loader
Քննարկում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի շուրջ

Քննարկում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի շուրջ

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ պատգամավորների՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ նոր առաջարկներ չեն եղել:

Վերջիններս, սակայն, իրենց մտահոգությունները հայտնեցին:

«Հարց է առաջանում, թե ինչպես է այս օրենքը կիրառվելու, ինչ հետևանքների է հանգեցնելու: Օրենքը, ինչքան էլ որ էմոցիոնալ հարթության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որովհետև միտված է կանխարգելմանը, նախականխմանը»,- ասաց ՀՀԿ պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ Կոստանյանը հույս հայտնեց, որ կառավարությունը լուրջ կվերաբերվի դրա գործարկման խնդիրներին:

«Թեև համաձայնություն տալիս ենք այս օրենքին, որ այն ներդրվի մեր իրավական համակարգի մեջ, հետևողական ու պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործարկմանը: Շատ հասկացություններ կիրառում ենք քրեական օրենսգրքում նախատեսված եղանակով, խոսքը «բռնություն», «ազատությունից զրկել» հասկացությունների մասին է, որոնք ունեն կոնկրետ նշանակություն քրեական իրավակիրառ պրակտիկայում:

Պետք է վստահ լինենք, որ ընտանեկան բռնության կանխարգելման դեպքերում կկարողանանք այս հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Այս օրենքի սխալ կիրառման արդյունքում լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ, որովհետև ընտանիքը մեր հասարակության մեջ բացարձակ, անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Կոստանյանը:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի կիրառման պրակտիկայում եթե դրսևորվեն այնպիսի երևույթներ, որոնցով փորձ արվի ներխուժել ընտանիք, ապա ինքը լինելու է այն պատգամավորներից մեկը, որը նախաձեռնելու է օրենքի փոփոխություն:

«Հուսով եմ, որ նման մեխանիզմներ չեն լինի: Այս օրենքի կիրառողները ևս հայ մարդիկ են, որոնց համար այս արժեքները բարձրագույն են: Այս օրենքի կիրառման պրակտիկան, հուսով եմ, փոքր կլինի, կսահմանափակվի կանխարգելմամբ»,- ասաց Հրայր Թովմասյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը նկատեց՝ ստացվում է, որ ովքեր կողմ են օրենքի ընդունմանը, կարծում են, որ դրա կիրառումը իրականության մեջ խնդիրներ է առաջացնելու, բայց ամեն դեպքում կողմ են քվեարկում դրան:

«Մենք օրենքի կիրառման վրա հսկողություն իրականացնելու ուրիշ լծակ չունենք, քան փոփոխություններ ու լրացումներ կատարելը: Դուք գտնում եք, որ կիրառման հարցերում այս օրենքը հղի է խնդիրներ առաջացնելու հավանականությամբ։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է՝ ընդունել, հետո ընկնել դա փոխելով: Ես չեմ փոխել իմ դիրքորոշումը: Խմբակցությունում ազատ քվեարկության է թողնված այս հարցը»,- ասաց նա:

Պետրոսյանը պարզաբանեց, որ ինքը օրենքին դեմ չէ, բայց դեմ է օրենքի այն հատվածին, որը երաշխավորում է թաղային ոստիկանների անհարկի միջամտությունը ընտանիքի գործերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս