loader
Ընտրություններ կլինեն

Ընտրություններ կլինեն

Հանրապետության 5 համայնքում արտահերթ ընտրություն կկայանա: Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում չզեկուցվող ընթացակարգով որոշում կայացրեց հոկտեմբերի 21-ին Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան Հայթաղ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնել: 4 համայնքում գյուղապետ կընտրեն, իսկ 1-ում՝ ավագանի:

 

Նշենք, որ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Նա օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Օրեր անց՝ օգոստոսի 20-ին, հրաժարականի դիմում է նաև ներկայացրել Սարահարթի ղեկավար Վասիլ Փիլոյանը:

 

Հայթաղի գյուղապետ Սամվել Վարդաբյանն օգոստոսի 10-ին առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դեռ չէր բոլորել նրա պաշտոնավորման 2 տարին:

 

Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը 2018 թվականի օգոստոսի 9-ին մահացել է: Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում հոկտեմբերի 21-ին առաջարկվում է ավագանու արտահերթ ընտրություն անցկացնել:

 

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու թվով 3 անդամները ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանն առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված 2018 թվականի հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել:

 

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանին կազմել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու արձանագրություն: Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Մեծաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: Հուլիսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մեծաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս