loader
Կին դատավորը բենզինի 1 շշի համար 3 տարով ազատազրկել է  «Արաբո» ջոկատի անդամին. Ռետրո

Կին դատավորը բենզինի 1 շշի համար 3 տարով ազատազրկել է «Արաբո» ջոկատի անդամին. Ռետրո

Բացառապես քաղաքական պատվերների շրջանակներում գործունեություն ծավալող դատարանները երբեմն այնպիսի վճիռներ են կայացնում, որոնք հետագայում կարող են թանգարանային նմուշներ դառնալ իրենց անհեթեթությամբ ու անտրամաբանական հիմնավորումներով: Այդպիսին է նաև «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Նվեր Ստեփանյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որը «պատվով» կայացրել է Եվա Դարբինյանը: 

Եվ այսպես. ի՞նչ հանցանք է գործել նախկին ազատամարտիկը, ով խաղաղ պայմաններում տաքսու վարորդ էր աշխատում: Նա, ինչպես սովորաբար, իր վարած մեքենայով գնացել է Զաքյան 8 հասցեում գտնվող «Քինգ» տաքսի ծառայության գրասենյակ և տեսել, որ փողոցում մարդիկ են հավաքված: Երբ մի փոքր ավելի առաջ է գնացել, տեսել է, ինչ-որ դիմակներով մարդիկ ուղիղ նշանառությամբ կրակում են անզեն երիտասարդների ուղղությամբ: Լինելով պատերազմի մասնակից, նա ոչ միայն չի վախեցել այդ շիկացած վայրում անձամբ գտնվել և այլ անտարբեր քաղաքացիների նման չի փախել` իր կաշին փրկելու, այլ փորձել է ելքեր գտնել ու անմիջապես կողմնորոշվել է: Նա բենզինով լի տարա է նետել այլ ուղղությամբ, որպեսզի կրակողների ուշադրությունը շեղի երիտասարդներից` այդպիսով փորձելով փոքրացնել զոհերի կամ վիրավորների թիվը: Նա, փորձելով փրկել այլոց, ըստ էության վտանգել է իր կյանքը, քանի որ հստակ նկատելի է եղել, թե որ ուղղությունից է նետվել բենզինով լի տարան: 

Բայց դատավորի կարգավիճակում գտնվող տիկին Եվա Դարբինյանը ընդհանրապես անտեսել է այս իրողությունը և նույնիսկ դատավճռի տողատակերում չի հիշատակել դիմակավոր մարդկանց առկայության ու անօրեն, հանցավոր գործունեության մասին: և փոխանակ մտահոգվի դեռևս անհայտ դիմակավորներով, ովքեր ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, հասարակության համար վտանգավոր հանցագործ է հռչակել 1960 թվականին ծնված ազատամարտիկին: Իսկապես որ բարոյականության առումով մեր երկրում լուրջ խնդիրներ կան: Այլապես դժվար էր պատկերացնել, որ իրեն հարգող որևէ մարդ ընդունակ է ազատամարտիկին «զոհաբերել» անհայտ մարդասպանների առջև, ովքեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում խլեցին 10 հայի կյանք ու դեռ շարունակում են անպատիժ մնալ: 

Ծուռ հայելիների թագավորությունում բնակվող Եվա Դարբինյանը ահա թե ինչ է գրել իր հրապարակած դատավճռում. «Քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ամբաստանյալ Նվեր Ստեփանյանը 2008թ. մարտի 1-ին ժամր 19:00-ի սահմաններում, իր վարած «Քինգ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 70 ՍՍ 011 պ/հ ավտոմեքենայով գնացել է նույն ծառայության գրասենյակ, որը գտնվում է Երևան քաղաքի Զաքյան 8 հասցեում: Մեքենան կայանելով այնտեղ` նկատել է, որ Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել են մի խումբ անձինք և մոտեցել նրանց: Այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցների տարածած Ազատության հրապարակում ոստիկանների կողմից մանկահասակ երեխայի սպանելու վերաբերյալ շրջանառվող ակնհայտ կեղծ և սադրիչ լուրերն ընդունելով որպես իրական` վրդովվել է դրանից և ոստիկանության աշխատակիցներից վրեժխնդիր լինելու նպատակով` ներգրավվել պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններին»: Թե մարմնի որ մասով է տիկին Եվան մտածել, երբ դատավճռում գրել է, որ Ազատության հրապարակում եղել են զանգվածային անկարգությունների մասնակիցներ ու մի բան էլ լուրեր են տարածել, դա թողնում ենք ընթերցողների դատին, միայն փաստենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները` այդ թվում և կանայք ու երեխաներ, խաղաղ քնած են եղել, որոնց վրա իրավապահ կոչվածները հարձակվել են, կոտրել վրանները և ծեծի ենթարկել: 

Բայց դատախազության կցորդ դարձած դատարանի ներկայացուցիչը շարունակել է պնդել, թե «Նվեր Ստեփանյանը, անմիջականորեն մասնակցելով նկարագրված զանգվածային անկարգություններին` նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորչի պողոտայում մայթի վրա դրված, բենզինով լցված շիշ վերցնելով, գնացել է Երևան քաղաքի Լեոյի փողոցի ուղղությամբ, որտեղ բարձրանալով նույն փողոցի 9-րդ շենքի վերջին հարկ, նախապես վերցրած նշված շշի պատրույգը վառել և այն պատշգամբի պատուհանից նետել է Լեոյի փողոցում կայանված ՀՀ ոստիկանության «ԳԱԶ-33081» մակնիշի 057 ՈՍ 14 պ/հ բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկի կտորե ծածկի վրա և հրկիզել այն` պատճառելով 120.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կրակը ժամանակին հանգցրել են և կանխել մեքենայի այրվելը: Նվեր Ստեփանյանը նշված վայրից վերադարձել է և դիմել փախուստի, սակայն նույն շենքի աստիճանավանդակների վրա բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին»: 

Այսպիսի հերոսություն միայն հայրենի ոստիկանները կարող էին անել: Նրանք լուռ հետևել են ցուցարարների վրա արձակվող կրակոցներին, որևէ փորձ անգամ չեն արել դիմակներով մարդասպաններին ձերբակալելու, իսկ ահա բենզինով լի շիշը նետողին անմիջապես մեկուսացրել են: Հատուկ քննչական ծառայություն կոչված մարմինն էլ մեղադրանք է առաջադրել «Արաբոյի» ազատամարտիկի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդ. 2-րդ մասով: Տիկին դատավորն էլ պատժի տեսակը և չափը որոշելիս հաշվի է առել «կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը»: Իսկ անձը բնութագրող և պատասխանատվությունը մեղմացնող տվյալ է համարել այն, որ «Արաբո» կամավորական ջոկատի կազմում ամբաստանյալը մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, բնութազրվել է դրական, խորապես զղջացել է կատարածի համար: Նշենք, որ Նվեր Ստեփանյանը ոչ թե զղջացել է իր արարքի համար, այլ ափսոսանք է հայտնել, որ ամեն ինչ այդպես է ստացվել: Ու այս ամենն արձանագրելուց հետո տիկին Դարբինյանը մուրճով հարվածել է սեղանին և վճռել Նվեր Ստեփանյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Իսկ թե ինչ զգացողություններ է ունեցել վճռի հրապարակումից հետո, դժվար է ասել, ակնհայտ է միայն մի բան, որ դատավորը միտումնավոր անտեսել է ամենակարևոր փաստերը` մարդասպանների առկայությունը: 

Բայց նրա կայացրած կասկածելի դատավճիռը անփոփոխ է թողել նաև վճռի հրապարակման տեսքով երբևէ կարծիք չհայտնած, անդեմ մարմին հարմարվող Վերաքննիչ քրեական դատարանը` ի դեմս նախագահող դատավոր Ա. Հովհաննիսյանի: Նա լսել է Նվեր Ստեփանյանի խոսքերն այն մասին, որ ինքը ափսոսում է, որ ամեն ինչ այսպես ստացվեց, «բայց ես ինձ այլ կերպ չէի կարող պահել, կրակում էին ժողովրդի վրա, ես փորձել եմ անել ինձանից կախված ամեն ինչ»,- ասել է ազատամարտիկը: Բայց Վերաքննիչ դատարանի կայացրած վճռում ևս որևէ տող չկա այն մասին, որ կրակողների համար է ամբաստանյալը բենզինով տարա նետել փողոց: Այս դատավոր կոչվածն էլ իր հերթին է հանգել եզրակացության, թե ամբաստանյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կամ պատիժը պայմանականորեն չկիրառել հնարավոր չէ, քանի որ քրեական օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված պատժի նպատակները` սոցիալական արդարության վերականգնումը և այլն, չի ապահովվելու: Այսինքն, այս վերադաս դատարանն էլ իր հերթին է ընդգծել, որ իր կյանքը խաղաղ պայմաններում վտանգի տակ դրած ազատամարտիկը հանրության համար խիստ վտանգավոր է ու եթե նա չդատապարտվի 3 տարվա ազատազրկման, ապա մեր երկրում սոցիալական արդարությունը չի վերականգնվի: Հետաքրքիր է` հավատո՞ւմ է վերաքննիչ դատավորն իր գրածին: 

Հ. Գ. Մեր երկրում կարծես ընդունված նորմ է դարձել. բոլոր ատյաններում դատավորները ինչ-որ միջնորդներ են գտնում ամբաստանյալների հետ խոսելու` հիմնականում փաստաբանների, որպեսզի բացատրեն, որ պետք չէ բողոքել, պետք է դատարանում բարձրաձայն «մի թեթև զղջալ», որպեսղի ազատ արձակվեն, բայց իրականում նրանք բոլորը ստում են, որպեսզի արդարացնեն իրենց անօրինական դատավճիռները: Բացառություն չի եղել նաև այս դեպքը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս