loader

2019թ. պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյան. ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այս զեկույցը որպես փաստաթուղթ, մենք Ազգային Ժողով ենք ներկայացրել փետրվարի վերջին օրը, բայց ուզում եմ արձանագրել, որ այս ընթացքում նաև տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, արձանագրումներ, և ես կուզենայի քննարկումը սկսել հենց այդ, իմ կարծիքով, կարևոր նորություններից:

Առաջին 3 ամիսների մեր գործունեությունն ամփոփելով, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ համոզման, որ 2019թ. պետբյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով: Սա մոտավորապես 90 մլն դոլար է, այսինքն՝ պետական եկամուտները 2019-ին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով: Սա, ուզում եմ ընդգծել, վերջին առնվազն ինը տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև նախկինում մենք չենք ունեցել, մենք առնվազն բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով: Շատ ավելի կարևոր է արձանագրել, թե մենք ինչ ենք պատրաստվում անել այդ հավելյալ եկամուտների հետ: Մենք մտադրված ենք 2019թ. հուլիս 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019թ. սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ-ում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը: Բացի այս պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ՝ հիմնանորոգում, ընթացիկ նորոգում, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին ինը տարիների համար, բայց նաև մենք հույս ունենք և գիտենք, որ կլինեն որոշակի խնայողություններ այս գործընթացում, մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ այս տարի մեզ կհաջողվի գերազանցել: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այս ցուցանիշի մեջ չի մտնում հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը: Դա բոլորովին ուրիշ պատմություն է:

Եվս 10 մլրդ մտադիր ենք հատկացնել սուբվենցիոն ծրագրերին: Ինչ ծրագրեր են սրանք, սրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են համայնքների, տեղական ինքնակառվարման մարմինների հետ համատեղ: Նախորդ տարի, անկեղծ ասած, նույնպես պատրաստ էինք 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերին, բայց տարվա արդյունքներով պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն ծախսելու այդքան գումարներ, որովհետև չկան համապատասխան ծրագրեր: Ուզում եմ հիշեցնել՝ սուբվենցիոն են կոչվում այն ծրագրերը, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը ֆինանսավորում են համայնքներն իրենք: Չնայած մեր նախորդ տարվա պատրաստակամությունը՝ 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը, նախորդ տարի մենք, ցավոք, այս նպատակի համար կարողացանք ծախսել ընդամենը 1.6 մլրդ դրամ: Հույս ունենք, որ այս տարի մեզ լիարժեք կերպով կհաջողվի ծախսել այդ 10 մլրդը, որովհետև համոզված ենք, որ այդ գումարի ծախսման արդյունքում մեր քաղաքացիներն արդեն, բնականաբար, նպատակային ծախսման արդյունքում, իսկ որ նպատակային պետք է ծախսվեն գումարները, կարծում եմ՝ այդ խոսակցությունները այլևս պետք չէ ունենալ, այս գումարների ծախսման արդյունքում քաղաքացիներն իրենց կյանքում կզգան արդեն շատ կոնկրետ փոփոխություններ:

Հիմա ուզում եմ արձանագրել և խոսել այն մասին, թե ինչի արդյունք է այս առնվազն 40 մլրդ հավելյալ դրամի հավաքագրումը պետական բյուջե: Սա առաջին հերթին, իհարկե, ստվերի դեմ կառավարության և ՊԵԿ վարած քաղաքականության արդյունք է, և քանի որ կանխատեսում եմ, որ կհնչեն մտահոգություններ, թե ինչքանով է սա նեգատիվ ազդեցություն ունենալու մեր տնտեսության վրա, ուզում եմ ասել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ ընդհանրապես չեն կիրառվում, այլ կիրառվում է վերլուծական մեթոդը, բանակցային մեթոդը, երկխոսության մեթոդը: Գիտեք, որ ՊԵԿ-ում բավական լավ թվայնացման մակարդակ կա և այդ ծրագրային ապահովումը մեզ թույլ է տալիս տեղորոշել այն ոլորտները, այն կոնկրետ նույնիսկ ընկերությունները, որոնք հենց ծրագրային ապահովման բերումով համարվում են ռիսկային:

Հաջորդ կարևոր գործոնը, որ մեզ թույլ է տալիս, որ ահա այսպիսի լրջագույն դերակատարում ունենանք պետական եկամուտների, քաղաքացիների և կառավարության համագործակցությունն է: Ուրախ եմ արձանագրել և այդ մասին այս ամբիոնից խոսելու առիթ էլի եմ ունեցել, որ ՀՀ քաղաքացիներն իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերային տնտեսության դեմ պայքարում: Հիշում եք, դա շատ լայն հանրային քննարկումների տեղիք է տվել, նաև իմ այն կոչերը, որ պարտադիր որևէ գործարք անելիս, որևէ տեղից որևէ բան գնելիս պարտադիր պետք է պահանջել հսկիչ դրամարկղային կտրոն: Եվ ուրախ եմ արձանագրել, որ 2018թ. մայիսից մինչև այսօր երկրում 65 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում: Սա, կարծում եմ, ևս մեկ ապացույցն է, որ մեր հանրությունը և կառավարությունը շատ գործնական երկխոսության մեջ են միմյանց հետ և այդ երկխոսությունը տալիս է կոնկրետ արդյունքներ: Երբ որ նախկինում նույնիսկ հարց հնչեց այստեղ կոնկրետ ուսուցիչների աշխատավարձի մասին, թե ի՞նչ ենք առաջարկում, առաջարկում ենք ՀԴՄ կտրոն խփեն, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանա: Ասում ենք՝ այո, ՀԴՄ կտրոն խփեն, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանա և ահա 65 մլն ավել տպված ՀԴՄ կտրոնների արդյունքում բարձրացնում ենք ոչ միայն ուսուցիչների, այլև մեր Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը: Ընդ որում, չենք համարում, որ դրանով ինչ-որ դարակազմիկ կամ հեղափոխական բան ենք անում, բայց մենք համարում ենք, որ դրանով սկսում ենք դարակազմիկ և հեղափոխական նշանակություն ունեցող գործընթաց: Ես ուզում եմ ասել, որ այս ամիսներին մեր գործունեությունն ինձ հիմք են տալիս ոչ թե լավատեսորեն, այլ վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Ուզում եմ հիշատակել արդեն իսկ հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հրապարակումները, հաշվետվությունները: Դուք տեղյակ եք, որ հունվարին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%, իսկ արդեն փետրվարին մենք ունենք 7.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ և երկամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%:

Այս ամենի մեջ ի՞նչն է կարևորը: Այս թվերն ինքնին դրական ենք համարում, բայց սա չենք համարում, որ հասել ենք մեր ցանկացած ցուցանիշին: Այստեղ կարևոր է դինամիկան: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա սեպտեմբերին մենք նույնիսկ հասանք ռեցեսիոն շեմի, ընդհուպ, երբ որ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը ձգտում էր 0-ի և նույնիսկ մինուս նշանով էր: Այդ ժամանակ նաև շատ կանխատեսումներ էին հնչում, որ ահա ամեն ինչ ավարտվեց, մենք այն ժամանակ պնդում էինք, որ ոչ, ամեն ինչ դեռ նոր սկսվում է, և այդ պահից սկսած մեր տնտեսության մեջ դրական դինամիկա կա և այդ դրական դինամիկան ունի շատ լուրջ բովանդակություն, և ես որևէ կասկած չունեմ, որ մենք մեր վարած քաղաքականությունը շարունակաբար և հետևողականորեն բերելու է դրական դինամիկայի:

Քանի որ, այնուամենայնիվ, նախորդ տարվա գործընթացներն ենք մեծ մասամբ վերլուծում, ես ուզում եմ արձանագրել նաև հետևյալը՝ որպես ամփոփում, չնայած այս թեմայի մասին խոսել ենք: Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշնմերի մասին խոսելիս պետք է կարևոր տվյալներ չմոռանալ պարզապես: 2018թ. ՀՀ-ում տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն, երեք վարչապետ է փոխվել երկրում, նախագահի մեկ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ և երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական, բայց այնուամենայնիվ, հեղափոխություն: Եվ դուք համաշխարհային պատմության մեջ չեք գտնի որևէ երկրորդ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական ընկալության շրջան, և դրան չի հետևել խորը տնտեսական ռեցեսիոն գործընթացը: Եվ երբ որ ասում ենք, որ ՀՀ-ն բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների բնույթով և բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաև այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով:

Բայց սա ինչի համար եմ ասում. ուզում եմ ասել, որ այո, նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր և մեզ հաջողվեց պահել տնտեսական կայունությունը, մակրոտնտեսական կայունությունը, բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է: Հիմա ՀՀ-ն թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա արդեն սկսել է և սկսում է արտահայտվել տնտեսության մեջ: Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում շինարարության ոլորտում: Ե՛վ հունվարին, և՛ փետրվարին շինարարության ոլորտում  ունեցել ենք 20%-ը գերազանցող աճ՝ համապատասխանաբար, 22.1% և 21.3%: Մյուս կողմից լրջագույն աճեր են նկատվում հիպոթեկային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարը նախորդ տարվա հունվարի նկատմամբ հիպոթեկային վարկավորումն աճել է 77%-ով, իսկ փետրվարը փետրվարի նկատմամբ՝ 100%-ով: Երկրի հիպոթեկային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30%-ով, բացարձակ թվով 70 միլիարդ դրամ: Այսինքն անցած տարվա մայիսից մինչև այժմ մոտավորապես 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները: Ինչ է սա նշանակում. սա նշանակում է ՀՀ քաղաքացիների վստահություն սեփական ապագայի նկատմամբ: Եվ այն գումարները, որոնք նրանք, կներեք պայմանականորեն, կարող էին ծախսել արտագաղթի և արտագաղթ պլանավորելու վրա, նրանք ծախսում են Հայաստանում տնավորվելու համար, ինչը ապագայի նկատմաբ լավատեսության ամենակարևոր դրսևորումն է: Եվ այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ենթադրել և ասել, որ Հայաստանը, ըստ էության կանգնած է շինարարական բումի նախաշեմին: Ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք հենց այսպիսի պրոցեսներ կտեսնենք: Այդ մասին է վկայում նաև գործարար շրջանակների շինարարների հետ մեր ունեցած զրույցները, շփումները, ինչը նշանակում է իրենց հերթին այս ոլորտում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր, մանավանդ, որ շինարարության ոլորտում նաև պետական ծրագրերով են խոշոր գործողություններ իրականացվելու, ինչը պետք է, անշուշտ, ունենա իր դրական արդյունքը:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 1.9%-ով: Ես հիմա հիմնականում փորձում եմ նշել այն ցուցանիշները, որոնք զեկույցում նշված չեն: Համոզված եմ, դուք բոլորդ զեկույցը կարդացել եք և այնտեղ այս ոլորտների աճերի մասին արդեն իսկ ցուցանիշներ կան, և ես ուզում եմ այս ցուցանիշներով ավելացնել՝ ի ցույց դնելու համար դինամիկան, որ այն պրոցեսները, պոզիտիվ պրոցեսները, որ նախորդ տարվա երկրորդ կեսին՝ հեղափոխությունից հետո, սկիզբ են առել, այդ պրոցեսները հստակ ունեն իրենց շարունակությունը, իհարկե, ոչ առանց բարդությունների: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 1.9%-ով: Սա, չնայած այն հանգամանքին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1.1%-ով: Փետրվարին արձանագրված 4.7 տոկոս աճի շնորհիվ, երկամսյա հանրագումարը կազմել է 1.9%: Ընդ որում դա տեղի է ունեցել հետևյալ կարևոր պայմաններում: Ես ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ` Թեղուտի հանքը, որը վիճակագրորերն ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկայական տոկոսը, արդեն բավական երկար ժամանակ չի աշխատում, արդեն բավական երկար ժամանակ չի աշխատում, արդեն մեկ տարի, բայց ուզում եմ ընդգծել, որ նաև հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկաներ, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում: Այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում: Իհարկե, դրանց ճակատագիրը համոզված եմ հարցուպատասխանի ընթացքում կքննարկենք: Նաև ուզում եմ ասել, որ շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հետ կապված և այն մարդիկ, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ՝ մեզ հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն այն կվերաբացվի: Երբ համեմատական այս ցուցանիշները հանում ենք՝ դա նշանակում է, որ մշակող արդյունաբերությունը հունվար-փետրվար ամիսների ընթացքում աճել է շուրջ 8 տոկոսով, ինչը բավական շոշափելի ցուցանիշ է:

Առևտրի վերաբերյալ. հունվար-փետրվարին առևտուրն ընդլայնվել է 13.1%-ով, երկու ամիսների ընթացքում բարձր տեմպերով աճել է նաև ծառայությունների ճյուղը: Հունվարի աճը կազմել է 15.6%, փետրվարին՝ 19,3%, հունվար-փետրվարի երկամսյա աճը կազմել է 17.5%:

Նաև մի քանի ցուցանիշներ. սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքների արտադրությունն աճել է ավելի քան 30%-ով՝ հիմնականում ի հաշիվ կոնյակի արտադրության աճի, ինչը ռազմավարական և կարևոր ճյուղ է մեր երկրում: Հագուստի արտադրությունն աճել է մոտ 15 տոկոսով, ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 17%-ով: Միաժամանակ, 2019-ի հունվար-փետրվարին նշանակալի աճ են արձանագրել կոնյակի արտահանումը, որի արժեքը կազմել է 30,2 մլն դոլար, աճը կազմել է 24,2%: Շատ կարևոր է, որ ոսկերչական իրերի արտահանումը կազմել է 5,3 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 74,9%-ով:

Ի վերջո, ի՞նչ է այս ամենը նշանակում: Սրանք թվեր են, բայց ես համոզված եմ, որ թվերը դրանց հիմքում գտնվող փիլիսոփայության և գաղափարաբանության ոչինչ են: Շատ դեպքերում մեր տնտեսագետների հետ իրավիճակների մեկնաբանության տարընթերցումները կապված են դրա հետ: Իմ խորը համոզմունքն է և ես գնալով դրանում ավելի եմ համոզվում, որ թվերը ոչինչ են՝ առանց դրանց հիմքում գտնվող բովանդակության: Ես կարծում եմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում մենք շատ հաճախ ենք այդ սխալը գործել, երբ ուղղակի հետևել ենք թվերին՝ առանց հետևելու և խորանալու դրանց բովանդակության մեջ:

Եվ ուրեմն, ի՞նչ է այս ամենը նշանակում: Իմ ընկալմամբ և համոզմամբ՝ սա նշանակում է, որ տնտեսական զարգացման և ընդհանրապես տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է և ես համոզված եմ, որ մեր մոդելն ավելի ու ավելի լավ է աշխատելու: Ո՞րն է տնտեսական զարգացման մոդելի էությունը: Դա այն է, որ տնտեսական հեղափոխության և տնտեսական զարգացման առանցքային և անկյունաքարային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարող սուբյեկտը, և կառավարությունը տվյալ դեպքում ոչ թե պետք է հանդես գա որպես նրանց ղեկավար և նրանց գործողությունները կազմակերպող և կարգավորող, այլ կառավարության հիմնական անելիքն է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, ֆինանսական հասանելիությունը մեծացնելը, կարգավորումները հնարավորինս նվազեցնելը և դյուրացնելը, հավասար մրցակցությունը, օրենքի առաջ բոլորի հավասար հնարավորությունը և հավասարությունը, ինչպես նաև հեռանկարում հարկային բեռի թեթևացումն ու հարկային համակարգի պարզեցումը: Մենք շատ ենք խոսել, որ մենաշնորհները պետք է ՀՀ-ից արմատախիլ արվեն և արդեն իսկ արձանագրել ենք քաղաքական մակարդակում, որ մենք այս ոլորտում ունենք շատ կոնկրետ հաջողություններ: Հիմա մենք արձանագրում ենք, որ 2018-ի մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78%՝ նախկին 95%-ի փոխարեն: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30%՝ նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29%՝ նախկին 43%-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%, նախկին 51$-ի փոխարեն: 

Ես այս ցուցանիշը կարևոր եմ համարում ոչ միայն այն տեսակետից, որ մրցակցային վիճակը բարելավվել է, այլ որ մրցակցային վիճակը չի բարելավվել նախկինում գործող ընկերությունների ողնաշարը ջարդելու կամ այդ ընկերությունները ջարդուփշուր անելու միջոցով: Այսինքն, այդ ընկերությունները շարունակել են գործել բնականոն, սակայն միևնույն ժամանակ դաշտ է բացվել նաև այլ ընկերությունների գործունեության համար: Եվ սա ես համարում եմ մեր հաջորդ ամենակարևոր հաջողությունը և ադյունքը, որ չնայած այսպիսի ահռելի ծավալի քաղաքական փոփոխություններին՝ երկրում ընդհանրապես սեփականության վերաբաշխման որևէ գործընթաց, որևէ դեպք, որևէ պրոցես տեղի չի ունեցել: Իհարկե, սեփականության վերաբաշխում ասելով նկատի ունենք այն քաղաքականապես, միջազգայնորեն ընդունված տերմինը, որովհետև սա չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ իրենց բաժնեմասերը չեն վաճառել, մյուսներն այդ բաժնեմասերը չեն ձեռք բերել: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, խոսքն այն մասին է, որ այս ընթացքում որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից սեփականություն է վերցրել և այդ սեփականությունը տվել է ուրիշին: Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից բիզնես է խլել և այդ բիզնեսը տվել է ուրիշին: Եվ սա համարում ենք մեր կառավարության գործունեության կարևոր ցուցանիշներից մեկը:

Կարևոր է արձանագրել նաև, որ այս լավատեսական ցուցանիշները կիսում են նաև միջազգային այն կազմակերպությունները, որոնք ունեն փորձագիտական բավականին լուրջ հեղինակություն տնտեսական դաշտում: Մեր երկրի վերաբերյալ միջազգային վարկանիշային գործակալությունները վերջին ամիսներին անընդհատ պոզիտիվ մեսիջներ են հղել: Աշխարհահռչակ «Մուդիս» վարկանիշային ընկերությունը մարտի 4-ի իր զեկույցում գրում է. երկրի վարկանիշի վրա դրականորեն ազդող խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս կառավարությանը՝ խորհրդարանում առաջ տանել բարեփոխումների միջոցառումները և արագացնել դրանց իրականացումը, որոնք ունեն աճելու պոտենցիալ: Կառավարության լայնածավալ բարեփոխումների օրակարգը ներառում է Հայաստանի տնտեսական մրցակցության բարձրացում, կորպորատիվ կառավարման և թափանցիկության բարելավման, տնտեսական մենաշնորհների վերացման, կոռուպցիայի նվազեցման, օրենքի գերակայության ամրապնդման և հանրային ծառայությունների կառավարման բարելավման միջոցով:

Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև զարգացման այլ գործընկերների աջակցությունը, ինչպիսիք են՝ Եվրամիությունը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով, և այլ բազմակողմանի հաստատությունները կապահովեն տեխնիկական փորձաքննուևթյուն և աջակցություն:

Մարտի 7-ին «Ֆիտչ» միջազգային վարկանիշային ընկերությունը գրում է. Հայաստանի կառավարության քաղաքականություններն ուղղված են կայուն աճի պահպանմանը, ֆիսկալ կոնսոլիդացիային և արտաքին խոցելիության մեղմմանը: Ազգային ժողովում ունենալով ճնշող մեծամասնություն՝ կառավարությունը ցույց տվեց, որ այն հետամուտ կլինի հարկահավաքման և ծախսերի ոլորտում հետագա բարեփոխումներին, ինչպես նաև կբարելավի գործարար միջավայրը և կամրապնդի պետական ֆինանսների ու պետական ներդրումների կառավարումը, ինչպես նաև կպայքարի մենաշնորհների ու նեղ անձնային շահեր հետապնդող խմբերի դեմ:

Սրանք չափազանց կարևոր գնահատականներ են, որովհետև յուրաքանչյուր միջազգային և օտարերկրյա ներդրող Հայաստանում որևէ տնտեսական ծրագիր քննարկելիս առաջին գործողությունը, որ անում է՝ հետևյալն է. տեսնում է «Մուդիս»-ն ինչ է ասում, «Ֆիտչ»-ը ինչ է ասում, Համաշխարհային բանկն ինչ է ասում, Արժույթի միջազգային հիմնադրամն ինչ է ասում: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս 10 ամիսների ընթացքում և՛ Համաշխարհային բանկի, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամի, և՛ Եվրամիության և մյուս դոնոր կազմակերպությունների հետ ձևավորվել է աշխատանքային բացառիկ դրական մթնոլորտ: Նաև սա է, որ մեզ հույս ու համոզմունք է տալիս, որ մենք իսկապես կունենանք ներդրումային բոլորովին նոր միջավայր, և այդ առումով ուզում եմ ասել, որ այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկումների փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ: Այս պահի դրությամբ դրանցից 49 ծրագիրը 765 մլն դոլարի ընդհանուր արժողությամբ գնահատվել են իրատեսական և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում:49 ծրագրեր՝ 2 մլրդ 337 մլն դոլարի շրջանակում, գտնվում են քննարկումների փուլում: Եվ ես ուզում եմ մի ցուցանիշ ևս արձանագրել, որ 2018-ի ներմուծումների ծավալում մենք ունենք ռեկորդային թվով կապիտալ ապրանքների ներմուծում: Նախորդ տարվա ներմուծման 33%-ը կազմել են կապիտալ ապրանքները, որո՞նք այդ ապրանքները. Դրանք այն ապրանքներն են, որոնք ներկրվում են բիզնես ծավալելու համար, այսինքն ոչ թե սպառման ապրանքներ են, այլ դրանք բերվում են ինչ-որ գործունեություն ծավալելու համար, դրանք մեքենասարքավորումներ են և այդպես շարունակ:

Կրկին ուզում եմ անդրադառնալ մոդելին. վերջին 10 ամսվա ընթացքում ամենատարբեր վերլուծություններն են արվում, թե ի՞նչ է անում կառավարությունը տնտեսական զարգացման համար, որևէ բան անո՞ւմ է, թե՞ չի անում: Ընդհուպ կան գնահատականներ, թե վերջ, որևէ բան չի արվում, որևէ պատկերացում չկա և այլն, և այդպես շարունակ: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը տնտեսական քաղաքականության հին և նոր մոդելների մասին է: Ո՞րն է այդ հին մոդելի էությունը: Հին մոդելի էությունն այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ, կներեք այս բառիս համար, օրթախ է:

Այսինքն, ո՞րն է ներդրումը. ներդրումն այն է, որ հին պատկերացմամբ վարչապետը, փոխվարչապետը, նախարարը, ընդհուպ Ազգային ժողովի նախագահը, պատգամավորները ինչ-որ տեղից մի գործարար են գտնում, ասում են բեր այսպիսի մի բիզնես դնենք, պետք է ենթադրենք 20% հարկ տաս, 20% հարկ չես տաս, կտաս 5% հարկ, մնացած 10%-ն ինձ կտաս, մնացածն էլ քեզ: Եկեք խոստովանենք, որ ըստ էության, սա Հայաստանում տեղի ունեցած ներդրումների 90%-ի նկարագրությունն է: Հայաստանում որևէ նրդրման մեջ, հաջողված, անհաջող, էական չէ, շատ հնարավոր է, որ շատ լավ բիզնես ծրագրեր լինեին, դուք կտեսնեք այս մոդելը, հենց այս մոդելով են Հայաստանում կատարվել տնտեսական ներդրումներ:

Մենք ի սկզբանե ոչ թե հրաժարվել ենք այդ մոդելից, այլ հայտարարել ենք, որ նման մոդելով չենք կարող աշխատել, որովհետև դա իհարկե հակասում է հենց մեր իսկ քաղաքականության ծագումնաբանությանը: Եկեք չմոռանանք, որ մեր պայքարը և հեղափոխությունը դեմ է եղել ոչ միայն քաղաքական մոդելին, այլ տնտեսական մոդելի դեմ: Թույլ տվեք ասել, որ այսօր ՀՀ տնտեսագիտական միտքն իր 90%-ով 20 տարվա ընթացքում ադապտացվել է այդ մոդելին, որովհետև ուրիշ հարթության խոսակցություն, կներեք, իրենք չեն հասկանում, իրենք չեն ընկալում ինչպես կարող է այդպես չլինել, ինչպես կարող է առանց վարչապետի դաբրոյի երկրում ներդրում տեղի ունենալ: Տնտեսական մտքի մեջ այո կա խզում, որովհետև այդ տնտեսագիտական միքտը ձևավորվել է հին մոդելի պայմաններում: ՀՀ ավանդական տնտեսագիտական միտքը գործել է հաշվիչ մեքենայով, առանց փիլիսոփայության և առանց քաղաքական տելականի: Սա է այսօրվա իրավիճակի ամենաառանցքային տարբերությունը:

Եվ ուրախ եմ, որ այսօրվա վիճակագրությունն ու իրողությունները ցույց են տալիս, որ այո, այն տրամաբանությամբ կարողացել ենք ժողովրդի հետ անել քաղաքական հեղափոխություն ու նույն տրամաբանությամբ մենք այսօր կարողանում ենք անել տնտեսական հեղափոխություն: Եվ երբ նախորդ անգամ այս ամբիոնից ելույթ ունենալիս ասում էի, որ տնտեսական հեղափոխությունը սկսված է, այսօր կարող եմ պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում, այո, տնտեսական հեղափոխությունը սկսված է և ես որևէ կասկած չունեմ, որ այդ տնտեսական հեղափոխությունը հաղթելու է նոյն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը: 

Բայց սա չի նշանակում է, որ խնդիր չունենք պրոբլեմներ, սա նշանակում է, որ այդ պրոբլեմների վերաբերյալ պետք է ավելի բաց և ավելի համաձարկ խոսենք: Կրկին ու կրկին ուզում եմ վերադառնալ աշխատանքի մեր մեթոդին: Մեր մեթոդը հետևյալն է՝ պետք է խրախուսենք աշխատանքը, մենք պետք է քաջալերենք մեր քաղաքացիներին, որ նրանք հավատան իրենց ուժին, որ նրանք կարող են ստեղծել արդյունք, և, իհարկե, կառավարության ամենամեծ առաքելությունն այդ հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելն է: Օրինակ՝այսօր մենք գյուղատնտեսությանը տալիս ենք ռազմավարական նշանակություն, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման գործում: Եվ ուզում եմ, որ մենք շատ կոնկրետ և շատ ճիշտ պատկերացնենք, թե ինչպիսի հնարավորություններ մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում:

Երբ ասում ենք, որ ՀՀ-ում կա աշխատանքի հսկայական պոտենցիալ և մենք այս ընթացքում լրջորեն աշխատել ենք տեսնենք, որ ասում ենք գյուղատնտեսության ոլորտում քաջալերենք աշխատանքը, լավ, այդ գյուղատնտեսության ոլորտում ի վերջո աշխատանքի դաշտ կա՞, թե՞ չկա, թե մենք դարձյալ գյուղացուն անարդյունք չարչարվելու ենք մղում, որ վերջում դարձյալ նա ասի՝ տոկոսի տակ ընկա, այդքան չարչարվեցի և ոչ մի բանի չհասա: Եվ մեր եզրակացությունները հետևյալն են. օրինակ՝ ՀՀ-ում ամեն տարի, այս տարվանից սկսած, կա մոտավորապես 100 հազար տոննա կարտոֆիլի, գազարի, ճակնդեղի, կաղամբի արտահանման չօգտագործված պոտենցիալ: 100 հազար տոննա, բացի նրանից ինչ-որ արտահանվում է, հիմա ինչ-որ ասեմ՝ խոսքը պլյուսի մասին է լինելու: Եվ այստեղ խնդիրն այդ ապրանքն ունենալն է և այդ ապրանքի կառավարումը կազմակերպելն է, որովհետև այդ արտահանման սեզոնը բացվում է ոչ թե այն ժամանակ, երբ գյուղացին հանում է և այդ ապրանքն ունի, այլ կա որոշակի սեզոնայնություն: Որովհետև այն երկրում որտեղ պետք է արտահանենք, պետք է սպասենք, որ տեղի արտադրանքը սպառվի, իսկ դա վստահաբար սպառվում է, և այդ ամսաթվից հետո մենք կարող ենք այդ արտահանումը շատ լավ գներով և լավ պայմաններով ապահովել: Եվ սա մի ուղղություն է, որի մասին պետք է մտածենք:

Հիմա տեսեք՝ կաթի հետ կապված գնի վերաբերյալ բանավեճերի, բողոքների սեզոնը կսկսվի, որովհետև ամեն տարի ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածը դրա սեզոնն է: Բայց պարզում է, որ Հայաստանում կա տարեկան 70 հազար տոննա կաթի դեֆիցիտ, ընդ որում՝ այն կաթի դեֆիցիտը, որն այսօր մթերվում է, կարող է մթերվել առնվազն 190 դրամով: Այսօր գյուղացիներն ինչի՞ց են բողոքում: Ասում են՝ կաթի գինը մարտ- մայիսի սեզոնին իջնում է մինչև 110, 100, երբեմն նաև 100 դրամից ցածր: Բայց այս ի՞նչ թվաբանություն է, որ 70 հազար տոննա հավելյալ կաթի պահանջարկ կա՝ առնվազն 190 դրամով: Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ սա այն կաթն է, որը ստացվում է որոշակի որակական պայմաններին համապատասխան: Եթե պարզ ասենք, խոսքն այն կաթի մասին է, որը կթվում է ոչ թե ձեռքով, այլ կթվում է համապատասխան սարքավորումներով: Եվ 70 հազար տոննա այսօր շուկայում խնդրում են, որ 190 դրամ տան, այդ կաթը ստանան: Արդեն այս թեմային անդրադարձել եմ՝ տարեկան 600 հազար գլուխ գառի պահանջարկ կա, ամիսը 50 հազար գլուխ գառի դեֆիցիտ ունենք: Այս բոլորը ես խոսում եմ արտահանման մասին: Ինչո՞ւ է արտահանումը կարևոր, որովհետև դա շատ ավելի մեծ եկամուտներ է բերում գյուղացիներին և ավելի շատ ուժեղացնում է մեր տնտեսությունը:

Ներքին սպառման առումով՝ այս տարի ունենալու են 40 հազար տոննա հավելյալ լոլիկի պահանջարկ, որովհետև նախորդ տարի, իհարկե, նաև այդ ցնցումների պատճառով, մեր վերամշակող ընկերությունները չէին կարողանում լոլիկ գտնել ստիպված լոլիկ են ներկրել անցյալ տարի: Բայց այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել, նոր տեխնոլոգիաներ են բերվել, որովհետև Հայաստանի սննդի արդյունաբերությունն իրոք չափացանց լավն է և որակով: Եվ այս տարի մենք ունենալու ենք 40 հազար տոննա հավելյալ լոլիկի պահանջարկ: Արտահանման ոլորտում այս տարի մենք ունենալու ենք 55 հազար տոննա թարմ բանջարեղենի արտահանման պահանջարկ, 15 հազար տոննա սեղանի խաղողի հավելյալ պահանջարկ,15 հազար տոննա գինու խաղողի պահանջարկ: Եվ մենք այս վերլուծությունն անում ենք ցույց տալու համար, որ երբ մենք ասում ենք աշխատանքը պետք է խարախուսվի, դրա համար իսկապես տեղ կա: Բայց հիմա արդյոք կառավարությունը կանգնել և ասում է՝ դե գյուղացի ջան, այսքան սրա պահանջարկ կա, այսքան սրա, գնա ոնց ուզում ես արա: Ո՛չ, իհարկե: Վերջին շրջանում կառավարությունը տասնյակ որոշումներ է կայացրել, որոնց նպատակն աշխատանքի քաջալերումն է: Մասնավորապես՝ այդ 70 հազար տոննա հավելյալ կաթի պահանջարկին մենք ինչպե՞ս ենք արձագանքում: Մենք գյուղական համայնքներում ստեղծել ենք փոքր և միջին անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր: Սա նշանակում է, որ մենք գյուղացուն ասում ենք, որ եթե դուք, օրինակ, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծեք 11 մլն դրամով անասնագոմ, մենք ձեր 11 մլն դրամի ծախսած 50 տոկոսը փողը կանխիկ ձեզ հետ ենք տալիս, սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն ենք հետ տալիս: 23-25 մլն դրամով արդեն մինչև 40 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ծրագիր ենք իրականացնու: Ընդ որում մենք ունենք մի ուրիշ ծրագիր՝ գյուղատնտեսական սուբսիդավորում վարկային ծրագիր: Գյուղացին կարող է այդ վարկը վերցնել և գոմը սարքել, և կառավարությունն իր վերցրած վարկի, փողի 50 տոկոսը կանխիկ կվերադարձնի, սահմանամերձ գյուղերում՝ 70 տոկոսը: Իհարկե, մենք վերին չափ ենք սահմանել՝ 35 մլն, որպեսզի չստացի, որ խոշոր բիզնեսին ենք ֆինանսավորում: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 35 մլն դրամով կարելի է 35 -40 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար անասնագոմ կառուցել:

Հաջորդը՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր ենք ներդնում, որն իրականացվելու է 6 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք և Վայոց ձոր: Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ: Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ: Ի՞նչ է ասում կառավարությունը: Կառավարությունը գյուղացուն ասում է՝ հարգելի գյուղացի, եթե դուք ապահովագրությունը գնեք, կառավարությունը ձեր ապահավագրության 50%-ը կսուբսիդավորի: Այսինքն՝ ինչ ապահովագրություն դուք գնեք, 50%-ի փողը կառավարությունն է տալիս:

Հաջորդ ծրագիրը՝ սերմնաբուծության ոլորտում: Քանի որ Հայաստանում միշտ սերմերի պորբլեմներ կան, մենք ասում ենք՝ հարգելի գյուղացիներ, գյուղացիական տնտեսություններ, եթե դուք բարձր որակի սերմ ստանաք և արդյունքում ստիպված լինեք այդ սերմը վաճառել ոչ թե որպես սերմ, այլ որպես սովորական հացահատիկ, ապա մենք գնի մնացած հատվածն ամբողջությամբ կփոխհատուցենք: Այսինքն՝ սերմն ավելի թանկ է, քան հացահատիկը: Ոչինչ, մենք հասկանում ենք, որ ռիսկ ունի գյուղացին և ասում ենք, որ եթե դուք փող ծախսեք, սերմ ստանաք և պարզվի, որ դա չեք կարողանում որպես սերմ վաճառել, այլ վաճառում եք որպես ապրանք, գնի մնացած հատվածը, որ դուք վնաս եք կրել, կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի: 

Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրով 2 տոկոսով վարկ ենք տալիս: Սա նրա համար է, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան տոհմային անասուներ գնեն, որոնք կաթնատվության ցուցանիշներով բարձր որակ են ապահովում: Մյուս կողմից մենք որպեսզի ապահովենք գյուղմթերքի նորմալ մթերումը, մենք սուբսիդավորված վարկերի ծրագիրը, որը նախկինում էլ եղել է մթերող ընկերություններին, մենք վարկ ենք տրամադրելու 3 տոկոսով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0 տոկոս տոկոսադրույքով:

Երկու շատ կարևոր ուրիշ ծրագիր՝ սարքեր սարքավորումների լիզինգի ծրագիր և գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիր. դարձյալ մինչև 2%, սարքերը 4%, սահմանամերձ համայնքներում՝ 0%:

Գյուղացիական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը. գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3%-ով, սահմանամերձ գյուղերին՝ 0%-ով, իսկ ընդհանուր առմամբ՝ 5%-ով: Սա այն ծրագրի մի մասն է, որի մասին ասում էի: Այսինքն՝ գյուղացին կարող է վերցնել այս վարկը և, այսպես ասած, խելացի անասնագոմ ստեղծի և մենք իր այդ վերցրած ծախսի 50%-ը, քիչ չի որ տոկոսը սուբսիդավորում ենք, 50%-ն էլ կանխիկ գումարով վերադարձնում ենք իրեն, որպեսզի նա այդ գումարով իր մնացած ծախսերը հոգալու հնարավորություն ունենա: Նույն ձևով՝ խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտեսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր. 2% վարկ, սահմանամերձ գյուղերում՝ 0%: Բայց մարդուն ասում ենք՝ հնարավոր է դուք չեք ուզում վարկ վերցնել, կարող է ուզում եք հարևանից պարտքով փող վերցնեք: Մենք ասում ենք՝ այդ փողը վերցրեք, մենք ձեր ծախսերի, ներդրված գումարի 40 տոկոսը դարձյալ կանխիկ վերադարձնում ենք ձեզ, սահմանամերձ գյուղերում՝ 50%-ը:

Եվ իհարկե, նույնը ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիր, որի դեպքում մենք էլի ունենք 2 տոկոսանոց, 3 տոկոսանոց, սահմանամերձ գյուղերում՝ 0 տոկոսանոց վարկեր, բայց այս դեպքում էլ մենք ասում ենք՝ դուք որևէ աղբյուրից ներդրում եք անում, մենք այդ գումարը դնում ենք աղբյուրի 16 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում՝ 18%-ը կանխիկ էլի վերադարձնում ենք ձեզ: Ես ինչո՞ւ այսքան մանրամասն անդրադարձա այս թեմային, որովհետև այս ընթացքում շատ է եղել քննարկում, որ պատասխանատվությունը գցում ենք, գյուղացուն ասում ենք՝ գնա, չարչարվի: Ոչ, մենք գյուղացուն չենք ասում՝ գնա, չարչարվի, մենք ասում ենք՝ մենք էլ ձեզ հետ չարչարվենք, միասին չարչարվենք: Բայց Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես աշխարհում չկա որևէ խնդիր, պրոբլեմ, որը հնարավոր է լուծել առանց աշխատանքի: Չկա այդպիսի պրոբլեմ: Մենք բոլորս՝ վարչապետից սկսած, պատգամավորներով, մարզպետներով, պետք է աշխատենք, որովհետև աշխատանքն է հարցեր լուծելու ճանապարհը: Մուխլյոժով հարցեր լուծելու ժամանակներն ավարտվել են ՀՀ-ում: Ես ուզում եմ՝ մենք սա լավ հասկանանք, որովհետև եթե որևէ մեկը գյուղացուն կամ ընդհանրապես քաղաքացուն ոչ թե աշխատանք է առաջարկում, այլ ուղղակի, այսպես ասած, լավություն է ուզում անել, դա արվում է հին քաղաքական համակարգը վերականգնելու նպատակով, երբ ամեն ինչը հիմնված է «ես քեզ, դու ինձ» առևտրի վրա: Եվ մենք կարծում ենք, որ այս աշխատանքի համակարգն է, որ ՀՀ քաղաքացուն իրոք դարձնելու է ինքնիշխան, ազատ, անկախ, որովհետև ինքը սրա-նրա ձեռքին նայելու կարիք չպիտի ունենա: Ինքը պիտի կարողանա ապրել, արարել, ստեղծագործել, և կառավարությունն ամեն ինչ անելու է՝ այս գործընթացը հնարավորինս արագ առաջ մղելու համար:

Քանի որ իմ ժամանակն ըստ էության ավարտվում է, և մենք խոսում ենք կառավարության ծրագրի կատարման մասին, ես ուզում եմ մի պահ տեղափոխվել տնտեսությունից դեպի քաղաքական գործընթաց:

Քննարկում ենք, թե կառավարությունն ինչպես է իրականացրել 2018-ի N 581-Ա որոշմամբ հաստատված և 2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության գործունեության ծրագրին: Ես ուզում եմ հիշեցնել այդ կառավարության գործունեության ծրագրի ամենակարևոր և առանցքային ձևակերպումը. կառավարության գործունեության առանցքային նպատակն է արձանագրել 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն: Ըստ էության, կառավարության քննարկվող ծրագրի էությունը եղել է սա, և ուզում եմ և պատիվ ունեմ արձանագրել, որ այս դրույթն իրացվել է լիարժեքորեն:

Գիտեք, ես չեմ էլ ուզում, անկեղծ ասած, շատ այդ կարգի շեշտադրումներ անել, բայց չեմ կարող չընդգծել, որ երբեմն Հայաստանի Հանրապետությունում չեն նկատում, որ, օրինակ, մեր երկրից ընդհանրապես դուրս է եկել և դուրս է մղվել ընտրություններ կեղծելու հասկացությունը: Չկա, ոչ ոք դրա մասին չի խոսում: Հնդկական առածի հետ կապված, որը վերջերս շատ եմ հիշում, որում ասվում է. այն ինչն է, որին չես նկատում, քանի դեռ նա չի հեռացել, ըստ այդ վարկածի՝ առողջությունն է: Հիմա այն ինչն է, որի մասին չես մտածում, նույնիսկ չես էլ տեսնում իր գոյությունը, քանի դեռ ինքը չի հեռացել: Դա ժողովրդավարությունն է, ազատ ընտրություններն են: Ոչ ոք չի նկատում, ոչ ոք չի ասում՝ այ ժողովուրդ, այս ինչ տեղի ունեցավ, որ մեր երկրում , եկեք, գնայինք, մի տարի առաջ քաղաքացուն ասեինք: Եվ մենք ասում էինք՝ քաղաքացի դուք որոշիչ ուժ եք, դուք ձեր մի քվեով կարող եք որոշել երկրի, քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, վարչապետերի, նախագահների ճակատագիր: Մի տարի առաջ դա քաղաքացուն ասեինք, ի՞նչ կասեր քաղաքացին: Բայց այսօր ոչ ոք նույնիսկ կասկածի տակ չի դնում, այս դիսկուրսը վերացել է Հայաստանի Հանրապետությունից, և այստեղ չկա ոչ մի տոկոս: Ազգային վիճակագրական ծառայության և որևէ վիճակագրական ծառայության տվյալներում դուք չեք գտնի տող՝ ժողովրդավարություն – աճել է ենթադրենք 79.8 տոկոսով, ընդ որում, ըստ ռեգիոնների: Ոչ ոք չի ասում՝ այդ ինչ հրաշք է տեղի ունեցել, որ երկրի գոյության 28 տարվա ընթացքում ՀՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, ու միջազգային դիտորդական առաքելությունն ոչ մի պրետենզիա չունի իշխանությանը, ընտրությունների արդյունքների մասով, և իր հայտարարության մեջ գրում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակի վստահությունը: Այդ ինչ հրաշք է տեղի ուենցել, որ այսօր աշխարհում բոլոր երկրները, առանց նույնիսկ որևէ վերապահման, ընդունում են, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունենում ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. սկսած 2018թ. մայիսից՝ նախկին խորհրդարանական մեծամասնության ենրկայացուցիչները թաշկինակներն առած, առավոտից իրիկուն լացեր էին դնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջանցքներում, որ վայ, մեզ այստեղ հետապնդում են, հալածում են, և նրանք համարում էին, որ այն մանիպուլյացիաները, որ իրենց հաջողվել է անել իրենց իշխանավարման տարիներին, որ ամենասուր հարցերը լղոզեն, ծռեն, դզեն, փչեն, իրենց հաջողվելու է հիմա էլ հակառակ պրոցեսն անել:

Եվ ուրախ եմ արձանագրել, հույս ունեմ, որ դուք տեսել եք դա՝ ընդամենը երկու օր առաջ հրապարակվեց ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությունը ՀՀ կատարած այցի նկատմամբ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են Հայաստան և առաջին անգամ է, որ զրո պրետենզիա Հայաստանի կառավարության նկատմամբ, զրո կասկած ՀՀ կառավարության մտադրությունների նկատմամբ, զրո կասկած Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների վեկտորի նկատմամբ, և սրանք բաներ են, որ չեն նկատվում, ինչպես՝ առողջությունը: Առողջ մարդը վեր չի կենում, ասում՝ ես առողջ եմ, ինչ լավ է, ես առողջ եմ: Ես սա չեմ ասում՝ որպես պրետենզիա, ես սա ասում եմ որպես հաջողություն, և ուզում եմ արձանագրել, որ սա մեր ամենակարևոր հաջողությունն է:

Հաջորդ ամենակարևոր հաջողություններից մեկը, որը գուցե թվային առումով գրանդիոզ թվերի մասին չէ խոսքը, 2018 թվականի ընթացքում Եվրամիությունից ապաստան խնդրող քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է: Սրանք բաներ են, որ չի նկատվում, չի ասվում, չի խոսվում, բայց բաներ են, որոնք վկայում են, որ ՀՀ-ում վերջին 10 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այն մասշտաբի փոփոխություններ, որ կներեք, 27 տարվա ընթացքում մեզ այդպես էլ չէր հաջողվում իրականացնել: Բայց սա ո՞ւմ շնորհիվ՝ ՀՀ քաղաքացիների շնորհիվ, բացառապես, որովհետև երկրում բովանդակային փոփոխություն չի կարող անել մի հոգին, 10 հոգին, նույնիսկ 100, 1000 հոգին: Երկրում այս մասշտաբի և այսպիսի խորությամբ փոփոխություններ կարող են իրականացնել միայն հարյուր հազարավորները, միայն միլիոնները: Եվ սա իրողություն է: Հա, մի փոքրիկ խմբով կարելի է ցանկացած նեգատիվ փոփոխություն իրականացնել՝ ուժով, ռեպրեսիայով, ամեն ինչով, բայց ես ուզում եմ արձանագրել, որ այդ փոփոխությունները, որ տեղի են ունեցել ՀՀ-ում, միլիոնավոր մարդկանց գործունեության արդյունք են, և այդ միլիոնավոր մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս