loader

Լևոն Զուրաբյան․ Արմեն Սարգսյանի լուսավոր դեմքը որևէ բան չի փոխի (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի լուսավոր դեմքը ոչինչ չի փոխելու, «Ազատության» հետ զրույցում շեշտեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, պնդելով՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ Հայաստանի դիկտատորը:

Որևէ երկիր, որտեղ այսպես խեղդող կոռումպացված միջավայր ու համակարգ է ստեղծվում, այդ միջավայրը փոխելու երկու ձև կա, ասաց Զուրաբյանը՝ շարունակելով.

 «Մեկը՝ երբ որ բախտի բերումով, ինչ-որ հրաշքով լինում է մի դիկտատոր, որ ինքը լինում է, չեմ ասի շատ լուսավորված, բայց գոնե նորմալ նպատակներ ունեցող անձ և փորձում է լինելով բռնապետ՝ երկիրը տանի նորմալ ապագա։ Այդպիսի օրինակներ կան, ինչպես, օրինակ, Պինոչետը․ Պինոչետը եկավ ահավոր բռնությամբ՝ տապալելով ժողովրդավարությունը, 4 հազար մարդ վարի տալով, բայց կամաց-կամաց երկիրը տարավ դեպի զարգացում և ժողովրդավարություն։ Դա մի տարբերակն է, բայց դա շատ հազվագյուտ է, որովհետև բռնապետերի 99 տոկոսը լրիվ այլ նպատակներ են հետապնդում։ Եվ երկրորդ տարբերակը դա այն է, որ ժողովրդավարական շարժումը գալիս է և սրբում է այս կլանային համակարգին և հաստատում ժողովրդավարական կարգեր, ուրիշ ճանապարհ չկա»։

«Տվյալ դեպքում դիկտատորը Սերժ Սարգսյանն է և շարունակելու է մնալ Հայաստանի դիկտատորը։ Արմեն Սարգսյանի լուսավոր դեմքը որևէ բան էդ իրողության մեջ չի փոխի։ Մնում է ժողովրդավարական շարժման ուղին։ Կարող եք ասել՝ «10 տարի պայքարեցիք ժողովրդավարական շարժումով, ինչի՞ հասաք», կհամաձայնեմ Ձեզ հետ, որ մեր վերջնական նպատակին չհասանք, բայց դա չի նշանակում, որ այդ մեթոդը, որպես այդպիսին, ավարտված է, վարկաբեկված է։ Դա մնում է միակ ձևը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս