loader
 MoTV-ին  մեզ թրաֆիկինգի է ենթարկել. «NAZR1»-ի պրոդյուսեր

MoTV-ին մեզ թրաֆիկինգի է ենթարկել. «NAZR1»-ի պրոդյուսեր

 MoTV-ին մարդկանց աշխատացրել է և չի վճարել: Այս մասին Հայաստան 24-ին ահազանգեց հեռուտաընկերության հետ համագործակցած «Nazr 1» հաղորդման պրոդյուսեր Շագե Ներսիսյանը:

Մոտ մեկ  տարի այս  քաղաքական- երգիծական հաղորդաշարը յություբյան ալիքով էր հրապարակվում:

 Փետրվարին ՕԵԿ նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունը, որը վերափոխվել էր  MoTV-ի  առաջարկել  է «Nazr 1»-ի թիմին համագործակցել և պատրաստած տեսանյութերն  իրենց հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակել: Հաղորդման պրուդյուսեր Շագեի  խոսքով՝ առաջարկը ստացել են հեռուստաընկերության պրուդյուսեր Ռաֆայել Թադևոսյանից: Բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել և անցել գործի:  Ձեռք բերած  ֆինանսական և  ստեղծագործական  համաձայնությունը որևէ թղթի վրա չի հաստատվել՝ պայմանագիր չեն կնքել: Շագեի խոսքով՝  MoTV-ի ղեկավարությունն  անընդհատ ձգձգել է՝ այդպես էլ պայմանագիր չկնքելով:

 Նոր եթերաշրջանին ընդաառաջ՝ Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում նախատեսվել էր 4 հաղորդում պատրաստել կանանց մասին:  Անդրանիկ հաղորդումն առաջին լեդիների մասին է եղել, որը նվիրված էր Հայաստանի առաջին տիկնանց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի տիկնանց:

«MoTV-ի ղեկավարությունն ասաց, որ այն շատ են հավանել: Անոնս պատրաստեցինք, եթեր տվեցին: Նախատեսված օրը նշված հաղորդումն եթեր է դուրս եկել»,- ասաց մեր զրուցակիցը:

 Հաղորդման պրոդյուսերը նշեց, որ  հաղորդման ընթացքում առաջին լեդիների  կողակիցների քաղաքական գործունեությանը չեն անդրադարձել: Տեսանյութը պարունակել է հումորային, սարկազմի էլեմետներ: Հաղորդումն եթեր դուրս գալուց հետո, հեռուստաընկերության ղեկավարները Շագեի խոսքով, «ընդհատակ» են անցել:  Այլևս չի կարողացել կապվել նրանց  հետ և խոսել մյուս պատրաստվող տեսանյութերի մասին: Երկար չարչարանքներից հետո ի վերջո կարողանում է պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի հետ նամակագրություն հաստատել և հանդիպել: Հանդիպմանը մասնակցել է նաև գործադիր տնօրենը, որը ՕԵԿ նախկին անդամ Հեղինե Բիշարյանի որդին է:

 Շագեն պատմեց, որ միայն տեխնիկական հարցեր են քննարկել և պայմանավորվել են  նույն  ձևաչափով  շարունակել աշխատանքը, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ կրկին կապ հաստատել չի ստացվել:

«Մի օր հաջողվեց կապ հաստատել և ասեցի, եթե չեք շարունակում  մեզ հետ համագործակցել,  այդպես էլ ասեք: Ասացի նաև, որ գոնե եթեր դուրս եկած հաղորդման գումարը տվեք: Նրանք կտրականապես հրաժարվեցին այդ գումարը տալուց: Ավելի կոշտ խոսեցի,  ասեցի` չեք վախենո՞ւմ օրինապահ մարմիններից, բայց նրանք դրա վրա էլ «թքած» ունեին»,- ասաց նա:

Այս ամենից պրոդյուսերը  եզրահանգել է, որ հետհեղափոխական Հայաստանում դեռ կան օբյեկտներ և սուբյեկտներ, որոնք չեն գնահատում հեղափոխության արժեքները:

«Սա կոչվում է  թրաֆիկինգ: Ի՞նչ է նշանակում քո սեփական երկրում մի ամբողջ անձնակազմի՝  մոտ 6 հոգու աշխատացնել և չվճարել»,- դժգոհեց պրոդյուսերը:

 Նրա համար զարմանալի էր, թե ինչու առաջարկ ստացան հեռուստաընկերությունից, բայց շատ  չանցած հրաժարվեցին  հետագա աշխատանքից: Ըստ պրոդյուսերի՝ եթե պատճառը քաղաքական  էր, ապա իրենց ստեղծագործության գաղափարախոսությանն արդեն ծանոթ էին՝ նախապես կարող էին  գործարքի չգնալ: «Nazr 1»-ի թիմի համար այս ամենում մութ հարցեր շատ կան:

«Մեզ  համար պարզ չէ, թե ի վերջո ով է այդ հեռուստաընկերության սեփականատերը: Մեզ այդպես էլ չասացին, թե այն ում է պատկանում: Ըստ երևույթին, սեփականատերը չի էլ նայել ծրագիրը: Միգուցե պրոդյուսեր- գործադիր տնօրեն օղակն է նայել, իսկ վերադասը  եթերում է միայն տեսել և չի ցանկացել, որ այն եթեր դուրս գա: Ըստ օդում կախված լուրերի՝ այն պատկանում է Արթուր Բաղդասարյանին»,- ենթադրում է պրոդյուսերը: 

 Նշենք նաև, որ այս հեռուստաընկերության անունը կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու հետ, սակայն այն  հերքել է MoTV-ի պրոդյուսերը:

 «Nazr 1»-ի անձնակազմի համար ցավալի է, որ նոր Հայաստանում  թրաֆիկինգի են ենթարկվել, բայց չգիտեն, թե ի վերջո ով է  MoTV-ի իրական սեփականատերը և ում  կողմից են աշխատանքային շահագործման ենթարկվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս