loader
Ո՞վ է ամենակոռումպացվածը. Ռետրո

Ո՞վ է ամենակոռումպացվածը. Ռետրո

Երկու շաբաթ առաջ Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական վիճակի մասին մի զեկույց էր ուղարկել ՀՀ կառավարությանը, որտեղ մեր տնտեսական աճը նկարագրում էր որպես «Կովկասյան վագրի մռնչյուն»: Բայց մեր իշխանությունները, չգիտես ինչու, գրեթե լռության մատնեցին այս գնահատականը և առանձնապես չգովազդեցին: Մինչդեռ կարող էին բազմաթիվ գովազդային հոլովակներ պատրաստել, թե տեսեք` ոչ միայն Վարդան Օսկանյանն է Հայաստանը համեմատում Կովկասյան վագրի հետ, այլև Համաշխարհային բանկը: Հետաքրքիր է, ո՞րն էր մեր իշխանությունների այսօրինակ համեստության պատճառը: 

Բանն այն է, որ այդ զեկույցում գրեթե բաց տեքստով նշվում էր, որ Հայաստանի տնտեսական աճի ռեսուրսները սպառված են: Պարզ ասած, Հայաստանի տնտեսությունը զարգացել է այնքան, որքան հնարավորություն ունի զարգանալ շրջափակման մեջ գտնվող և կոռումպացված իշխանություններ ունեցող պետությունը: Վերջ, այլևս զարգանալու տեղ չկա: Ասվածը կարելի է հեշտությամբ ապացուցել օրինակներով: Ասենք, որևէ չինովնիկ Երևանի կենտրոնում էլիտար շենքեր է կառուցում: Դա, իհարկե, որոշ չափով աշխուժացնում է շուկան, նոր աշխատատեղեր է ստեղծում և այլն: Բայց այդ ռեսուրսը սպառված է: Այլևս ոչ էլիտար շենքերի տարածքներ կան, ոչ էլ պոտենցիալ գնորդներ: Սննդի արդյունաբերությունը չի զարգանում, որովհետև ՀՀ բնակչության թիվը չի աճում (այսինքն` սպառումը չի ավելանում), իսկ արտահանումը գրեթե անհնար է` Հայաստանը չորս հարևաններից երեքի հետ ունի ոչ թե սահման, այլ ճակատ: Գյուղատնտեսությունը չի զարգանում, որովհետև ե՛ւ սպառումն է նվազում, ե՛ւ աշխատուժը: 

Բայց, ինչպես նշվում է Համաշխարհային բանկի վերոհիշյալ զեկույցում, Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծագույն չարիքը շարունակում է մնալ կոռուպցիան, որի որոշ դրսևորումներ հասնում են ընդհուպ մինչև իշխանության բարձրագույն մակարդակներ»: Իհարկե, «իշխանության բարձրագույն մակարդակներ» ասելով` Համաշխարհային բանկն առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանին նկատի ունի: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինեինք ՀԲ-ից պատիվ պահանջել մեր նախագահին վիրավորելու համար, որովհետև եթե վերջինս ակնարկեր, թե մեր նախարարները կոռումպացված են, իսկ նախագահն այդ մասին չգիտի, դա կնշանակեր պարզապես «հիմար» անվանել մեր նախագահին: 

Սա, իհարկե, չի նշանակում, թե ՀԲ-ն կամ Միջազգային արժութային հիմնադրամը Հայաստանի ամենակոռումպացված ոլորտների անունները չեն նշում: Միջազգային այս կազմակերպություններն, օրինակ, նշում են, որ իրենց համար գրեթե անհնար է Մաքսային պետական կոմիտեի հետ աշխատելը: Փաստորեն, Հայաստանում Մաքսային պետական կոմիտեն փակ հիմնարկ է` պարուրված գաղտնիության անթափանց շղարշով: Ընդ որում, ամեն անգամ, երբ ՀԲ-ն կամ ՄԱՀ-ը Քոչարյանին գանգատվում են, թե անհնար է աշխատել այդ կազմակերպության հետ, Քոչարյանը խորհուրդ է տալիս չխառնվել մաքսայինի գործերին: 

Իսկ ինչո՞ւ է Քոչարյանն աչքի լույսի պես պահում հատկապես մաքսայինը: Պատասխանը շատ պարզ է: Բանն այն է, որ Հայաստանում այսօր ծաղկող կլանային համակարգը հիմնված է առաջին հերթին մաքսային կոմիտեի վրա: Բավական է այդ կազմակերպությունը մի քանի ամիս նորմալ աշխատի (այսինքն` առաջնորդվի օրենքներով), և վերջ. Քոչարյանին կից օլիգարխների ու մոնոպոլիստների վրա հիմնված տնտեսական համակարգը կփլուզվի: Այսինքն, մաքսայինին պաշտպանելով, Քոչարյանն իր կլանի տնտեսական հիմքերն է պաշտպանում: Դրանից, իհարկե, առաջին հերթին Հայաստանն է տուժում, բայց Քոչարյանին, բնականաբար, դա չի հետաքրքրում: 

Իսկ այդ ընթացքում մաքսայինը ձևացնում է, թե շատ ակտիվ աշխատում է: Այ, մի քանի օր առաջ Մոսկվա-Երևան ինքնաթիռում ամբողջ 600 զույգ կանացի մաքսանենգ զուգագուլպաներ էին հայտնաբերել, իսկ Թբիլիսի-Երևան գնացքում` մի քանի հատ մաքսանենգ ձկներ: Ինչպիսի~ հայրենանվեր աշխատանք:

«Չորրորդ իշխանություն», Հոկտեմբերի 25, 2005 թ.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս