loader
Կարապետյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի շահերից

Կարապետյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի շահերից

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: 2013 թվականին Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, ինչ, որոշ դեպքերում, վերլուծաբանները վերագրեցին Հայաստանի իշխանությունների վրա Ռուսաստանի ճնշմանը:

Ռուսական Gazeta.ru պարբերականը գրել էր. «... Ստեղծված իրավիճակում Երևանը, լինելով ԵԱՏՄ անդամ ու ունենալով ԵՄ-ի հետ քաղաքական համաձայնագիր, կարող է շփման կարևոր հարթակ դառնալ Ռուսաստանի և ԵՄ-ի համար»:

«Հայաստան 24»-ի հետ զրույցում, անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե արդյոք կարո՞ղ է Ռուսաստանը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հօգուտ իրեն օգտագործել, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը նշեց.

«Այն ժամանակ հրաժարվել էինք լուրջ փաստաթղթի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, իսկ այժմյան համաձայնագիրը շատ ավելի քիչ հավակնոտ է: Ես չեմ ուզում այս պահին քննարկել, վերլուծել, թե ով այն իր շահերին կօգտագործի: Թող դա վերլուծաբաններն անեն: Կարծում եմ, որ ստորագրումը բխում է Հայաստանի շահերից», - ասաց պարոն Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև շփման հարթակ դառնալուն, մեր զրուցակիցը ընդգծեց.

«Դժվարանում եմ պատկերացնել Հայաստանի՝ նմանատիպ հարթակ դառնալը: Սա սովորական երկկողմ համաձայնագիր է: Առաջինը ստորագրվել էր 1996 թվականին, հետագայում անհրաժեշտություն էր առաջացել ավելի արդիական, այսօրվա պահանջներին և համագործակցության մակարդակին համապատասխան փաստաթուղթ ստորագրել: Ես սա գլոբալ վերլուծությունների, տեղաշարժերի շրջանակներում չեմ դիտարկում: Սա Հայաստան-ԵՄ երկկողմ փաստաթուղթ է և ես դրան այդպես եմ նայում: Համաձայնագիրը ստեղծում է լավ հնարավորություններ Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության էլ ավելի խորացման, զարգացման համար»:

Այն հարցին, թե արդյոք այս համաձայնագիրը չի՞ հակասում Հայաստանի ստանձնած քաղաքական պարտավորություններին, որոնք նա որդեգրել է դառնալով ԵԱՏՄ անդամ, Վլադիմիր Կարապետյանը շեշտեց.

«Հայաստան-ԵՄ փաստաթղթի 80 տոկոսը տնտեսական կարգավորումներ են: Հայաստան-ԵՄ համաձայնագրում նշված է, որ բոլոր դրույթները հաշվի են առնում մեր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում»:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս