loader
«ՔՊ» ցուցակում կարող են լինել անձինք, որոնք ՀՀԿ-ի հետ առնչվել են. Փաշինյան

«ՔՊ» ցուցակում կարող են լինել անձինք, որոնք ՀՀԿ-ի հետ առնչվել են. Փաշինյան

Կապանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունը պայմանավորված չէ Սյունիքում Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու փաստով: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր 2 թեկնածուները պարտվել են, մյուսները հաղթել են: Պարտված թեկնածուները հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից և անկուսակցական թեկնածուներ են: Էականը դա չէ, այլ այն, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք: Ինչպես նախկինում ասել եմ, ՀՀ-ում ընտրության արդյունքները չեն կեղծվելու: Ընդհակառակը, վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց, ցավոք, չհասցրեցինք մինչև վերջ հասցնել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը։

«Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ պարագայում քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, որևէ այլ տարբերակ չի կարող լինել: Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը: Ուրախ եմ, որ ևս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի այն տեսակետին, թե իրենք միակ ընդդիմադիր ուժն են, Փաշինյանը ասաց. «Ուրախ եմ, որ ՀՀԿ-ի համար ընդդիմադիր գործչի իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել»:

Նա նկատեց, որ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ գործող վարչապետն ու կառավարությունը փորձ են անում որոշել՝ ով հաղթի ընտրություններում, ով լինի ընդդիմադիր ուժ:

«Պետք է սովորենք, որ քաղաքացիներն են սուբյեկտը, ովքեր պետք է պատասխանեն այդ հարցերին իրենց քվեարկությամբ և վերաբերմունքի միջոցով»,- նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ ակնկալում են, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանեն:

«Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակ կտանենք, ակնկալում ենք, որ ժողովուրդն այդ վստահության քվեն կտա: Որոշումը կայացնում են ընտրողները, և դրանում, այսպես ասած, ոչ մի ձև չկա: Մեր խնդիրը չի եղել, չի և չի լինելու իշխանությունը պահելը: Մեր խնդիրը ժողովրդի իշխանությունը պահելն է, ինչը չի նշանակում, որ մենք այդ հայտը չենք ներկայացնելու»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ «ՔՊ» ցուցակում կարող են լինել անձինք, որոնք ՀՀԿ-ի հետ առնչվել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս