loader
«Կյանքի խոսք» եկեղեցին երբեք թաթախված չի եղել քաղաքականության մեջ. պարզաբանում

«Կյանքի խոսք» եկեղեցին երբեք թաթախված չի եղել քաղաքականության մեջ. պարզաբանում

Վերջին օրերին մամուլում տեսակետներ են շրջանառվում, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության թիկունքում կանգնած է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը: Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները նախ մտան Մայր Աթոռի դիվանատան տարածք, իսկ հետո Վայոց ձորում շրջափակեցին կաթողիկոսի ճանապարհը։

Հակակաթողիկոսական ցույցերի ակտիվ մասնակից Կորյուն աբեղան կարգալույծ արվեց, իսկ նրա կողմնակիցների դեմ ոստիկանությունը հարուցել է քրեական վարույթ։ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ այս ամենի նպատակը մեկն է՝ վարկաբեկել «Կյանքի խոսքը»:

«Մեր եկեղեցին փորձում են ներկայացնել որպես հակազգային մի կառույց: Իրականում «Կյանքի խոսքը» ո՛չ ուղղորդում է, ո՛չ ֆինանսավորում է այդ շարժումը: Քաղաքական պայքարի ձևերը հոգևոր-եկեղեցական դաշտ տեղափոխելն անթույլատրելի և վնասակար է։ Քաղաքական պայքարը չպետք է տեղափոխվի հոգևոր դաշտ: Մենք միշտ հարգալից ենք վերաբերվել Մայր Աթոռին և երբեք մեզ թույլ չենք տվել խառնվել Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքին։ Ցանկացած քրիստոնեական եկեղեցու հեղինակազրկումը հարված է ընդհանուր քրիստոնեությանը, ուստի՝ այդպիսի շարժումների գործելաոճն անընդունելի է։ Գտնում ենք, որ նման պայքարի մեթոդները, որոնք նպատակ ունեն հեղափոխել հոգևոր-եկեղեցական հարաբերությունները, անընդունելի են»,- պարզաբանեց կրոնական կազմակերպության ներկայացուցիչը:

Օրեր առաջ կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարեց, որ «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է, ինչին հաջորդեցին հանրային դժգոհությունները: Բարձրացված աղմուկի հետևանքով Աճեմյանը հրաժարական տվեց։ Այս ամենից հետո կարծիքներ հնչեցին, որ «Կյանքի խոսքը» գործուն մասնակցություն է ունեցել նաև Թավշյա հեղափոխությանը: Արմեն Լուսյանի խոսքով՝ զավեշտալի է, որ «Կյանքի խոսքին» մեղադրում են Թավշյա հեղափոխությանն աջակցելու մեջ:

Նրա պնդմամբ՝ «Կյանքի խոսք» եկեղեցին երբեք թաթախված չի եղել քաղաքականության մեջ և երբևիցե քաղաքական շահեր չի հետապնդել:

«Դա հակասում է մեր համոզմունքներին: Պետք է տարբերակել եկեղեցին որպես կառույց իր գաղափարներով և նրա անդամներին, որոնք լիիրավ քաղաքացիներ են»,- նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է իրենց հետևորդների մասնակցությանը հեղափոխությանը, կրոնական կազմակերպության մամուլի խոսնակն ասաց, որ իրենց անդամներն այս պետության լիիրավ անդամներ են և յուրաքանչյուրն իր խղճի թելադրանքով ազատ է ինքնուրույն որոշել իր քաղաքական հայացքներն ու գործունեությունը՝ մասնակցե՞լ քաղաքական պրոցեսներին, թե՝ ոչ:

«Յուրաքանչյուր քաղաքացի ունի Սահմանդրությամբ ամրագրված իրավունքներ: Որևէ մեկը չի կարող մատնանշել՝ ասելով, եթե այս քաղաքացին այս կամ այն եկեղեցու հետևորդ է, հետևաբար չի կարող որևէ պաշտոն զբաղեցնել, լինել պետական ծառայող»,- շեշտեց Արմեն Լուսյանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս