loader
Նալբանդյան. Կարևոր է խթանել ՀՀ-Լյուքսեմբուրգ առևտրատնտեսական հարաբերությունները

Նալբանդյան. Կարևոր է խթանել ՀՀ-Լյուքսեմբուրգ առևտրատնտեսական հարաբերությունները

«Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու մեր քննարկումները՝ միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք մեր բարձր գնահատականը Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ, ինչն արտահայտվեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչմամբ», -Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ կապերի զարգացման հարցերին: 

«Հաշվի առնելով Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական, ապահովագրական ոլորտներում՝ կարծում եմ՝ կարևոր կլինի կազմակերպել գործարար հաժողովներ՝ խթանելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Մեր հանդիպման օրակարգում էին նաև իրավական պայմանագրերի դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերաբար խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերը:

Ընդգծվեց նաև Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխհամագործակցության կարևորությունը: Այս համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգին և անձամբ պարոն Ասելբոռնին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությանն անվերապահ և սկզբունքային աջակցության համար: Անդրադարձանք նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: ԵՄ հիմնադիր անդամ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ քննարկեցինք նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը»,-ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանը հույս հայտնեց, որ Երևանում բացվող Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսարանը կլինի մեր երկրում Լյուքսեմբուրգի ներկայության մշտական ապահովության առաջին քայլը:

ՀՀ դիվանագետը նշեց նաև, որ Լյուքսեմբուրգի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս