loader
Լևոն Տեր-Պետրոսյան. Ես չեմ պատկերացնում, որ անգամ Ստալինի ժամանակ թղթին հանձնվեր մի այսպիսի փաստաթուղթ. Ռետրո

Լևոն Տեր-Պետրոսյան. Ես չեմ պատկերացնում, որ անգամ Ստալինի ժամանակ թղթին հանձնվեր մի այսպիսի փաստաթուղթ. Ռետրո

Երեկ ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսը, որի հենց սկզբից Տեր-Պետրոսյանը հրապարակեց բավական ուշագրավ մի փաստաթուղթ:

Այն վերաբերում էր Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի` մարտի 5-ի քննչական հանձնարարությանը` ուղղված Վայոց Ձորի մարզի դատախազ Պալյանին: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 02.03.2008թ. ՀՀ Քր.օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235 հոդվածի 2 մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործն այն մասին, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած` ՀՀ նախագահի թեկնածու ինքնառաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհներն ու աջակիցները, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք, չհաշտվելով ընտրություններում կրած պարտության հետ, ընտրությունները կասկածի տակ դնելու, հասարակական լայն զանգվածների մեջ արդյունքների նկատմամբ անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհության և ընդվզումների պատրանք ստեղծելու և ընտրություններն ու իշխանություններին վարկաբեկելու նպատակով 2008թ. մարտի 1-ից սկսած Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով»:

Ապա Միրզոյանը Վայոց Ձորի դատախազին հանձնարարել է. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել հանրահավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցած նոր անձանց և սեղմ ժամկետում նրանց, ինչպես նաև տարբեր օրերին հանրահավաքներին մասնակցած գործով վկաներին և Լ. Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերին որպես վկա լրացուցիչ հարցաքննել»:

Միրզոյանի հանձնարարականի մեջ նշված է 5 հարց, որոնք են` «Հանրահավաքների ժամանակ ի՞նչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես ո՞ր երկրների: Արդյո՞ք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարևան պետություններին, ինչպես նաև այլ գերատեսչություններին: Արդյո՞ք հանրահավաքի մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին»: Այնուհետև շարունակում է. «20.02.2008թ.-ից 02.03.2008թ. ընկած ժամանակահատվածում հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի պետերի գտնվելու վայրի, հանրահավաքներին մասնակցած անձանց կողմից հարևանների շրջանում միտինգներին ներգրավելու նպատակով քարոզչություն կատարելու մասին, ինչպես նաև ինչպես են նրանք բնութագրվում հարևանների կողմից, ում հետ են առնչվել նշված ժամանակահատվածում, ինչ գործողություններ են կատարել»: 

Միրզոյանի հանձնարարականում նշված է նաև, որ պետք է վերցնել հանրահավաքի մասնակիցների և Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետերի և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ և բնութագրեր, ստուգել նրանք նախկինում դատված են եղել, թե ոչ, պազել, թե ինչ գույք ունեն: Ապա ձեռք բերել Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային և ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան, ինչպես նաև պարզել Վայոց Ձորից Երևան տանող երթուղային և տաքսի ավտոմեքենաների այն վարորդներին, ովքեր հանրահավաքներին մասնակցած անձանց իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Երևան, նրանք ում հետ են եղել, ովքեր են վճարել տեղափոխման վարձը և որտեղ, ինչ են խոսել հանրահավաքների վերաբերյալ: 

Տեր-Պետրոսյանը այս ամենը հրապարակելուց հետո, նկատեց, որ այս շրջաբերականը ուղարկված է բոլոր մարզային դատախազներին, որի նպատակը մեր ժողովրդին ահաբեկելն է. «Մի կողմից սա հրաշալի փաստաթուղթ է այն առումով, որ լիարժեք պատկերացում է տալիս մեր իշխանության էության մասին, մյուս կողմից` սա մի հրեշավոր փաստաթուղթ է, որով ապացուցվում է, որ մենք ապրում ենք բռնապետական պետության մեջ, որտեղ իշխանությունները ղեկավարվում են ոչ թե Սահմանադրությամբ, ոչ թե օրենքներով, այլ այսպիսի ներքին հրահանգներով: Ես չեմ պատկերացնում, որ անգամ Ստալինի ժամանակ թղթին հանձնվեր մի այսպիսի փաստաթուղթ: Չէր կարող լինել: Սա ավելի շուտ ցարական ախրանկայի հրահանգների պես մի բան է, որով առաջնորդվում է մեր իշխանությունը»: Տեր-Պետրոսյանը գտնում է, որ այս փաստաթուղթը «քաղաքական հանձնարարական է», «քաղաքական հրահանգ», որը իջեցվել է վերևից` Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Փաստացի մենք ունենք Սահմանադրություն և ունենք այս փաստաթուղթը: Այս փաստաթղթի առկայությամբ Սահմանադրությունը զրո է: Փաստորեն Հայաստանը Սահմանադրություն չունի: Հայաստանի Սահմանադրությունը սա է, ահա այս փաստաթուղթը, որով առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները: Քանի որ սա քաղաքական փաստաթուղթ է, եկել է ավելի վերևից: Միրզոյանին նշանակել է նախագահը` այն ժամանակ Քոչարյանը, սա Քոչարյանի փաստաթուղթն է, որը դատախազի և Միրզոյանի կողմից ձևակերպվելուց հետո հասել է մարզային բոլոր դատախազություններ: 

Ինչո՞ւ: «Որովհետև չունեն ոչ մի կասկածյալ, ոչ մի կոնկրետ անձ, 
ոչ մի ապացույց, ոչ մի վկայություն» 

Տեր-Պետրոսյանի կարծիքով այս փաստաթղթի գոյությունը պայմանավորված է հստակ նպատակադրմամբ, ուստի վերջինս առանձնացրեց փաստաթղթի թիրախները: Ըստ նրա` դրանք առաջինը` իր ընտրական շտաբի պետերն ու ակտիվիսներն են, որոնց նկատմամբ կոնկրետ որևէ մեղադրանք չկա: Երկրորդ` Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցած մարդկանց հայտնաբերելն է: Այս առումով, ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ «հանրահավքներին մասնակցությունն արդեն դիտվում է որպես քրեական հանցանք, այլ կերպ այս դրույթը Միրզոյանի նամակում չէր կարող տեղ գտնել»: Եվ երրորդ թիրախը այն վարորդները և երթուղային տաքսիների վարորդներն են, ովքեր մարզերից Երևան հանրահավաքի մասնակիցներ են տեղափոխել:

Ի՞նչն է այս ամենի նպատակը. «Իշխանությունները կատարել են ոճրագործություն, թափել են ժողովրդի արյունը, նրանք պետք է պատասխանատուներ գտնեն: Չունեն ոչ մի կասկածյալ (մարտի 5-ի դրությամբ պաշտոնապես), ոչ մի կոնկրետ անձ, ոչ մի ապացույց, ոչ մի վկայություն: Այս ամբողջի խնդիրն այն է, որ մարտի 5-ից սկսած գտնեն, փնտրեն, ինչ-որ բան փախցնեն-կպցնեն այն մարդկանց, որոնք կապված են ընդդիմության հետ: Ուրիշ խնդիր չկա: Ոչ մի ուրիշ խնդիր: Այսօր էլ 4 ամիս անց շատերի վրա որևէ կոնկրետ փաստ, մեղադրանք չեն կարողանում գտնել: Չեն կարողանում: Չկա: Լավագույն դեպքում գտնում են մի քանի ոստիկանի և նրանց վկայությամբ փորձում են գործ սարքել». ընդգծեց Տեր-Պետրոսյանը: 

Անդրադառնալով այն հանձնարարականին, որ անհրաժեշտ է պարզել Տեր-Պետրոսյանի Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային և ելքային զանգերը վերծանելու ցուցում ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան, Տեր-Պետրոսյանը փաստեց. «Սա երևի պետության կողմից կատարված ամենամեծ հանցագործությունն է ժողովրդի նկատմամբ: Չի ասում` կոնկրետ որ անձի, ինչպիսի օպերատիվ տվյալների հիման վրա, կոլեկտիվի, բոլորի, մարզի, շտաբի պետերի հեռախոսահամարները, բոլորինը: Գաղտնալսումները, այո, կատարվում են դատարանի վճռով, դա նորմալ է, եթե կան լուրջ, օպերատիվ տվյալներ այդ մարդու հանցավորության վրա կասկածելու համար: Այդ տվյալները ուսումնասիրում է դատարանը և դրանից հետո տալիս է վճիռ: Այստեղ չկա նման բան: Այստեղ խոսքը գնում է նրա մասին` լսել հեռախոսները, որպեսզի դրանից հետո կարողանան օպերատիվ տվյալներ հայթայթել` պարզել ում է զանգում, ինչ է խոսում: Լավ, ես չասեմ, դուք ասեք, հիմա ինչ է ստացվում` մի խեղկատակություն»: 

Ըստ ՀՀ առաջին նախագահի, այս փաստաթուղթը մի շրջաբերական է, որն, իսկապես, իրականություն է դարձել: «Բոլորին ինչ-որ հանձնարարվել է, իսկապես, կատարվել է. բոլորին հարցաքննել են, բոլորին բերման են ենթարկել` այդ թվում հարևաններին, բարեկամներին, վարորդներին: Նպատակը` հետապնդել, ահաբեկել մեր ողջ ժողովրդին». մի քանի անգամ ընդգծեց Տեր-Պետրոսյանը: 

... Քաղաքավարի այդ մարդկանց ուղղակի հիմարի տեղ են դնում: 
Կամ այդ մարդիկ իրենք են իրենց այդ վիճակի մեջ դնում` հասկանալով ամեն ինչ 

Երեկվա ասուլիսում Տեր-Պետրոսյանը նկատեց, որ հայտնաբերված փաստաթուղթը իրենք տարածելու են ամբողջ աշխարհով, որից հետո հույս ունեն, որ եվրոպացիները, այնուամենայնիվ, որոշ հետևություններ կանեն: «Այս ամենից մարդ կարող է ուղղակի թևաթափ լինել: Թվում է, թե պետություն ունենք, նախագահ, խորհրդարան, ունենք Սահմանադրություն, ունենք օրենքներ, անդամ ենք միջազգային կազմակերպությունների, քաղաքակիրթ երկրում ենք, փողկապ ենք կապում, ինչ հրաշալի մտադրություններ են արտահայտում մեր իշխանությունները, բարեփոխումների, ժողովրդավարացման և այլ, և այլ հարցերում: Եվրոպացիները ձև են անում, թե հավատում են դրան կամ ձև են անում` իմանալով իրականությունը, որը անբարոյականություն է, կամ իսկապես չգիտեն իրականությունը: Դա էլ արդեն անսկզբունքայնություն է` չիմանալով իրականությունը, կարծիք հայտնել երկրի մասին, հանձնարարականներ տալ»: «Գալիս են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, հարցերը քննարկվում են եվրոպական բարձր ատյաններում, հեղինակավոր դիտորդների, բյուրոկրատների կողմից, բոլորը ձև են անում, թե շատ լուրջ գործ են կատարում: Գալիս են Հայաստան, հանդիպում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ, իշխանություններից ստանում են հավաստիացումներ, որ ամեն ինչ լավ կլինի, որ մենք արդեն լուրջ քայլեր ենք կատարել` օրենքների փոփոխության ուղղությամբ, Սահմանադրության մեջ այսպիսի գեղեցիկ փոփոխություններ են կատարել և այլն, և այլն: Նրանք էլ գնում են, այդ ամենը արձանագրում` չզգալով, չնկատելով, որ Հայաստանը բոլորովին էլ այն պետությունը չէ, որ իրենք պատկերացնում են: Իրենք իրենց համար ստեղծել են մի վիրտուալ պետություն, և ես շատ ուրախ եմ, որ այս փաստաթուղթը հայտնաբերվեց; Չգիտեմ, թե սա ինչ ազդեցություն կունենա նրանց վրա, սա մենք տարածելու ենք ամբողջ աշխարհով, բոլոր ինստանցիաներով, բոլոր այն պաշտոնյաներին, եվրոպական պաշտոնյաներին, որոնք այսօր վճռել են Հայաստանի բախտը: Տեսնենք սրանից հետո ինչ են ասելու մարդիկ: Սրանից հետո այդ մարդիկ հասկանալո՞ւ են, որ Հայաստանի իշխանությունները պարզապես նրանց ձեռ են առնում, նրանց ծաղրում են, խաբում են. սկսած նախագահից, խորհրդարանից, ԱԺ նախագահից, Դավիթ Հարությունյանից, մյուսներից, մյուսներից: Բոլորը: Նորից եմ կրկնում գեղեցիկ ժպտալով, անգլերեն խոսելով, քաղաքավարի այդ մարդկանց ուղղակի հիմարի տեղ են դնում: Կամ այդ մարդիկ իրենք են իրենց այդ վիճակի մեջ դնում` հասկանալով ամեն ինչ»: 

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանի մասով քննարկված և ընդունված բանաձևերին ևս: «Հաստատակամ կարող եմ ասել` գուցե և քաղաքական դրդապատճառների մասին, որն առաջնորդում է եվրոպական չինովնիկներին և արդեն համոզմունք է դառնում, որ արևմուտքը ընդհանրապես շահագրգռված չէ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ունենալ: Որքան թույլ, որքան խոցելի, որքան ասիական, որքան հակաժողովրդական, նրանց այնքան ձեռնտու է: Դրանով ՀՀ իշխանությունները դառնում են հլու հնազանդ գործիք, նրանց նկատմամբ պարտքի մեջ, որոնք պատրաստ են կատարելու նրանց բոլոր թելադրանքները` այդ թվում և Ղարաբաղի հարցում, հայ-թուրքական հարաբերությունների, գերտերությունների հարցում, միջազգային տեռորիզմի դեմ պայքարի հարցում և այլն, և այլն: Հայաստանին պարզապես զրկում են սեփական որոշում ընդունելու իրավունքից». նկատեց վերջինս: Ապա ավելացրեց. «Այդ մարդիկ ստեղծել են Հայաստանի իրականության մի վիրտուալ աշխարհ և փորձում են աշխարհին և մեր ժողովրդին (ինչն ավելի անբարոյական է), ապացուցել, թե մենք ինչպիսի երկրում ենք ապրում` իրականում իմանալով, թե ինչպիսի երկրում ենք ապրում:

Ինձ չի էլ զարմացնում նրանց գնահատականները, նրանց հանձնարարականների էությունը, նրանց դիրքորոշումները: Դա ինձ չի զարմացնում, չի էլ մտահոգում: Ինձ զարմացնում է այդ մարդկանց տրամաբանության հետևողականությունը և երկրում իշխանության բացարձակ բացակայությունը: 1609 բանաձևում նրանք գրել էին հստակ, որ եթե Եվրոպայի պահանջները չբավարարվեն և եթե զգալի առաջընթաց չլինի, ապա հունիսյան նստաշրջանում կլսվի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը:

Գրել էին հստակ, վերջին նախադասության մեջ: Ինչ տեղի ունեցավ: Եկան Կոլոմբիեն և Պրեսկոտը, վերադարձան և Հայաստանի պահանջների կատարումը համարեցին անբավարար. մենք չէ. իրենք: Իրենք անբավարար գնահատեցին, բայց չկատարեցին: Հիմա ի՞նչ ասես էդ մարդկանց:

Մի ուրիշ փաստ. իրենք այդ բանաձևում գրում են, որ չեն հավատում խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը, որ պետք է հետաքննի մարտի 1-ի իրադարձությունները, կարող է լինել անկախ, թափանցիկ, այսինքն` իրենց պահանջներին համապատասխան, մանավանդ նկատի ունենալով դրա կազմը, իրենք են գրում, իրենք են ֆիքսում: Շատ տրամաբանական եզրակացությունը դրանից պետք է լիներ` պահանջել լուծարել այդ հանձնաժողովը: Լուծարել, ստեղծել նորը` իրենց պայմաններով: Պարզ, էլեմենտար մարդկային տրամաբանությունը դա էր թելադրում: Հիմա ասում են` այո, չի կարելի հավատալ այդ հանձնաժողովին, այո, դա չի կարող անկախ հետաքննություն անցկացնել, այո, դրա կազմը ամբողջությամբ իշխանական կոալիցիան է, բայց ընդդիմությանը կոչ է անում մասնակցել դրա աշխատանքներին: Սա ուղղակի ծաղր է, խեղկատակություն». եզրափակեց ՀՀ առաջին նախագահը: 

«Չորրորդ իշխանություն», Հուլիսի 2 2008թ.,

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս