loader
 Քանի՞ մեքենայի է տրվել դիվանագիտական պետհամարանիշեր. ԱԳՆ-ի պարզաբանումը

Քանի՞ մեքենայի է տրվել դիվանագիտական պետհամարանիշեր. ԱԳՆ-ի պարզաբանումը

Հարյուրավոր դիվանագիտական անձնագրերի՝ օրենքով չնախատեսված անձանց տրամադրումն ԱԳՆ նախկին ղեկավարության կողմից ցույց տվեց կոռուպցիայի մակարդակն ԱԳՆ-ում: Երևանում, ինչպես նաև ներքոնշյալ երկրների համապատասխան մայրաքաղաքներում՝ Վրաստանում, Ուկրաինայում, ՌԴ-ում, բազմիցս նկատել ենք, որ Հայաստանի դեսպանության (կարմիր) պետհամարանիշերով ավտոմեքենաները զգալիորեն ավելի շատ են, քան կան այդ դեսպանություններում:

Հայաստան 24-ը Արտաքին գործերի նախարարությունից խնդրեց հայտնել, թե քանի՞ ավտոմեքենաների համար են ՀՀ դեսպանությունները Թբիլիսիում, Մոսկվայում և Կիևում դիմել դիվանագիտական պետհամարանիշեր ստանալու համար:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից փոխանցեցին Թբիլիսիում, Մոսկվայում և Կիևում ՀՀ դեսպանություններին տրամադրված պետհամարանիշերի վերաբերյալ տվյալները։

Գերատեսչությունից տրամադրած տվյալների համաձայն՝ Վրաստանում ՀՀ դեսպանության հաշվեկշռում այս պահի դրությամբ առկա է 14 դիվանագիտական պետհամարանիշ, որոնցից 10-ն օգտագործվում են Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, 2-ը՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից և 2 պետհամարանիշ տրամադրվել է Վիրահայոց թեմին։

Նշենք, որ բոլոր պետհամարանիշերը գրանցված են Վրաստանում ՀՀ դեսպանության, այլ ոչ թե անհատների անուններով։ ՌԴ պատկան մարմինների կողմից ՀՀ դեսպանության տրանսպորտային միջոցների համար հատկացվել է թվով 31 դիվանագիտական պետհամարանիշ, որից 22-ը՝ դեսպանությանը սպասարկող ավտոմեքենաների, այդ թվում՝ 3 միկրոավտոբուսների համար, և 9-ը դեսպանությունում աշխատող դիվանագետների, ինչպես նաև՝ դիվանագիտական կարգավիճակ ունեցող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների անձնական օգտագործման մեքենաների համար։

Իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը հատկացվել է 18 պետհամարանիշ, որոնցից 1-ը չեղարկվել է մեքենան գողանալու պատճառով, 1-ը հետ է հանձնվել Ուկրաինայի ԱԳՆ: Եվս 2 պետհամարանիշ հատկացվել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը տրանսպորտային միջոցների համար։

Նշված 18 պետհամարանիշերից դիվանագիտական գործունեություն չծավալող անձանց տրամադրված 6 պետհամարանիշերի գրանցումից հանման գործընթացն ընթացքի մեջ է։

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս