loader
«Լավ ապրելու» ժամանակը սպառվեց

«Լավ ապրելու» ժամանակը սպառվեց

Հունվարի 1-ից Հայաստանում կտրուկ թանկացումներ են սպասվում, եւ արդեն այսօր կարելի է արձանագրել, որ սոցիալական վիճակի վատթարացումն անխուսափելի է։ Իսկ Հայաստանի՝ ԵԱՏՄ առջեւ ստանձնած պարտավորությունները իշխանություններին հնարավորություն չեն տալիս կանխել դա (եթե, իհարկե, իշխանություններն ընդհանրապես այդպիսի ցանկություն ունեն)։

Բայց ինչպե՞ս Հայաստանը հասավ այս վիճակին, եւ արդյո՞ք հիմնական պատճառը ԵԱՏՄ-ին անդամակցելն է, թե՞ ավելի խորքային պատճառներ կան։ Փորձենք հասկանալ՝ համեմատելով Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։ Ցանկացած տնտեսագետի, ով անգամ Հարավային Կովկասի տեղը չգիտի, բացատրեք, որ կան երեք երկրներ, որոնցից մեկը (Վրաստանը) ելք ունի դեպի ծով եւ հարեւանների հետ ռազմական կոնֆլիկտ չունի, մյուսը (Ադրբեջանը) հարեւաններից մեկի հետ ռազմական կոնֆլիկտ ունի, բայց շրջափակման մեջ չէ եւ նավթի ու գազի հսկայական պաշարներ ունի, իսկ երրորդը (Հայաստանը) եւ՛ շրջափակման մեջ է, եւ՛ ռազմական կոնֆլիկտ ունի, եւ՛ նավթի ու գազի պաշարներ չունի, ու այդքանով հանդերձ՝ այդ երեք երկրների բնակչության կենսամակարդակը մոտավորապես նույնն է։ Անմիջապես կպատասխանի, որ նման բան հնարավոր չէ, Հայաստանում բնակչության կենսամակարդակը պիտի առնվազն երկու անգամ ցածր լիներ։ Եւ նա իրավացի կլինի, որովհետեւ տնտեսագիտության կանոնները դա են հուշում։

Բայց մինչեւ հիմա Հայաստանն ուրիշ «կանոններով» է ապրել։ Երբ «լավ չես ապրելու, Սերգո ջան»-ից հետո իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանն ու շրջանառության մեջ դրեց «Հայաստանը դեռ հարյուր տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում» թեզը, հասարակության զգալի հատվածը դա ընկալեց որպես «դուխով տղու» խոսք, իսկ Քոչարյանն ինքը «լավ ապրելու» հարցը լուծեց շատ պարզ ձեւով՝ սկսեց աջուձախ վաճառել պետության ունեցվածքը։ Այդ գումարներով հնարավոր եղավ մի քանի տարի «երկնիշ աճ» ապահովել, իսկ շարունակությունը Քոչարյանին չէր էլ հետաքրքրում. կարեւորը՝ որ ինքը «հանգիստ խղճով» վայելի իր կուտակածը։ Հետո եկավ Սերժ Սարգսյանի հերթը։ Քանի որ վաճառելու բան համարյա չէր մնացել՝ նա նախագահության արդեն երկրորդ տարվանից սկսեց «զոռ տալ» միջազգային վարկերին, եւ արդյունքում՝ նրա նախագահության տարիներին Հայաստանի պետական պարտքը քառապատկվեց ու հասավ առավելագույն շեմին (ՀՆԱ 60 տոկոսին)։ Ահա այդպես համարյա 20 տարի շարունակ Հայաստանի բնակչության կենսամակարդակը համադրելի էր Վրաստանի եւ Ադրբեջանի բնակչության կենսամակարդակներին, թեեւ տրամաբանորեն այդպես չպիտի լիներ։

Բայց հունվարի 1-ին համեմատաբար «լավ ապրելու» ժամկետը սպառվում է։ Վաճառելու բան չկա, վարկեր վերցնելու հնարավորությունները սահմանափակ են, ԵԱՏՄ-ն իր կանոններն է թելադրում, եւ... վերջ։ Տնտեսական աճ ապահովելու միակ ձեւը համընդհանուր եւ կտրուկ գնաճն է։ Արդյունքում, իհարկե, մարդկանց կենսամակարդակը կտրուկ կնվազի, բայց «շոկային թերապիայի» ցանկացած դրսեւորման դեպքում դա անխուսափելի է։ Իսկ հունվարի 1-ից Հայաստանում հենց շոկային թերապիա է սկսվելու, որովհետեւ Հայաստանի՝ որպես տնտեսական օրգանիզմի, «արհեստական սնուցման համակարգն» անջատվելու է (սնուցող նյութերի սպառման պատճառով)։ Ոչինչ, սկզբում դժվար կլինի, հետո կամաց-կամաց կհարմարվենք։ Ովքեր էլ չեն հարմարվի՝ կարտագաղթեն։ Փոխարենը՝ Հայաստանի տնտեսությունը վերջապես կտեղավորվի դասական տնտեսագիտության տրամաբանության շրջանակներում, ժողովրդի կենսամակարդակն էլ ճշգրտորեն կհամապատասխանի իշխանությունների վարած քաղաքականության որակին։

Գուցե դա՛ օգնի, որ ժողովուրդն ի վերջո ուղղակի կապ տեսնի իր կենսամակարդակի եւ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության միջեւ, եւ ոչ թե իրեն պահի չորս տարեկան երեխայի պես, որին խորթ հայրը տան եղած-չեղածը վաճառելուց հետո շաքարաքլոր է տալիս ու բացատրում, որ դեռ հարյուր տարի էլ կարելի է բարեկեցիկ ապրել առանց նորմալ աշխատելու։

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ Իշխանություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս