loader
Մենք վախենում ենք, որ կառավարությունը կձախողի ու ժողովրդի մոտ շատ լուրջ հիասթափություն կլինի. կարծիքներ

Մենք վախենում ենք, որ կառավարությունը կձախողի ու ժողովրդի մոտ շատ լուրջ հիասթափություն կլինի. կարծիքներ

Երեկ Ազգային ժողովը ձայների 82 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության հնգամյա ծրագիրը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել «Իմ քայլը», դեմ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Փորձեցինք դեմ քվեարկած պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, թե ինչո՞ւ, կառավարության ո՞ր դրույթներն են նրանց համար եղել անընդունելի:

Հայաստան 24-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, ԱԺ պատգամավոր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց. «Սահմանադրությամբ նախատեսված է, որ կառավարության ծրագիրը կազմվելուց հետո, 20-օրյա ժամկետում բերվում է Ազգային ժողով, և Ազգային ժողովը 7-օրյա ժամանակահատվածում պետք է ընդունի կամ մերժի այն: Մեր մտահոգությունները գալիս են բազմաթիվ տեղերից: Սովորաբար, եթե կառավարությունը բաց է առաջարկներ ընդունելու համար, կառավարության ծրագիրը մինչև Ազգային ժողովին ներկայացնելը, վարչապետը պետք է հանդիպում ունենար ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ներկայացներ փաստաթուղթը, լսեր և ծանոթանար պատգամավորների տեսակետներին: Եվ եթե գային ընդհանուր համաձայնության, ներկայացված առաջարկները ևս ընդունվեին ծրագրի մեջ: Հիմա պատգամավորներին փաստի առջև են կանգնեցրել, բերել են մի փաստաթուղթ և ասում են` սա է, ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք, միևնույն է, մենք 88 հոգի ենք, կքվեարկենք, կանցնի: Առաջին հերթին սա անհարգալից մոտեցում է Ազգային ժողով ինստիտուտի նկատմամբ: Երկրորդը` շատ վերացական է ծրագիրը, չնայած «Իմ քայլ»-ից որոշ պատգամավորներ ելույթ են ունենում և ասում, որ իրենք, չլինելով իրավաբան և տնտեսագետ, չեն տեսնում այդ խնդիրնեը: Բայց եթե մի քիչ իրավաբան և մի քիչ տնտեսագետ լինեին, կտեսնեին դրանք: Եվ այստեղ, բնավ, հաջողությանը հավատալ, չհավատալու հարցը չէ: Մենք ուզում ենք, որ կառավարությունը հաջողի և դրա համար մենք պետք է այսօր տեսնենք՝ արդյո՞ք նա պատրաստ է հաջողելու: Կարո՞ղ է դա անել, որովհետև ներկայացված ծրագրից դա չի երևում: Տնտեսական հեղափոխությունը, որ խոստացվել էր, չի երևում, և մենք վախենում ենք, որ կառավարությունը կձախողի ու ժողովրդի մոտ շատ լուրջ հիասթափություն կլինի»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ներկայացմամբ՝ իրենց գլխավոր մտահոգությունը կառավարության ծրագրի վերաբերյալ այն է, որ այն չափելի չէ և հետագայում, որպեսզի իրենք՝ Ազգային ժողովի պատգամավորները, որպես վերահսկողներ, կարողանան հասկանալ՝ իրականացե՞լ է  կառավարության ծրագիրը, թե՝ ոչ, չեն ունենալու այն գործիքաչափը, որպեսզի կարողանան չափել:

«Կա բարի ցանկություն՝ անելու տնտեսական հեղափոխություն, բայց մենք այս ծրագրում չտեսանք արտացոլված  տնտեսական հեղափոխության ուղենիշերը, ռազմավարությունը, թե ինչպես է դա իրականացվելու: Թե ինչ նշաձողեր ենք մենք սահմանում, կարծում եմ, որ սա խնդիր է: Բացի այդ, երբ խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին և օգտագործում «հեղափոխություն» բառը, դա ենթադրում է նաև կիրառել ոչ ստանդարտ համարձակ գործիքներ, որոնք չէին կիրառել նախորդները: Արդյո՞ք մենք ունենք այդ գործիքները այստեղ: Չունենք»,- նկատեց նա:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի դիտարկմամբ՝ այստեղ մտահոգության խնդիրը չէ:

«Մեր գործընկերները շատ հաճախ ասում են` թվեր կան, չկան: Իշխանական թևն ասում է, որ թվեր չկան, դա ոչինչ, կարևորը գաղափարն է, մեր կողմնը ասում է, որ չէ, պետք է լինի թիվ, բայց այստեղ խնդիրը թվի վրա ֆիքսվել սխալ է, որովհետև երեք դրույթ է պետք տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար՝ ֆինանսավորման աղբյուր, մեխանիզմներ և ամենակարևորը` ճանապարհային քարտեզ` տեսլական: Մենք արդեն ներկայացրել ենք մեր առաջարկությունների մեջ, որ հստակ պետք է ժամանակահատված և մեխանիզմներ, թե ինչպե՞ս է, օրինակ՝ աճում ՀՆԱ-ն: Ի՞նչ է կառավարությունը ձեռնարկում: Ենթադրենք՝ խրախուսում է արտահանումը: Ի՞նչ է արվում դրա համար: Ի՞նչ մեխանիզմով: Դրանք հարկային մեխանիզմնե՞ր են, հարկեր են իջեցվում արտահանողների համար, թե՞ սուբսիդավորում է կատարվում: Հստակ պետք է ներկայացվի, ուրիշ տարբերակ չկա: Ցավոք, ստիպված եմ համաձայնվել ձեր դիտարկմանը, որ պատգամավորները ծանոթ չեն եղել կառավարության ծրագրին, և վարչապետն էլ առաջարկեց, որպեսզի մենք ներկայացնենք մեր առաջարկները, սակայն ինչպես պարզվեց, առաջարկները բուն փաստաթղթի մեջ չեն մտնի»,- եզրափակեց Աբովյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս