրությանը, ասաց, որ քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բացեր, որն էլ հնարավորություն չընձեռեց կատարել համապատասխան քայլեր: 

««ՍԱՍ»–ի գործի հետ կապված այնուամենայնիվ մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց, որը հնարավորություն չընձեռեց նման դեպքերում, թեև ես ինքս համարում եմ անթույլատրելի նման դեպքերը, կատարել քրեական իրավունքով նախատեսված քայլը: Նման դեպքերում կառավարությունը պետք է անմիջապես մշակի այնպիսի փոփոխություն, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի»,- ասաց Հարությունյանը:

«Հայաստան 24»-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը նշում է, որ այն որ օրենսդրությունը  լուրջ բաց ուներ, այդպես է.

«Օրենսդրությունը հիմա փոխում են և համեմատաբար լավացնում, դա ճիշտ է, բայց այն, որ եղած օրենսդրությունը բավարար չէր որոշ տարրերի քրեական պատասխանատվության կանչելու համար, այստեղ համաձայն չեմ: Ես այլ կարծիք ունեմ: 

Այդ մասով Դավիթ Հարությունյանը ճիշտ է: Իրոք օրենսդրությունը լուրջ բաց ուներ և դրա մի մասը փոխում են, մի քիչ բարելավվում են հիմա: Այստեղ չեմ առարկի», - ասաց Իոաննիսյանը:

Վերջինս նշում է, որ «ՍԱՍ»-ի ձայնագրությանը առնվազն պետք է հետևեր քաղաքական պատասխանատվություն.

«Օրենսդրությունը մի կողմ թողնենք: Ենթադրենք Հայաստանում ընդհանրապես ոչ մի ընտրախախտման համար ոչ մի պատիժ սահմանված չի, բայց եթե իշխանությունները իրոք գտնում են, որ նման մեթոդներով ձայն հավաքելն անընդունելի է, թող Արտակ Սարգսյանը, օրինակ, հրաժարվի մանդատից: Բայց նման բան իշխանությունները չեն համարում: Սա է խնդիր է: Օրենսդրական բաց և այլն, սա երկրորդական հարց է:

Իշխանություններն այստեղ խնդիր չեն տեսնում, սա չեն քննադատում: Ոչ մի պաշտոնյա չասեց, որ Արտակ Սարգսյանը վատ բան է արել, բայց դե օրենսդրությունը այնպիսին է, որ չենք կարող պատժել: Եթե նման բան ասեին, կարելի էր քննարկել: Եթե Սերժ Սարգսյանը որպես Հանրապետական կուսակցության ղեկավար հայտարարեր, որ անընդունելի է, որ իրենց կուսակցությունը այդպես ձայն հավաքի, բայց դե օրենսդրությունը այնպիսին է, որ չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել Արտակ Սարգսյանին կամ ժողով արած նրա եղբորը, կասեինք լավ:

Եթե քրեական պպատասխանատվություն սահմանած չի, գոնե քաղաքական պատասխանատվություն լիներ: Բայց նման հարցադրում դրված չէ, ոչ մեկ չի ուզում պատժի, այդ թվում քաղաքական պատասխանատվության ենթարկի Արտակ Սարգսյանին կամ նրա եղբորը: Ամբողջ խնդիրը սրանում է: Այստեղ քրեական պատասխանատվությունը երկրորդական հարց է», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Hayastan24.сom -ի հրապարակած «Նախընտրական ժողով «ՍԱՍ» գրուպում» նյութի  ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, այն ժամանակ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար, նախազգուշացնելով, որ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։ Այդ տղամարդը Արտակ Սարգսյանի ավագ եղբայրն էր ՝ Արամ Սարգսյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Դանիել Իոաննիսյանը ստացել էր Ամալյա Կոստանյանի անվան 2017 թվականների  մրցանակ՝ 2017-ի ընտրությունների նախօրեին հանրային ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման համար։

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հանձնեց «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը: 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս