loader
Լևոն Զուրաբյան. 2013-ին ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումը տապալվեց Սերժ Սարգսյանի սխալ քաղաքականության պատճառով

Լևոն Զուրաբյան. 2013-ին ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումը տապալվեց Սերժ Սարգսյանի սխալ քաղաքականության պատճառով

«Ազատության»  Կիրակնօրյա վերլուծականի զրուցակիցն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«2013 թվականին Հայաստան - ԵՄ պայմանագրի ստորագրումը տապալվեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող սխալ քաղաքականության պատճառով, որովհետև ինքը չարեց անհրաժեշտ կոնսուլտացիաները Ռուսաստանի հետ», - ասում է Լևոն Զուրաբյանը։

«Եվ եթե հիշում եք, 2013 թվականին Լևոն Տեր֊Պետրոսյանը բավականին լուրջ անդրադարձ ունեցավ այդ առումով, օրինակներ բերեց, թե ինչպես է ինքը նման հարցեր լուծել, երբ Արևմունտքի հետ համագործակցության ծրագրեր են եղել, շատ կարևոր էր, որ դա չառաջացներ Ռուսաստանի մոտ «խանգարելու» ցանկություն՝ այդպես ասենք։ Շատ կարևոր է գերտերությունների  շահերի ներդաշնակեցումը, պետք է ամեն ինչ անել, որ փոքր երկիրը չդառնա գերտերությունների միջև կռվախնձոր։ Եվ ըստ էության, Տեր-Պետրոսյանը հուշեց Հայաստանի իշխանություններին, թե ինչես է պետք գնալ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման ուղով, առանց մեկին կամ մյուսին հակադրելու։ Կարծես իշխանությունները հասկացան սա և անսացել են այդ խորհուրդներին և այս անգամ այդ կոնսուլտացիաները անցկացրել են։ Ուղղակի կարելի էր խուսափել 2013 թվականին Հայաստանի այդ նվաստացումից՝ այդ անփորձության, թե չհասկանալու պատճառով»։

«Ակնհայտ է, որ աշխարհում ընթանում են պրոցեսներ, որոնք, ի վերջո, հնարավոր են դարձնում Ղարաբաղի խնդրի լուծումը: Այն, ինչ ԼՂ խնդրի մասով մենք ասել ենք ընտրություններին, հենց այնպես չէր, որովհետև այդ ուղերձը հիմնված էր աշխարհաքաղաքական նոր իրողությունների վերլուծության վրա: Գործն իսկապես լրջանում է, ունենք տեղեկություններ, որ բանակցություններն ընթանում են, և ըստ էության, ուղղված են վերջնակետին», - ասել է Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը՝ Զուրաբյանը ընդգծել է, որ դա անիմաստ թեմա է, որը որևէ կապ չունի այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների հետ:

«Իրականում այդ պրոցեսներն իշխանությանն էին հենց պետք, որ ոչ մի կապ չունեն իրականության հետ, թեմաներ, որ ցույց են տալիս իշխանության ավելի սոլիդ, ավելի բանական, ավելի ադեկվատ լինելն այս իրավիճակում, նաև թույլ են տալիս իշխանությանը բողոքել Մոսկվային, ասելով՝ տեսեք, ընդդիմությունն ուզում է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաուղղում, վերակողմնորոշում՝ դրանով թանկացնելով իրենց Մոսկվային աչքերում:

Իշխանությունը շատ գոհ է, որ ռեժիմի դեմ ընդդիմությունը կամաց-կամաց փոխարինվեց Եվրասիական միության դեմ ընդդիմությամբ: Դա ամենաձեռնտու գործընթացն է նրանց համար, իսկ նրանք, ովքեր իսկապես դեմ են ԵԱՏՄ-ին, փոխանակ զբաղվեն սեփական իշխանության քննադատությամբ, զբաղվում են մեկնաբանությամբ»:

Լևոն Զուրաբյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով: Հարցազրույցը սկսվում է հաղորդման 38:06 րոպեից և տևում մինչև 57:45-ը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս