loader
Մանուկ խանը. ռետրո

Մանուկ խանը. ռետրո

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը, 2004թ. ապրիլի 12-ի դեպքերը, Պողոս Պողոսյանի գործը, 2003թ. նախագահական ընտրությունների կեղծիքներն ու դրանից հետո տեղի ունեցած հարյուրավոր գիշերային դատերը, «Ա1+» հեռուստաընկերության դեմ ծավալած` շիզոֆրենիայի հասնող արշավը, որն առ այսօր շարունակվում է. այս ամենը իրականացվել կամ կոծկվել է հենց Դ. Հարությունյանի ղեկավարած համակարգի շնորհիվ: Ավելին, մեր տեղեկություններով, այս ամենի հեղինակը անձամբ ինքն է, եւ նման աղմկոտ գործերի ճակատագրերը որոշվում են հենց վերջինիս կաբինետում: 

Ահա թե ինչու այսօր Հայաստանի ապագայի վրա մեծ հարցական կա` շնորհիվ Հայաստանի դատական այլասերված, այլանդակ եւ կոռումպացված համակարգի: 

Վտանգավորն այստեղ այն է, որ երբ Դ. Հարությունյանը արտասահմանյան մասնագետների կամ Եվրոպայի Խորհրդի ուղարկած մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումներ է ունենում, վերջիններիս մոտ տպավորություն է ստեղծվում, թե հանձին Դ. Հարությունյանի գործ ունեն բավական կրթված, առաջադեմ հայացքների տեր մարդու հետ: Բայց թե իրականում Հայաստանում իրավական ինչպիսի տեռոր է ընթանում, դրան արտասահմանում շատ քչերն են ծանոթ: 

Ամբողջովին այլասերելով դատական համակարգը, այժմ էլ Դ. Հարությունյանը նույն ճակատագրին է արժանացնում Հայաստանի փաստաբանական համակարգը: Խախտելով բոլոր` նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները, նա ամեն ինչ արեց, որպեսզի փաստաբանական միությունը այդպես էլ չկայանա: Հատկապես վերջին տարիներին, երբ փաստաբանները սկսեցին ինքնուրույնություն ցուցաբերել, Դ. Հարությունյանը հետեւողականորեն հասավ նրան, որ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այժմ բազմաթիվ փաստաբանական կազմակերպությունների փոխարեն ունենանք ընդամենը մեկ` գործադիր իշխանությունից լիակատար կախվածության մեջ գտնվող կառույց: Եվ փաստաբանների միավորման հետ կապված վերջին իրադարձությունները այդ ամենի ապացույցն են: Վախենալով, որ միավորված փաստաբանների ղեկավար կդառնա Տ. Տեր-Եսայանը, Դ. Հարությունյանի համաձայնությամբ տարիքային ցենզ սահմանեցին, ըստ որի ղեկավար դառնալու համար փաստաբանը պետք Հայաստանում 7 տարվա աշխատանքային ստաժ ունենա: Տիգրան Տեր-Եսայանը 6 տարի էր աշխատել: Նման նախադեպ երբեք չի եղել ոչ Հայաստանում, ոչ էլ միջազգային պրակտիկայում: Եվ երկրորդ. փաստաբանական կազմակերպությունները 2002թ. ի վեր նոր փաստաբաններ չէին ընդգրկել իրենց կազմում, որովհետեւ դրա համար պետք է անցկացվեին քննություններ, իսկ դրանք չէին անցկացվել: 

Սակայն փաստաբանների ընտրությունների ժամանակ պարզվեց, որ փաստաբանների թիվը 12-ով ավելացել է: Դրանք ավելացել էին փաստաբանների միությունում, որոնց ղեկավարը Միշա Փիլիպոսյանն էր: Եվ երբ փաստաբանների ղեկավարի ընտրություններից հետո պարտված կողմը դատարանում բողոքարկեց դրանց արդյունքները, պարզվեց հետեւյալը. վերոհիշյալ 12 փաստաբանները անօրինական ձեւով են ստացել փաստաբանի վկայականները: Եվ հենց այդ 12-ի մասնակցությունը ընտրություններին էական ազդեցություն է թողել արդյունքների վրա: Այդ պատճառով էլ դատարանը չեղյալ է ճանաչել արդյունքները: Ավելին, ստացվում է, որ այդ 12 հոգին անօրինական փաստաբան դառնալով, անօրինական ձեւով գործունեություն են ծավալել: Եվ այս ամենը Դ. Հարությունյանի ամենազոր հայացքի ներքո: 

«Չորրորդ իշխանություն», Հունիսի 3, 2005թ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս