loader
Նոր իրականության, համակարգի ու նոր պահանջների մեջ չտեղավորվող մարդիկ պետք է հրաժարական տան և տալիս են. սոցիոլոգ

Նոր իրականության, համակարգի ու նոր պահանջների մեջ չտեղավորվող մարդիկ պետք է հրաժարական տան և տալիս են. սոցիոլոգ

Ինչպես ասում են, դեռ աշխատասենյակի տեղը չճանաչած կառավարությունից աշխատանքից ազատման լուրերը վերջին օրերին իրար հերթ չեն տալիս: Այսօր երկու նման հրաժարականի մասին հայտարարություն եղավ: ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն է ազատվել աշխատանքից։ Ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնին է հրաժեշտ տվել գեներալ- մայոր Միքայել Արզումյանը: Երեկ էլ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմում գրելու տեղեկատվությունն էր ակտուալ: Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը Հայաստան 24-ի հետ զրույցում նախ ասաց, որ հանրության ամենաբաղձալի ցանկությունն է իրագործվել՝ նախորդ իշխանություններից ենք ձերբազատվել:

Իսկ անդրադառնալով վերջին ազատումներին, նշեց, որ մարդիկ են եկել պաշտոնների, ովքեր իրենց աշխարհահայցքով, գործելաոճով չափանիշներին չեն համապատասխանում և աշխատանքից ազատման դիմում են ներկայացնում:

«Մենք համակարգի փոխման պրոցեսում ենք: Միանգամից ենք այն փոխում, ինչը շատ դժվար է և վտանգավոր: Նոր իրականության, համակարգի ու նոր պահանջների մեջ չտեղավորվող մարդիկ պետք է հրաժարական տան և տալիս են: Նրանք այն գլխից չպետք է գային: Մարդկանց, որոնց նշանակել են, եթե մի քիչ հասուն լինեին, իրենք ամենասկզբից պետք է ասեին, որ այդ պաշտոնները չեն ուզում: Նրանք, բայց հասուն չեն, ինչը նաև կապված է տարիքի հետ: Հիմա հասկացել են, որ չեն կարողանում և դուրս են գալիս»,- ասաց նա:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության մասին՝ սոցիոլոգը նկատեց, որ վարչապետի թիմը թույլ է:

«Կա միայն մեկ Նիկոլ Փաշինյան: Նրա շուրջն իր համակիրներն են համախմբված: Որոշ ոլորտներ ինչ-որ մարդկանց է հանձնված, այդ մարդիկ կիքսեր են թույլ տալիս: Թիմի պրոբլեմ կա՝ երկրորդ, երրորդ էշելոնի պրոբլեմ կա: Առաջին դեմքերը քիչ թե շատ կան: Կան նաև նորմալ գործող նախարարներ, որոնք աշխատում են: Կան նաև այնպիսի նախարարներ, որոնք իրենց ոլորտից ոչինչ չեն հասկանում և կից հարցերով են զբաղված: Կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում, գալիս են, մի քիչ նստում են, հասկանում են, որ իրենց խելքի բանը չէ և դուրս են գալիս»,- նշեց նա:

Սոցիոլոգի համար ազատումները սպասելի էին: Ավելին, ըստ նրա, առաջիկայում էլ նման ազատումների կարող ենք ականատես լինել:

«Մարդիկ կան՝ չգիտեն՝ ուր են եկել և ինչի համար: Փոքր ժամանակ ինչի մասին երազել են՝ եկել են, նստել են նախարար և կարծում են, թե ինչ-որ բան կարող են փոփոխել, բայց դա այդպես չէ»,- մատնանշեց նա:

Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ Փաշինյանի թիմի երկրորդ-երրորդ էշելոնի մարդկանց թույլ տված սխալները դեռևս չեն ազդի վարչապետի վարկանիշի վրա:

«Ուրիշ բան է՝ հարց կառաջանա՞, թե ի վերջո, թիմդ ով է: Համակարգի մարդիկ պետք է բերել: Մարդիկ, ովքեր հասկանում են, թե համակարգն ինչպես է աշխատում և չունեն քաղաքական ամբիցիաներ: Ովքեր պատեհ-անպատեհ առիթներով Facebook-ում լայվ չեն անում: Ինչ-որ մի ոլորտի նախարար ես՝ ի՞նչ ժամանակ ունես լայվ անելու: Նորմալ է, որ լայվ են մտնում և ասում, որ բացահայտումներ են կատարել, կան նաև այնպիսիք, ովքեր եթեր եմ մտնում ուղղակի խոսալու համար»,- նկատեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս