loader
Որպես վկա՝ պարոն Օհանյանը պետք է ցուցմունք տա. Դավիթ Բաբայան

Որպես վկա՝ պարոն Օհանյանը պետք է ցուցմունք տա. Դավիթ Բաբայան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումներին, նշել է, որ բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և համապատասխան ուղղություններով այդ օգնությունների բաշխումը կատարվել է: Օհանյանն ասել է, որ դա պետք է ճշտել Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Արցախի համար ՊՆ նախկին ղեկավարի այս հայտարարությունն անհասկանալի է:

«Մեզ մոտ կար այդպիսի կառույց, որը օգնությունը հավաքում էր և հրապարակում այդ մասին: Ես ինչքան գիտեմ, մենք միջնորդների միջոցով չենք աշխատել՝ նույնիսկ անհատ մարդիկ գալիս էին և օգնություն ցուցաբերում: Չի եղել միջնորդված օգնություն ԵԿՄ-ի կամ այլ կառույցի միջոցով: Եթե այդպիսի հայտարարություն կա, կարծում եմ, որ որպես վկա՝ պարոն Օհանյանը պետք է ցուցմունք տա: Ամեն ինչ պետք է դատարանով լինի, թող գնա դատարան, հայտարարություն տա, դատարանից գան համապատասխան հարցումները, և բոլորի պատասխանները կտրվեն: Երկրապահները եկել են Արցախ, մասնակցել են քառօրյային, բայց օգնությունը ԵԿՄ-ի միջոցով տեղ չհասցնելը և Արցախի ներգրավվածությունն այստեղ, կարծում եմ՝ դատարանի խնդիր է, թող գնա և որպես վկա՝ ցուցմունքները տա»,- Հայաստան 24-ի հետ զրույցում պարզաբանեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ այլևա անցել են այն ժամանակները, երբ այս կամ այն խնդրի մասին միայն հայտարարություններ են հնչում:

«Թող այդ ամենը բացահայտվի օրենքով, հայտարարություններ չհնչեն: Թող այդ հարցը հանրության համար էլ բացահայտվի: Մեկը գողություն է արել, թող պատասխան տա օրենքի առջև: Պետք է ամեն ինչ փաստարկված լինի, և յուրաքանչյուր մեղադրանքի համար պետք է պատասխանատվություն կրեն և՛ այն մարդիկ, ովքեր ասում են, և՛ օրենքը խախտողները»,- նշեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս