Գործադիրն այսօր մերժեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնության առաջարկը: Նա հանդես եկել է օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝ առաջարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարել:
Հարցը զեկուցող Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նախընտրական փուլում պարտավորեցնել ՀԸՀ-ին իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրությանը մասնակցող քաղաքական ուժն այդպիսիս ցանկ կներկայացնի: Պատգամավորը նաև առաջարկում է, որպեսզի վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից, որը ներկայացվել է:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն առաջարկեց փոփոխությունը չընդունել, հետևյալ պատճառաբանությամբ. «Մասնակցող կուսակցությունների ծրագիրը, որը ձևով կանոնակարգված չէ, և յուրաքանչյուրն ազատ է ներկայացնել նաև իր կառավարության կազմը, սա կարող է հրապարակվել առանց խոչընդոտի, ուստի՝ անիմաստ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա պարտականություն դնել այն կայքում հրապարակելու համար»:
Իսկ ինչ վերաբերում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, Զեյնալյանը նշեց, որ այստեղ Սահմանադրության հետ հակասության մեջ է մտնում, քանի որ ըստ մայր օրենքի՝ 2 հոդվածով լայն հնարավորություն է տրվում վարչապետին կառավարության անդամներ նշանակելիս:
Նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ևս նշեց, որ պետք է հարցն անփոփոխ թողնել, քանի որ նոր ԱԺ ձևավորումից հետո անդրադարձ է կատարվելու Ընտրական օրենսգրքին և փոփոխություններ լինելու են: