loader
Նոր իշխանությունների քիմիոթերապիան

Նոր իշխանությունների քիմիոթերապիան

Սիրո և սաստիկ հանդուրժողականության հեղափոխությունից երկուսուկես ամիս անց շատերի համար անսպասելիորեն պարզվեց, որ արևմտյան ֆինանսական նավերն առայժմ չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները: Ռուսաստանն էլ առայժմ «նոր Հայաստանի» ուսումնասիրության փուլում է, իսկ երկրում մոլեգնող սիրո և համերաշխության արդյունքում բյուջե է մտել ընդամենը մոտ 40-45 մլն դոլար (մոտավորապես այնքան, որքան 8-9 օրվա կապիտալի անօրինական արտահոսքն է ):

Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Սոցկայքերը հեղեղած ինֆորմացիոն ֆաստֆուդը հագեցած է ավգյան ախոռները մաքրելու սրտակեղեք տեսարաններով ու լատինատառ լավատեսությամբ (էլ ի՞նչ ֆաստֆուդ առանց կետչուպ-մայոնեզի), բայց իրականում խորքային գործընթացները շատ ավելի լուրջ են: Տարիներ շարունակ ընդդիմադիր բոլոր ուժերը (այդ թվում՝ նաև այսօրվա իշխանությունները) հայտարարում էին, որ կոռուպցիան քաղցկեղի պես տարածվել է երկրով մեկ, և մետաստազները գրեթե բոլոր ոլորտներում են: Եվ, ցավոք, այդպես էլ կար:

Հիմա Հայաստանում տեղի է ունենում «քիմիոթերապիա», իսկ դրա էությունը, եթե շատ պարզունակ ներկայացնենք, հետևյալն է՝ քիմիական թույները ոչնչացնում են և՛ քաղցկեղի բջիջները, և՛ առողջ բջիջները: Հենց դա էլ տեղի է ունենում ներքաղաքական կյանքում: Ասենք՝ հեղափոխականները պայքարում են կաթողիկոսի դեմ (որովհետև հայ ժողովուրդն այս պահին հաստատ ավելի պատկառելի հոգևոր առաջնորդի է արժանի), բայց հընթացս կործանարար հարված է հասցվում Եկեղեցուն ընդհանրապես, կամ, ասենք, պայքար է տարվում բանակում առկա կոռուպցիոն սխեմաների դեմ, բայց «ձեռի հետ» էլ քարուքանդ է արվում ամեն ինչ՝ է՛լ երկրապահի ինստիտուտ, է՛լ ռազմահայրենասիրական դաստիարակություն, է՛լ ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակ...

Դա քիմիոթերապիայի էությունն է, այլ կերպ լինել չի կարող: Այնպես որ՝ նոր իշխանությունների շարքերում աղանդավորների, անհայրենիք ազատամիտների կամ մանկահասակ էքսցենտրիկների առատությունը թող որևէ մեկին չզարմացնի ու չզայրացնի. քիմիոթերապիան առանց թույնի չի լինում: Բայց արդյո՞ք դոզան չափազանց մեծ չէ, և արդյո՞ք կդիմանա Հայաստանի՝ առանց այն էլ հյուծված օրգանիզմը: Սա հռետորական հարց չէ, վտանգ իսկապես կա: Եվ բուժման հավանականությունն էլ, անկեղծ լինենք, 50-50 է: Նոր իշխանությունների միակ հույսը, երևի, «օրգանիզմի դիմադրողականությունն» է՝ ժողովուրդը մի կերպ կդիմանա ֆինանսական դժվարություններին ու ներդրումների բացակայությանը, «քարից հաց քամելով»՝ կամաց-կամաց կհարմարվի ու կզարգանա (այն տրամաբանությամբ, որ ինչը մեզ չի սպանում՝ ուժեղացնում է), արտաքին աշխարհն էլ, երևի, թույլ չի տա, որ «բացարձակ ժողովրդավարության» նկատմամբ ագրեսիա իրականացվի:

Համաձայնվեք՝ որպես «ռազմավարական զարգացման երկարաժամկետ ծրագիր» վատ չի հնչում: Եթե ստացվեց, լավ կլինի, եթե չստացվեց, դե հիմա... այ քեզ բան... Իսկ նախկին իշխանությունները նորերի գործունեության «թույն» դրսևորումների ու ձախողումների վրա չարախնդալու իրավունք ընդհանրապես չունեն: Որովհետև եթե անգամ նորերն իրենց պահում են թույնի պես, պատճառն այն է, որ հներն իրենց դրսևորել են որպես չարորակ գոյացություններ: Իսկ բժշկության պատմությանը հայտնի չէ գոնե մի դեպք, որ քաղցկեղի բջիջները չարախնդան քիմիոթերապիայի բացասական հետևանքների վրա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս