loader
Ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու, դա իմ պրինցիպն է. Հայկ Մարության

Ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու, դա իմ պրինցիպն է. Հայկ Մարության

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պատրաստ է բանավեճի գնալ, բայց ոչ առանձին թեկնածուների հետ: Նա ասաց, որ բանավեճի գնալու ժամանակ նախապատվությունը չի տալու որևէ մեկին:

«Մենք 12 թեկնածու ենք, ես ունեմ 11 մրցակից, ես մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11-ի հետ: Բա ինչո՞ւ ես պետք է մեկին նախապատվություն տամ, դա ճիշտ չի լինի նաև մյուս թեկնածուների նկատմամբ: Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու, դա իմ պրինցիպն է» ,- այսպես «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ բանավեճի հրավիրմանն արձագանքեց «Իմ քայլ»-ի թեկնածուն:

Իսկ Նաիրա Զոհրաբյանն ասել էր՝ «Իմ քայլի» թեկնածուին ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Փաշինյանի:

Մարությանը բոլոր թեկնածուներին հրավիրեց միասին բանավեճ կազմակերպել՝ հավաքվեն և զրուցեն:

«Բանավիճենք բոլորս միասին, որովհետև ինձ համար բոլորը հավասար են, և ես չեմ ուզում որևէ մեկին նախապատվություն տալ, դա խտրականություն կլինի»,- նշեց նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներն ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում: Մարությանն ասաց, որ չի հետաքրքրվել, թե իրենց թիմում ով ում բարեկամն է, իրենց համար առաջնայինը մարդկանց գաղափարներն են: Իսկ հայտարարությունը լսելուց հետո Հայկ Մարությանը հանձնարարել է պարզել, թե խնդիրն ինչում է կայանում:

«Միքայել Մինասյանի քեռու տղայի անունը Միքայել Հասրաթյան է: Մենք ցուցակում ունենք նման անունով մարդ, բայց նա լրիվ ուրիշ մարդ է: Ասացին՝ Զորի Բալայանի բարեկամն էլ է մեր ցուցակում: Զորի Բալայանի տղան ասաց, որ նման բան չկա: Մենք մարդկանց մեր թիմ ընդունում ենք իրենց տեսլականի, մոտեցումների համար, արյունակցական կապերով չենք հետաքրքրվում»,- ներկայացրեց նա:

Իսկ քարոզարշավի ընթացքից «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գոհ է: Թեկնածուին հատկապես գոհացնում է այն հանգամանքը, որ Երևանի բնակիչների մոտ մեծ հույսեր են արթնացել, մարդիկ փոփոխությունների են սպասում:

«Եթե մարդիկ իրենց քվեն տան մեր ուժին, սա ավելի կպարտավորեցնի, որ մենք պետք է ամեն օր, ամեն րոպե զբաղվենք Երևանի պրոբլեմներով, լուծենք բոլոր խնդիրները, որ մեր Երևանը դարձնենք մեր երազանքների քաղաքը»,- ասաց Մարությանը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս