loader
Նիստին ներկա էր ավագանու 5 անդամ. հայտարարվեց ընդմիջում

Նիստին ներկա էր ավագանու 5 անդամ. հայտարարվեց ընդմիջում

Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստում ընտրում է քաղաքապետ: Նիստը վարում է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: Առաջադրված միակ թեկնածուն Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Կամո Արեյանը հայտարարեց, որ Երևանի  մասին օրենքի համաձայն՝ այսօրվա գումարված նիստն իրավազոր չէ, քանի որ օրենքով սահմանված կարգով նիստին ներկա չեն ավագանու անդամներից կեսից ավելին: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ, այդ թվում՝ «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները: Նիստը վարող Կամո Արեյանը հայտարարեց, որ քվորում չկա, և 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին սահմանված կարգով պետք է նոր քաղաքապետ ընտրի, սակայն ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ ավագանու արտահերթ ընտրություններին ո՛չ թեկնածու են առաջադրելու, և ո՛չ էլ մասնակցելու են նիստին։

Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանը պարտավոր է ունենալ քաղաքապետ, իսկ այս սցենարը նրա համար սպասելի էր:

«Մենք մասնակցում ենք բոլոր քաղաքական գործընթացներին: Մենք փոխելու ենք ամեն ինչ մեր երկրում և մեր քաղաքում: Քաղաքացիները պետք է գնահատեն, թե ինչպիսի քաղաքապետ են ուզում ունենալ: Հայաստանում այս պահին ամեն ինչ արտահերթ գործընթացների մեջ է: Յուրաքանչյուր որոշում արտահերթ գործընթացի մեջ պետք է գնահատել, քանի դեռ չենք ձևավորել օրինական իշխանություն: Մենք վիճարկում են ավագանու ընտրության կարգը, տեսանք, թե ընտրություններն ինչ կեղծիքով եղան: Այս պահին լուծարվող ավագանի է, մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ամեն ինչ կատարվի օրենքով և իրավական ընթացակարգերով: Քաղաքացիների խնդրանքն ու հորդորն է՝ ներկայացված լինել իմ միջոցով, այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»,- ասաց նա՝ նշելով, որ նիստում երևանցիների կամքն է քննարկվում:

Նշենք, որ եթե առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա ավագանին կցրվի: Երևանի մասին օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն չի բացառվում նաև, որ ոչ թե նոր քաղաքապետն ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի:

Համաձայն օրենքի՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

 Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ՀՀԿ-ական  Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս