loader
Մանվելն օձերին էլ էր կերակրում

Մանվելն օձերին էլ էր կերակրում

Հասարակությունը դեռ ուշքի չի եկել գեներալ Մանվելի կալվածքներում իրականացված խուզարկությունների արդյունքների առաջացրած շոկից, այդ թեման քննարկվում է բառացիորեն ամենուրեք, իսկ գնահատականներ հնչեցնողներն անպայման նախապես նայում են չորսբոլորը, որ հանկարծ մոտակայքում կանայք և երեխաներ չլինեն:

Բայց սա, իհարկե, ընդամենը սկիզբն է: Առաջիկայում այդ գոյացության կերպարը դեռ կամբողջանա, ու իրենց պատասխանները կստանան «օդում կախված» այն հարցերը, թե ճի՞շտ է արդյոք, որ ժամանակին նա Արցախում է հայտնվել ընդամենը այն պատճառով, որ բեռնատարով մահացու վրաերթի էր ենթարկել մի կնոջ, և բանտից խուսափելու միակ տարբերակն առաջնագիծ փախչելն էր, ճի՞շտ է արդյոք, որ նա իր ղեկավարած զորամասերում հրամայում էր փոսեր փորել, այնտեղ թունավոր օձեր ու կարիճներ էր գցում, և ամենաթեթև զանցանքների համար զինվորներին մերկացնում ու գցում էր այդ փոսերը, և հնարավոր է նույնիսկ վերջապես պարզվի՝ գեներալ Մանվելը պատերազմի տարիներին ավելի շատ հայկակա՞ն գյուղեր է թալանել, թե՞ ադրբեջանական: Բայց խնդիրը միայն սա չէ:

Ի վերջո, մի բան ակնհայտ է՝ հասարակության համար Մանվել Գրիգորյան անուն-ազգանունով մարդ այլևս գոյություն չունի, և բացարձակապես էական չէ՝ այդ մարդը բանտո՞ւմ կլինի, թե որևէ այլ տեղ (հանուն սեփական անվտանգության՝ ճիշտ կանի ընդհանրապես դուրս չգա բանտից): Խնդիրը նաև այն է, որ Մանվելն իր շոշափուկները տարածել էր նաև Պաշտպանության նախարարությունում, և անգամ բանակի հետ պաշտոնապես որևէ կապ չունենալով՝ թալանը շարունակում էր նաև «պետական խողովակներով»: Օրինակ՝ Երևանի թիվ 164 դպրոցի տնօրենն ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց դպրոցի տրամադրած 10 արկղ օգնությունը, որը հետագայում հայտնվել է Մանվելի նկուղներում, իրենք հանձնել են Պաշտպանության նախարարությանը:

Այսինքն՝ կամ նախարարությունում էլ է նույնպիսի թալան եղել, և գեներալին «փայ են տվել», կամ էլ գեներալը «նալոգ էր դրել» նախարարության վրա: Կարծում ենք՝ հիմա ԱԱԾ-ն առաջին հերթին հենց այս հարցը պիտի պարզի: Հիմա՝ այն մասին, թե արդյո՞ք արժեր հրապարակել այս ամենը, որովհետև եթե Աստված չանի, նոր ապրիլյան պատերազմ սկսվի, գուցե մարդիկ նույն եռանդով օգնություն չցուցաբերեն զինվորներին: Նման մտավախությունը բացարձակապես տեղին չէ, որովհետև նախ՝ զինվորները մեր բոլորիս աջակցության կարիքն են ունեցել հենց այն պատճառով, որ Մանվելի նման կենդանակերպերը տարիներ շարունակ թալանել են բանակը, և երկրորդ՝ վստահաբար, սրանից հետո որևէ մեկը չի համարձակվի գողանալ զինվորի հասանելիքը, որովհետև Մանվելի հետ կատարվածը ցույց տվեց՝ նման հանցանքներն անպայման մի օր բացահայտվում են և վաղեմության ժամկետ չունեն:

Հ.Գ. ՀՀԿ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և նշել, որ անկախ վաստակից՝ նման բան անողները պիտի օրենքի առաջ պատասխան տան: ՀՀԿ-ին խորհուրդ կտայինք այդ հայտարարության տեքստը «սեյվ անել» ու համակարգչի հիշողության մեջ պահել, որպեսզի ամեն անգամ նորից չգրեն: Առաջիկայում հաճախ է պետք գալու:

Արմեն Բաղդասարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս